Բաժիններ՝

«Հայաստանում աղքատությունն ավելացել է. ոչ պաշտոնական տվյալներով՝ գյուղական քաղաքներում այն 64 տոկոսի է հասնում». Գագիկ Մակարյան

2015 թվականին Հայաստանի տնտեսության մեջ կային և՛ դրական միտումներ, և՛ բացասական: Այս կարծիքին է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ նրա՝ 2015 թվականը շատ բուռն տարի եղավ, և դա պայմանավորված էր մի քանի ֆորսմաժորային իրավիճակներով.

«Մաքսային միության երկրներից մեկի՝ Ռուսաստանի տնտեսական վատ իրավիճակով: Միաժամանակ՝ վերադասավորումները, որոնք տեղի են ունենում Հայաստանի ներքին շուկայում արված տարբեր ռեֆորմներով, նույնպես իրենց ազդեցությունն ունեցան: Երրորդը, որ բավականին շատ վերադասավորումներ եղան փոքր բիզնեսի մեջ: Աշխատուժի միգրացիան նույնպես կարևոր է: Կարևոր է նաև այն, թե տարածաշրջանային երկրների քաղաքական, տնտեսական դասավորությունների մեջ Հայաստանի ապագա ռազմավարություններն ինչպիսի ուղղություններ կունենան»,- նշեց բանախոսը:

Գ. Մակարյանի գնահատմամբ՝ ներկայումս Հայաստանում փոքր բիզնեսը բավական վատ վիճակում է գտնվում. «Փոքր բիզնեսի փակվելը մի քանի լուրջ խնդիրներ է պարունակում, որոնք չեն լուծվում: Դրանք դարձյալ մնում են անհավասար մրցակցությունում, ընդ որում՝ այդ անհավասար մրցակցությունը շատ թաքնված բնույթ է կրում, որից էլ օգտվում են որոշակի ոլորտային պատասխանատուներ, որպեսզի ասեն, որ ՓՄՁ-ների փակվելու հիմնական խնդիրները գուցե պայմանավորված են իրենց վատ մենեջմենթով կամ վճարունակության ցածր մակարդակով, և այլն: Եթե նկատել եք, միշտ խոսվում է, որ ավելի շատ բացվում են ՓՄՁ-ներ, քան փակվում: Այսինքն՝ ոչ ոք չի հետևում, թե այդ ստեղծվողները, որոնք ներդրումներ են կատարել, ե՞րբ են փակվել ու արդյոք հասցրե՞լ են իրենց դրած գումարները վերադարձնել, թե՞ հակառակը՝ աղքատացել են»:

Բանախոսը նաև կարծում է՝ Հայաստանում այս տարի աղքատությունը բավականին զարգացավ՝ մի քանի պատճառներով, որոնցից են ՓՄՁ-ների փակվելը, ՌԴ-ի տնտեսական վատ վիճակը, որը բերեց տրանսֆերտների մոտ 50 տոկոսի քանակական նվազման. «Բացի այդ, որոշակի ոլորտներում գնաճը բերեց նրան, որ Հայաստանում աղքատությունն ավելացել է, ու ոչ պաշտոնական տվյալներով՝ գյուղական քաղաքներում այն 64 տոկոսի է հասնում, այդ տվյալների համաձայն՝ Հայաստանի բնակչության կեսը, կարելի է համարել, աղքատ է»:

Կարդացեք նաև

Գ. Մակարյանի խոսքով՝ փոքր բիզնեսների ներկայացուցիչները փակվում են, ու դաշտը գրավում են նրանք, ովքեր կարողանում են. «Այսինքն՝ դաշտը գրավելով՝ գալիս են առաջ: Տնտեսական առումով՝ կառավարությունը կարող է ձեռքերը լվանալ, ասել, որ՝ ես տնտեսական աճի տերն եմ, տնտեսական աճը կա, ինձ բավարար է, բայց թե ում շնորհիվ է դա կատարվում, դրա մեջ անգամ չխորանանք, դա շատ բարդ, քաոտիկ պրոցես է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս