Մարդիկ վիրավորվում են նախևառաջ իշխանություններից, մի քիչ նեղանում են նաև ընդդիմությունից. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ես հաճախ եմ քայլում Երեւանի փողոցներով եւ առնվազն օրը մեկ անգամ մետրո եմ մտնում: Տեսնում եմ մարդկային բազմաթիվ դեմքեր` ուրախ, տխուր, անտարբեր, կենտրոնացած եւ այլն: Բայց դրանք բոլորը նորմալ մարդկանց դեմքեր են: 4-5 տարին մեկ, ինչպես նաեւ այս անգամ` «արտահերթ», ես գործընկերներիս նկարած կադրերում տեսնում եմ թաղային խուժանի դեմքեր` այն խուժանի, որին արդեն 20 տարի իշխանությունն օգտագործում է` «ընտրություններ» եւ «հանրաքվե» կոչվող միջոցառումների ժամանակ: Այլ պարագայում ես այդ «կոնտինգենտին» չեմ հանդիպում` հավանաբար, նրանք ոտքով չեն քայլում եւ մետրոյով չեն երթեւեկում: Այդ՝ «թաղում հարց լուծող տղերքի» հիմնական գործառույթն է ահաբեկել այն մարդկանց, որոնք եկել են տեղամասեր՝ ընտրությունների օրինական ընթացքին հետեւելու համար: Երբ վերջիններս, որոնք, որպես կանոն, լավ ընտանիքներից, դաստիարակված եւ որոշ գաղափարների հավատացող երիտասարդներ են, փորձում են կանխել որեւէ ապօրինություն (լցոնում, հավելագրում եւ այլն), այդ «քյարթուները» սկսում են սպառնալիքներ տեղալ, հրմշտել, ծեծել:

Բնականաբար, այդ ամենը նրանք անում են տեղամասային հանձնաժողովի նախագահի եւ ոստիկանության հետ համագործակցելով: Այդ ամենն, իհարկե, վիրավորական է: Եվ մարդիկ ամեն մի ընտրությունից ու հանրաքվեից հետո, սկսած 1995 թվականից, իրենց վիրավորված են զգում (չգիտեմ, արդյոք ճի՞շտ բառ եմ օգտագործում):

Մարդիկ վիրավորվում են նախեւառաջ իշխանություններից, եւ դա բնական է: Ինչ-որ չափով ընդունելի է, որ մարդիկ մի քիչ նեղանում են նաեւ ընդդիմությունից, որի ծրագրերը հաճախ մշուշոտ են: Բայց բացարձակապես անընդունելի է, երբ մարդիկ նեղանում են ժողովրդից: «Է՞ս չի քո ժողովուրդը»,- արհամարհանքով հարցնում են նրանք՝ ցույց տալով վերը նկարագրված «զոմբիներին»: Ոչ, վստահաբար, «էս չի»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս