
Թուրքական ռազմական ինքնաթիռը «Սու-24»-ի զոհված օդաչուի մարմինը տեղափոխել է Անկարա

Թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ռմբակոծիչ ինքնաթիռի հրամանատար, փոխգնդապետ Օլեգ Պեշկովի մարմինը Թուրքիայի հարավային Խաթայ նահանգից տեղափոխվել է Անկարա, հայտնում է NTV-ն:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժ. 2.45-ին, Սիրիայից թուրքական իշխանություններին են հանձնել զոհված ռուս օդաչուի մարմինը: Դավութօղլուն հավելել էր, որ մարմինը կհանձնվի ռուսական կողմին:
Ինչպես RIA Novosti-ին հայտնել են Անկարայում ՌԴ դեսպանությունից, թռիչքի ժամանակ օդաչուի մարմինն ուղեկցել է դեսպանության ռազմական կցորդը, Անկարայում դիմավորել են դեսպանն ու դեսպանության ներկայացուցիչները: Ներկայում ճշտվում է Ռուսաստան օդաչուի մարմնի տեղափոխման օրն ու ժամը:
Հիշեցնենք, որ ռուսական ինքնաթիռը կործանվել է Սիրիայում երեքշաբթի թուրքական F-16 կործանիչի կողմից: