Իրացվող ձուն որակապես անվտա՞նգ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հավկիթի անսանաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու մասին նախագիծ է ներկայացրել ՀՀ կառավարություն։ Դրանով փորձ է արվում այսուհետ շուկաներում իրացման համար նախատեսված հավի, հնդկահավի, լորի, ջայլամի ձվերը անասնա բուժասանիտարական փորձաքննության ենթարկել։ Սա նշանակում է, որ մինչ այս Հայաստանում սպառողը իրազեկ չի եղել, թե որակապես ինչ հավկիթ է գնել։

«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ կենդանական ծագման հումքի եւ մթերքի արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առեւտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են արտահանել, արտադրել, պահպանել, վերամշակել եւ շուկայում տեղակայել՝ իրացնել անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված կենդանական ծագման հումք եւ մթնրք, կերատեսակներ։ Իսկ նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի համաձայն՝ ձվի անասնաբուժասանիտարակաև փորձաքննության կարգը սահմանում է կառավարությունը։ Այս բացը լրացնելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախագիծ է ներկայացրել կառավարություն։ Ըստ ԱԱՊԾ-ի՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում ձվի անասնաբուժասանիտա րական փորձաքննության կարգի բացակայությամբ։

Նշենք, որ սրանով կարգավորվում են սննդում օգտագործվող հավի, հնդկահավի, լորի, ջայլամի ձվի գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում իրացման փուլերում իրականացվող անասնաբուժասանիտարական փորձաքննության հետ կապված հարաբերությունները։ Եւ շուկաներում իրացման համար նախատեսված հավի, հնդկահավի, լորի, ջայլամի ձվերը ենթակա են անասնաբուժասանիտարական փորձաքննության։ Իսկ եթե ձուն անասնաբուժասանիտարական փորձաքննության չի ենթարկվել, ապա այն իրացնողը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կկրի։

Ինչպես հայտնի է՝ բազմաթիվ վիտամիններ, կերային հավելումներ կան, որոնք նախատեսված են հավերի ձվատվությունը բարձրացնելու, ձվի չափը մեծացնելու համար։ Որոշ թռչնաբույծներ անգամ այնպիսի տարբերակներ են կիրառում, որպեսզի հավերը օրվա մեջ երկու ձու ածեն։ Մինչդեռ բնական պայմաններում հավը օրը մեկ է ածում։ Ամբողջ աշխարհում դրա չափաքանակները վերահսկվում են։ Եվ դատելով մերօրյա իրավիճակից՝ դժվար է ասել, որ Հայաստանում վերահսկվում է այդ ոլորտը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս