Թուրքիան գիտակցաբար Ռուսաստանի հետ հարաբերությունները մտցնում է փակուղի. Պուտին

Ռուսաստանը բացարձակապես անբացատրելի է համարում թիկունքից հասցված դավաճանական հարվածները նրանցից, ում համարում էր գործընկեր ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով օտարերկրյա պետությունների նոր դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ:

«Մենք բացարձակապես անբացատրելի ենք համարում դավաճանական՝ թիկունքից հասցված հարվածները նրանցից, ում համարում էինք դաշնակիցներ հակաահաբեկչական պայքարում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ նկատի ունի երկու օր առաջ Սիրիայում ռուսական «Սու-24» ինքնաթիռի հետ կատարվածը:

Պուտինը հայտարարել է, թե Թուրքիան գիտակցաբար Ռուսաստանի հետ հարաբերությունները մտցնում է փակուղի, մինչ օրս ներողություն չի ասվել խոցված ինքնաթիռի համար, չի հնչել նաև հասցված վնասի փոխհատուցման առաջարկություն ու մեղավորներին պատժելու հայտարարություն:

«Մենք մինչ օրս չենք լսել ներողություն Թուրքիայի բարձրագույն քաղաքական մակարդակով, վնասի փոխհատուցման առաջարկություն, ոչ էլ կատարած հանցագործության համար հանցագործներին պատժելու խոստումներ»,- ասել է Պուտինը:
Նա հավելել է, թե «ստեղծվում է տպավորություն, որ թուրքական ղեկավարությունը գիտակցաբար ռուս-թուրքական հարաբերությունները մտցնում է փակուղի»:
«Մենք ափսոսում ենք դրա համար»,- ասել է նա:

ՌԴ նախագահը հայտարարել է, որ «այն, ինչ տեղի է ունեցել 2 օր առաջ Սիրիայի երկնքում, հակասում է առողջ բանականությանը ու միջազգային իրավունքին, քանի որ ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում»:

Տեսանյութեր

Լրահոս