Ի՞նչ կլինի դոլարի հետ

Վերջին շաբաթն այնքան էլ հաջող չէր հայկական դրամի համար։ Այն մտել է արժեզրկման փուլ, որը երեկվա դրությամբ` դեռ շարունակվում էր։

Այսպես, «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը երեկ աճել է 0,47%-ով կամ 2,3 դրամով և կազմել 485 դրամ։ ՀՀ առևտրային բանկերը երեկ օրվա վերջում 1 ԱՄՆ դոլարը գնում էին միջինը` 482,5, և վաճառում` 486,5 դրամով։ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված դոլարի պաշտոնական փոխարժեքը երեկ 483,71 դրամ էր (0,78 դրամով բարձր, քան դեկտեմբերի 1-ին)։

Դոլարն ավելի թանկ արժեցել է այս տարվա սեպտեմբերի կեսերին։ Դրանից հետո ամերիկյան արժույթը սկսեց թուլանալ դրամի նկատմամբ և հոկտեմբերի 29-ին հասավ իր նվազագույն մակարդակին` 469,79 դրամ։ Այնուհետև կրկին սկսվեց հակառակ պրոցեսը, որը տևեց մինչև նոյեմբերի 11-ը` դոլարի պաշտոնական փոխարժեքն այդ օրը 482,65 դրամ էր։ Դոլարի վերելքի վերջին փուլը, որը երեկվա դրությամբ դեռ շարունակվում էր, սկիզբ առավ նոյեմբերի 25-ից։ Վերջին 1 շաբաթվա ընթացքում ամերիկյան դոլարի պաշտոնական փոխարժեքն աճել է շուրջ 3 դրամով։ Սա կտրուկ տատանում անվանել չի կարելի, սակայն աննշան էլ չէ։

Բնական է, որ փոխարժեքի այս դինամիկան մեր քաղաքացիների մի մասի մոտ տխուր հիշողություններ է առաջացնում։ Մեկ տարին այնքան էլ երկար ժամանակ չէ` շոկը մոռանալու համար, և, թերևս, բոլորն են հիշում` ինչ էր կատարվում բանկերում և փոխանակման կետերում մեկ տարի առաջ։ Ամեն դեպքում հակիրճ հիշեցնենք նախորդ տարեվերջի ժամանակագրությունը։

2014 թվականի հոկտեմբերի վերջից դրամը սկսեց թուլանալ։ Ոչ կտրուկ, սակայն կայուն կերպով։ 3 շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը 408-409 դրամից հասավ 415 դրամի։ Ընդ որում, այդ ժամանակահատվածում ԿԲ-ն խոշոր ինտերվենցիաներ էր կատարում և դոլար էր լցնում շուկա։

Հետո մի գեղեցիկ օր` 2014 թվականի նոյեմբերի 24-ին, դրամն արժեզրկվեց դոլարի նկատմամբ միանգամից 17 դրամով` հասնելով 435 դրամի։ Կենտրոնական բանկը դա համարեց «փոխարժեքի ճշգրտում» և պայմանավորեց տարեվերջյան ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով և Ռուսաստանից Հայաստան եկող դրամական փոխանցումների կրճատմամբ։ ԿԲ-ն հավաստիացնում էր, որ դա կայունացման տիրույթում է, և իրենք ունեն բավարար ռեսուրսներ` կտրուկ տատանումներ թույլ չտալու համար։ Ավելին, ԿԲ-ն հայտարարում էր, որ այդ ճշգրտումն օգտակար է տնտեսությանը և, մասնավորապես, արտահանողներին։

Մի կարճ ժամանակ կտրուկ տատանումներ չեղան, իսկ հետո սկսվեց… Դեկտեմբերի 2-ից դրամը մտավ արժեզրկման երկրորդ փուլ` մեկ շաբաթում դոլարի գինը հասավ 450 դրամի։ Իսկ դեկտեմբերի 15-ից սկսվեց դրամի փլուզման ու խուճապի փուլը։ Իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ. դեկտեմբերի 15-ին դոլարն արժեր` 470, դեկտեմբերի 17-ին բանկերը դոլար վաճառում էին 560-570 դրամով (փոխանակման որոշ կետեր` 600-620 դրամով), այն էլ` սահմանափակ քանակությամբ։ Դեկտեմբերի 17-ին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ դրամը գերարժեզրկված է և անպայման կարժևորվի։ Նաև նշեց, որ այս կտրուկ տատանումն ու խուճապը սպեկուլյացիաների հետևանք են, և խոստացավ, որ պղտոր ջրում ձուկ որսացողները կպատժվեն։

Միաժամանակ, ԿԲ-ն գնաց աննախադեպ կոշտ քայլի` բանկերի կողմից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը 12%-ից հասցրեց 24%-ի (հետագայում այդ նորմատիվն իջեցվեց մինչև 20%)։

Թե՛ այս քայլը, թե՛ հայտարարությունը դեր խաղացին, և արդեն նույն օրը երեկոյան խուճապը հաղթահարվեց։ Փոխանակման կետերում դոլարը թուլացավ, իսկ դեկտեմբերի 18-ի առավոտյան բանկերում դոլարը վաճառվում էր առանց սահմանափակումների և նախորդ օրվանից 40 դրամով ցածր գնով։ Արդեն դեկտեմբերի 20-ին դոլարի առքի գինը տատանվում էր 440-450 դրամի սահմաններում, վաճառքի գինը` 455-460 դրամի սահմաններում։ Ճիշտ է` տարվա վերջին 10 օրերի ընթացքում դրամը շարունակեց սահուն արժեզրկվել, և դեկտեմբերի 30-ին 474.97 դրամ էր, սակայն վիճակն այլևս անկառավարելի չէր։

Այդ մեկ ամիսն իսկական մղձավանջ դարձավ մեր քաղաքացիների համար։ Վարկավորումը սառեցվել էր, մարդիկ չէին կարողանում գործարքներ կատարել, գումար փոխանցել արտերկիր։ Ավելին, կային մարդիկ, ովքեր 600 դրամով դոլար էին գնել` սպասելով, որ այն ավելի կթանկանա… Կարծում ենք` հարկ չկա ավելի մանրամասն հիշեցնել, թե ինչ էր կատարվում այդ օրերին։

Ու հիմա բնական է, որ մեր համաքաղաքացիներին առաջին հերթին` մտահոգում է հետևյալ հարցը` կկրկնվի՞ արդյոք նախորդ տարվա վիճակը։ Ամենայն հավանականությամբ` ոչ։

Այո, այսօր էլ տեսակետներ կան, որ դրամը գերարժևորված է։ Կարծիքներ են հնչում, որ այսօր դոլար-դրամ փոխարժեքը պետք է լիներ 600 դրամի սահմաններում (ռուսական ռուբլու արժեզրկմանը համահունչ), որպեսզի տնտեսությունն ու արտահանողները կարողանային «շնչել»։ Բացի այդ` այս տարվա ընթացքում տրանսֆերտները կրճատվել են արդեն ավելի քան 400 մլն դոլարով։ Նվազել են նաև ներդրումները։ Այսինքն` երկիր մտնող արտարժույթը նվազել է։

Սակայն կան նաև այլ գործոններ։ Նախ` արտարժույթով ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվը դեռ 20% է։ Այսինքն` ԿԲ-ն դեռ չի թուլացրել սանձերը։ Հիշեցնենք, որ սա այն հիմնական գործիքներից մեկն էր, որը ստիպեց բանկերին դոլար վաճառել և կայունացրեց փոխարժեքը նախորդ տարվա դեկտեմբերին։ Բացի այդ, ընթացիկ ժամանակահատվածում էապես կրճատվել է ներմուծումը։ ՀՀ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը նվազել է շուրջ 1 մլրդ դոլարով։ Սա նշանակում է, որ արտաքին առևտրի միջոցով մենք այս տարի 1 մլրդ դոլարով քիչ արտարժույթ ենք «դուրս հանել», քան նախորդ տարի։ Հիշեցնենք նաև, որ ռուսական ռուբլին 1 տարի առաջ այս օրերին փլուզվում էր։ Այսօր նման շոկային տատանումներ չկան։

Եվս մեկ կարևոր հանգամանք։ ՀՀ Կենտրոնական բանկը նախևառաջ ձգտում է կատարել իր թիվ 1 խնդիրը` ապահովել գների կայունությունը։ Դրամի կտրուկ արժեզրկումն անկասկած կհանգեցնի գների աճի` ներմուծվող ապրանքների հաշվին։ Իսկ այսօր, առանց այն էլ դժվարին վիճակում գտնվող բնակչությունը դա, մեղմ ասած, չի ողջունի։ Այսինքն, իշխանությունները դժվար թե թույլ տան, որ դժգոհության լրացուցիչ պատճառ սկիզբ առնի։

Իսկ ամենակարևոր գործոնը, թերևս, հոգեբանականն է։
Մեկ տարի առաջ, երբ իրավիճակը կայունացավ, ԿԲ-ին հաջողվեց արմատավորել այն միտքը, որ դրամի կտրուկ անկումը սպեկուլյացիոն խաղերի արդյունք էր։ Այսինքն` որոշ մարդիկ ձեռքերը տաքացրին` խուճապ հրահրելով և փոխարժեքի հետ խաղեր տալով։ Պաշտոնապես անուններ չնշվեցին, սակայն բնակչության մեջ սկսեցին շրջանառվել մի քանի խոշոր օլիգարխների անուններ, որոնք այդ խուճապից բավականին մեծ օգուտով դուրս եկան։ Դա հանգեցրեց մի վիճակի, որ, երբ ՀՀ քաղաքացուն ինչ-որ մեկն ասի` «դրամը փլուզվելու է, դոլար կամ եվրո գնիր», նա մի պահ կմտածի` իսկ միգուցե սա մանիպուլյացիա է, և իմ ու իմ նմանների միջոցով ոմանք ցանկանում են կրկին ինչ-որ բաներ անել։ Չէ՞ որ, եթե մեծ թվով մարդիկ հավատան «դրամը փլուզվելու է» տիպի խորհուրդներին և քայլեր ձեռնարկեն ըստ այդմ` դրամն իսկապես կփլուզվի։

Կարճ ասած, ՀՀ քաղաքացիներն այս առումով նույնպես փորձ ձեռք բերեցին և դարձան ավելի զգուշավոր։ Սակայն մարդկային հոգեբանությունն անկանխատեսելի է, և դժվար է ասել` վերջիվերջո քանի՞սը կենթարկվեն մանիպուլյացիայի։

Ամեն դեպքում` ցանկանում ենք վերստին հիշեցնել մեր հայրենակիցներին` փոխարժեք կանխատեսելն անշնորհակալ գործ է։ Միշտ կասկածով վերաբերվեք բոլոր նման կանխատեսումներին։ Ընդ որում, կանխատեսումն անողը որքան վստահ է խոսում և որքան ճշգրիտ փոխարժեք է նշում, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ նա ինչ-որ խնդիր է փորձում լուծել` ձեր միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս