
«Հարված կրծքին». Դավութօղլուն մեկնաբանել է Ռուսաստանի գործողությունները

Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու փոխարեն Մոսկվան պետք է բացի դիվանագիտական խողովակները՝ ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Ինչպես հայտնում է Trend-ը, այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Բաքվի ADA համալսարանում:
«Մենք չենք խոցել ռուսական ինքնաթիռը Սիրիայի տարածքում: Ինքնաթիռը խոցվել է բացառապես Թուրքիայի տարածքում: Բացի այդ՝ այդ ինքնաթիռի վրա չեն եղել ճանաչողական նշաններ»,- ասել է Դավութօղլուն:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի մեղադրանքները, թե Թուրքիան իրեն «թիկունքից հարված» է հասցրել, անհիմն են:
Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան կարող է պնդել, թե Ռուսաստանը, խախտելով իր օդային տիրույթը, Անկարային է «կրծքին հարված» հասցրել:
Նրա խոսքով՝ Թուրքիան միշտ մեծ նշանակություն է տվել Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններին, ու երկու երկրների ժողովուրդների միջև չի եղել ու չկա որևէ խնդիր:
Նա դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով լուծել առկա ճգնաժամը դիվանագիտական եղանակով: