Տոմսի գումարը չեն վերադարձնում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզու հյուսիսում ռուսական ինքնաթիռի կործանումը, որը, ինչպես հետագայում պարզվեց, ահաբեկչության հետեւանք էր, շատերին է ստիպել Փոխել Եգիպտոս այցելելու մտադրությանը։

Ինչպես բազմաթիվ երկրներամ, Հայաստանում եւս զբոսաշրջիկները ծովափնյա այդ երկրում հանգիստը այս ժամանակահատվածում անվտանգ չեն համարում։ Ուստի կա՛մ ի վերջո հրաժարվում են Եգիպտոսի ավիատոմս ու տուրիստական փաթեթ ձեռք բերելու մտքից, կա՛մ ցանկություն են հայտնում վերադարձնել նախօրոք գնածը։ Միայն թե վերջինը ոչ միշտ է նրանց հաջողվում։ Մեզ հայտնի են դեպքեր, երբ «Մարաթուկ» ընկերությունը հրաժարվում է վերադարձնել Ամանորի օրերի համար վաճառած տոմսերի գումարները։ Արդյունքում, սպառողները ստիպված են որոշել՝ որն է առավել նախընտրելի՝ կորցնել բավականին խոշոր գումա՞ր, թե՞, անվտանգության որեւէ երաշխիք չունենալով հանդերձ, մեկնել Եգիպտոս՝ ապավինելով մշուշոտ ու կասկածելի հաջողությանը։ Նշենք, որ այս ընկերությանն առաջարկում է ոչ միայն տուրիստական փաթեթներ, այլեւ միայն ինքնաթիռի տոմսեր, իսկ հյուրանոցի ամրագրման եւ մյուս կազմակերպչական խնդիրները հոգում են զբոսաշրջիկները։ Եվ ուրեմն, ինչու է «Մարաթուկը» հրաժարվում հաճախորդներին վերադարձնել Եգիպտոսի ավիատոմսերի համար վճարած գումարը։ Կամ առհասարակ, Սինայի թերակղզում տեղի ունեցած աղետից ու նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության հորդորից հետո, այն է՝ առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից, որքա՞ն մարդու ծրագրեր են փոխվել։

«Մարաթուկ» կազմակերպությունում, մեր հարցմանն ի պատասխան՝ ասացին, որ ավելի ուշ կարող ենք դիմել տնօրենին։ Տնօրենն էլ իր հերթին առաջարկեց զանգահարել աշխատակիցներից մեկին։ Տվյալ աշխատակիցը վստահեցրեց, որ հարկավոր է դիմել տնօրենին։ Իսկ վերջինս արդեն չպատասխանեց մեր հաջորդ զանգին։

Տուրիստական երկու այլ կազմակերպություններում, ուր երեկ այցելեցինք, հայտարարում էին, որ ռուսական ինքնաթիռի հետ կապված ողբերգական դեպքից հետո հայաստանցի զբոսաշրջիկները կամ ընդհանրապես չեն հետաքրքրվում Եգիպտոսի տուրերով, կամ հետաքրքրվում են հազվադեպ։ Բոլոր դեպքերում, սակայն, իրենք հրաժարվում են կազմակերպել այդ ճանապարհորդությունը։ «Պարզապես Եգիպտոս մենք ուղեւորություններ չենք կազմակերպում։ Եգիպտոս ուղեւորություններ կազմակերպող տուրօպերատորները պատասխանատվություն չեն կրում անվտանգության համար, քանի որ կարող է լինել ֆորսմաժորային իրավիճակ, որը վերջերս եղավ, հետեւաբար, քանի որ իրենք պատասխանատվություն չեն կրում, մենք բոլոր տուրիստներին զգուշացնում ենք այդ մասին եւ ինքներս չենք կազմակերպում ուղեւորություն դեպի Եգիպտոս»,– ասաց «Լոկա թրավել» տուրիստական գործակալության տուրմենեջեր Արմինե Ձուրաբյանը («Լոկա թրավելը», համագործակցելով տուրօպերատորների հետ, միայն զբաղվում է տուրիստական փաթեթների իրացմամբ)»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս