
Հայաստանի հնագույն աստղագիտությունը Լա Սապիենցա համալսարանում

Օրերս Հռոմի Լա Սապիենցա համալսարանում տեղի ունեցավ Աստղագիտությունը մշակույթում եվրոպական ընկերության տարեկան համաժողովը (European Society for Astronomy in Culture – SEAC)՝ նվիրված «Աստղագիտությունը հին և նոր մշակույթներում» թեմային։ Սա արդեն 23-րդ SEAC համաժողովն էր. առաջին նման համաժողով տեղի է ունեցել 1992թ․ Ստրասբուրգում (Ֆրանսիա)։
Մշակույթի մեջ տիեզերական գիտելիքների կամ աստղագիտության արտացոլումը, արդեն մի քանի տասնամյակ է, ինչ առանձնացվել է՝ որպես գիտության ինքնուրույն բնագավառ: Համաշխարհային գրականության մեջ այն կոչվում է «Աստղագիտությունը մշակույթում», «Աստղագիտություն և մշակույթ» կամ «Մշակութային աստղագիտություն»:
Երկնային երևույթները միշտ էլ խորհրդավոր իմաստ են կրել. շատ դեպքերում դրանք վերագրվել են վերին ուժերին: Տարբեր ժողովուրդների դիցաբանության և մշակույթի այլ ոլորտներում դրանք մշտապես առկա են, ավելին, զանազան դիցաբանություններում գերիշխում է աստվածների հենց երկնային ծագումը:
Մյուս կողմից՝ բոլոր ժողովուրդների պատմության մեջ և մշակույթում կարևոր դեր են խաղացել օրացույցները, որոնք ամբողջովին հիմնված են աստղագիտական գիտելիքներ վրա և, հետևաբար՝ մշակութային աստղագիտության մաս են կազմում: Մշակութային աստղագիտությունը դրսևորվում է կրոնի, դիցաբանության, ազգագրության, բանահյուսության, պոեզիայի, գեղարվեստի, երաժշտության, լեզվաբանության, նշանաբանության, հերալդիկայի, աստղաբանության և այլ ոլորտներում:
«Աստղագիտությունը հին և նոր մշակույթներում» գիտաժողովն ուներ 140 մասնակից մի շարք եվրոպական, ինչպես նաև այլ երկրներից։ Հայաստանից մասնակցեցին և բանավոր զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն, SEAC անդամ Արեգ Միքայելյանը և Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայցորդ Սոնա Ֆարմանյանը։
Ա․ Միքայելյանն իր բանավոր զեկուցումում ներկայացրեց Հայաստանի պատմաստղագիտությունը և մշակութային աստղագիտությունը, իսկ Ս․ Ֆարմանյանի զեկուցումը նվիրված էր Հայաստանում հնագույն տիեզերագիտական պատկերացումներին։ Վերջինս այս համագումարում նույնպես ընտրվեց SEAC անդամ։ Հայաստանից SEAC անդամ է նաև Էլմա Պարսամյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ