Եթե Սիրիայում ռուսական С-400-ի օգնությամբ թուրքական ինքնաթիռ խոցվի, մենք կպատասխանենք. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան «ագրեսիա» կորակի փաստը, եթե Սիրիայի սահմանը հատած թուրքական ինքնաթիռը խոցվի ռուսական С-400-ի օգնությամբ:
Նրա խոսքով՝ իրենք ստիպված կլինեն պատասխանել նման գործողություններին:
«Մենք չէինք ցանկանա տեսնել այդ կոնֆլիկտի էսկալացիան: Դրանում շահագրգռված են կողմերը, որոնք մասնակցում են այդ կոնֆլիկտին ու աջակցում են պաշտոնական Դամասկոսին: Իսկ եթե մեր ինքնաթիռը խոցվի, ապա այդ դեպքը մեզ գործողությունների կդրդի: Դա, իհարկե, ագրեսիա է մեր դեմ ու մենք իրավունք ունենք պաշտպանվել»,- հայտարարել է Էրդողանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան ներողություն չի խնդրի ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցման համար:
«Կարծում եմ, որ եթե ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի, ապա դա մենք չենք: Ներողություն պետք է խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տիրույթը»,- ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վրդովմունք էր հայտնել, որ թուրքական կողմը ներողություն չի խնդրել խոցված ինքնաթիռի համար: