«Բաղրամյանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդներն էլ էին ԱԱԾ-ի կողմից վտանգավոր տարր ներկայացվում»

«Զինված խմբավորման բացահայտումը յուրահատուկ իրավիճակ է ստեղծում մարդկանց հոգեկան աշխարհում՝ անվստահության և տագնապի մթնոլորտ, որ կարող է բացասական ազդել մարդկանց վրա, խուճապի մատնել, և նրանք կարող են գնալ դեպի «ոչ»-ին, որովհետև ներկա իշխանությունները կարծես ի վիճակի չեն ապահովել անվտանգություն: Բայց մյուս կողմից էլ՝ կարող են վախի պատճառով «այո» ասել»,- այսօրվա ասուլիսին անդրադառնալով օրերս ԱԱԾ աշխատակիցների կողմից «հանցավոր խմբի» վնասազերծմանը` ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ իշխանությունները դրանով ցույց տվեցին, թե կարող են անվտանգություն ապահովել, հանցագործություն կանխել. «Եթե իսկապես այդ վտանգը կար, ապա դա շատ վատ է։ Իսկ եթե դա շոու էր, ապա հանրությունն իր սովորական վարքով արձագանքեց դրան: Բաղրամյանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդներն էլ էին ԱԱԾ-ի կողմից վտանգավոր տարր ներկայացվում ու ընկալվում, այնպես որ, մեր հանրությունն ունի ստեղծված իրավիճակին ադեկվատ վերաբերմունք:

Մարդիկ չեն հավատում, որ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն ճիշտ հասցեով են գնացել, նրանք մտածում են, որ դա բեմադրվել էր հասարակության աչքին թոզ փչելու համար, ինչ-որ խնդիր այսպես կամ այնպես ներկայացնելու համար: Հասարակության վարքը մշակվում է այս երևույթների ընթացքում, ու սա լրացուցիչ գալիս է ասելու, որ մեր իշխանություններն իրենց հասարակության կողմից ընկալվում են ճիշտ այնպես, ինչպես իրենք վերաբերվում են հասարակությանը»:

Տեսանյութեր

Լրահոս