Բաժիններ՝

«Ես մի բարդույթ էլ ունեմ, որն ինձ խանգարում է կյանքում…». Անդրիս Բուլիս

Օրեր առաջ «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում» կայացավ Հոլիվուդում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում բեմադրված և նկարահանված թատրոնի և կինոյի բազմաթիվ դերերի հեղինակ, լատվիացի դերասան Անդրիս Բուլիսի հեղինակային «Թռիչք» մոնոներկայացումը: Բուլիսն արդեն 5-րդ անգամ է Հայաստանում, սակայն հայ թատերասերն առաջին անգամ էր նրան տեսնում՝ որպես թատրոնի դերասան։ Անդրիսին հայ հանդիսատեսը, թերևս, ծանոթ է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Պապ 005» ֆիլմից:

Պետք է նշել նաև, որ «Թռիչք» մոնոներկայացման հաջողությանը չխանգարեց անգամ Անդրիս Բուլիսի, մեղմ ասած, «ոչ կատարյալ» ռուսերենի իմացությունը:

Սակայն կեցցե՛ այն դերասանը, ով առանց կաշկանդվելու և լեզվի ոչ կատարյալ իմացության՝ խիզախում և բեմ է դուրս գալիս՝ կիսվելու հանդիսատեսի հետ իր կյանքի ամենահուզիչ պահերի հիման վրա գրված հեղինակային մոնոներկայացմամբ, այն էլ՝ օտար երկրում: Այն էլ մի երկրում, որտեղ հանդիսատեսի զգալի մասը «հոգով դատավոր» է և ժլատ՝ ծափահարության հարցում:

Սակայն հանդիսատեսի այդ տեսակը «Թռիչք» ներկայացման օրերին բացակայում էր դահլիճից, քանի որ հայ հանդիսատեսն իրապես սիրեց «Թռիչքը»:

Կարդացեք նաև

168.am-ը զրուցեց Անդրիս Բուլիսի հետ՝ շարունակ խանգարող գրավիչ արտաքինի, մոդելի աշխատանքից ամաչելու և բոլորի համար մշտապես «լավը» լինելու բարդույթների մասին՝ չմոռանալով զրուցել նաև բուն թեմայից՝ ներկայացումից:

Andris (4)

– Անդրիս, պատմեք «Թռիչք» մոնոներկայացման ի հայտ գալու մասին: Եթե չեմ սխալվում, այն արդեն հասցրել եք խաղալ բազմաթիվ երկրներում:

– Ամեն անգամ, երբ թատրոնում մարմնավորած իմ դերակատարումների ընթացքում հասնում էի այն պահին, երբ ըստ դրամատուրգիայի՝ իմ հերոսն ուներ երկար մենախոսություն, ես սարսափում էի: Վախենում էի, երբ մենակ էի մնում բեմում՝ դեմ առ դեմ հանդիսատեսի հետ: Դա մի յուրահատուկ վախ էր, որը երևի թե հատուկ է որոշ արտիստների: Երբ ներկայացման ընթացքում բեմում կողքիդ է խաղընկերդ, ով կարող է օգնել, եթե հանկարծ մոռանաս խոսքերդ կամ պարզապես հուզվես, ապա այստեղ դու մենակ ես:

Ես միշտ ամենավերջում էի սովորում կերպարներիս մենախոսությունները: Մի անգամ իմ ռեժիսորը՝ Գալինա Պոլիշչյուկը, ասաց, որ կարող եմ փորձել դերս անմիջապես պրեմիերայից առաջ, որպեսզի այդչափ «ծանր չտանեմ», եթե, իհարկե, կկարողանամ լավ խաղալ այն:

Andris (6)

Մի անգամ ներկայացման ժամանակ մեզ ասացին, որ յուրաքանչյուր դերասան պետք է ինքնուրույն մենախոսություն գրի իր կերպարի համար: Իմ մենախոսությունն իմ մանկության ամենավառ հուշերից մեկն էր: Այն այդպես էլ չընդգրկվեց մեր ներկայացման մեջ, սակայն անչափ դուր եկավ ռեժիսորին: Նա ասաց, որ ես պետք է ևս մի քանի մենախոսություններ գրեմ: Իսկ վերջում նա ինձ առաջարկեց իմ իսկ մենախոսությունների հիման վրա ստեղծել մոնոներկայացում, քանի որ գիտեր, թե որքան եմ սարսափում մենախոսություններից: Ըստ նրա՝ դա հիանալի հնարավորություն կլիներ՝ ազատվելու նաև իմ բարդույթից: Իմ մենախոսություններին ավելացան ևս մի քանիսը, որոնք գրել էր մեկ ուրիշ դրամատուրգ, քանի որ ես դրամատուրգ չեմ, և այդպես ստեղծվեց «Թռիչքը»: 4 տարվա ընթացքում ես այս ներկայացումը խաղացել եմ շուրջ 300 անգամ՝ տարբեր երկրներում:

– Նախքան թատրոնում և կինոյում դերեր կերտելը, Դուք հանդես էիք գալիս՝ իբրև մոդել:

– Դե՜ հա, եղել է նման բան իմ կյանքում:

Andris (3)

– Իսկ ինչո՞ւ եք ամաչում այդ մասին խոսելիս:

– Որովհետև, երբ Ռիգայում ասում ես, որ ժամանակին աշխատել ես՝ իբրև մոդել, բացասական ռեակցիայի ես արժանանում: Մեզ մոտ՝ Լատվիայում, մի տեսակ լավ չեն վերաբերվում մոդելի աշխատանքին: Չնայած՝ ընդամենը 4 ամիս եմ աշխատել իբրև մոդել՝ Թաիլանդում, ոչ ոք չի ուզում մոռանալ այդ մասին (ծիծաղում է.- Ք.Մ.):

Andris (5)

– Երբ Ձեզ դեր են առաջարկում կինոյում կամ թատրոնում, երբևէ Ձեզ հարց տվե՞լ եք այդ դերն առաջարկվում է տաղանդավոր դերասան Անդրիսի՞ն, թե՞ պարզապես գեղեցկադեմ տղամարդուն, ով նաև դերասան է:

– Ես այդ բարդույթից շատ երկար եմ փորձել ազատվել: Երբ Ռիգայում շատ բարդ ներկայացում էինք բեմադրում, որտեղ հանդիսատեսն անմիջապես բեմին է նստում՝ դերասանի հետ՝ նույն հարթության վրա, մենք շուրջ 6 ամիս փորձեր էինք անում: Երբ ի վերջո ներկայացումը բեմ բարձրացավ, քննադատներից մեկը գրել էր. «Ներկայացումը հաջողված է, իսկ Անդրիս Բուլիսը շատ գեղեցիկ հանում է վերնաշապիկն ու խոտ է հնձում բեմում»: Անչափ վիրավորական էր ինձ համար, չէ՞ որ 6 ամիս ես աշխատել եմ այդ դերի շուրջ:

– Իսկ նրանք տեսել էին միայն հմայիչ խոտ հնձողի՞ն:

– Սակայն զարմանալի բան տեղի ունեցավ, երբ մենք այդ ներկայացմամբ գնացինք հյուրախաղերի՝ տարբեր երկրներ: Այնտեղ, որտեղ ինձ չէին ճանաչում՝ եղե՞լ եմ ես մոդել, թե՞ ոչ, քանի անգամ եմ ամուսնացել… գնահատում էին առաջին հերթին՝ դերս, կերպարս, հետո նոր միայն՝ արտաքինս… Ես հասկացա, որ փոքր քաղաքում, որտեղ քեզ բոլորը ճանաչում են, վերաբերմունքը չի կարող լինել օբյեկտիվ: Նրանց գնահատականի մեջ մեծ դեր ունի քո անձի հանդեպ վերաբերմունքը ևս:

Andris (2) Andris (1)

– Քննադատների կարծիքը մի կողմ դնելով՝ ինչպիսի՞ ն է Ձեր ինքնագնահատականը՝ իբրև դերասանի:

– Ես հասկանում եմ, որ բեմ բարձրանալով՝ պետք է ամեն ինչ անեմ, որ հանդիսատեսն իմ մեջ միայն արտաքին չտեսնի:

– Դա Ձեզ մոտ բարդո՞ւյթ է դարձել:

– Հանդիսատեսի վերաբերմունքն է ինձ բարդույթավորել: Բեմ եմ բարձրանում և հանդիսատեսի հայացքի մեջ տեսնում եմ. «Դե, կռասավչիկ, ցույց տուր, թե ինչերի ես ունակ»: Ես հասկանում եմ, որ պետք է երեք ժամ ներկայացում խաղամ՝ ապացուցելու համար, որ ես միայն արտաքին չեմ, որ ներկայացման ավարտին հանդիսատեսն ասի. «Վատ դերասան չէր»: Բայց ես ըմբռնումով եմ մոտենում այդ երևույթին, ի վերջո, դա իմ ընտրած մասնագիտության կողմերից մեկն է: Ես մի բարդույթ էլ ունեմ, որն ինձ խանգարում է կյանքում՝ դա բոլորի համար միշտ լավը լինելու ձգտումն է: Ես միշտ փորձում եմ այնպես անել, որ ոչ ոքի չնեղացնեմ: Երբեմն դա ի վնաս ինձ է աշխատում:

Andris (7) Andris (8)

– Երևի այն պատճառով, որ դա անկեղծ չէ առաջին հերթին՝ Ձեր իսկ անձի հանդեպ: Չէ՞ որ մարդը չի կարող միշտ «լավը» լինել: Բոլորս էլ պարբերաբար ուզում ենք ոմանց շա՜տ հեռու ուղարկել, երբ չափն անցնում են:

– Կան մարդիկ, ովքեր սուր են իրենց խոսքերի և պահվածքի մեջ: Ես կարծում եմ, որ պետք է համբերատար լինել մարդու հանդեպ և ըմբռնումով մոտենալ նրան: Միշտ էլ կարելի է հասկանալ դիմացինին:

– «Թռիչք» ներկայացումը բառացիորեն «ակցենտով» ստացվեց՝ Ձեր պարագայում: Ներկայացումը դիտելիս երբեմն թվում էր, թե Ձեր ռուսերեն լեզվի ոչ «գերազանց» իմացությունը պարբերաբար խանգարում էր Ձեզ՝ լիարժեք արտահայտելու Ձեր հերոսի ապրումները, հուզմունքը, էմոցիաները:

– Իրավացի եք: Երբ էմոցիաներդ շատ են, իսկ բառապաշարդ՝ քիչ, շատ հաճախ դա խանգարում է ինքնարտահայտման հարցում: Սակայն օտար լեզվով խաղալն իր դրական կողմերն էլ ունի դերասանի համար: Նա ավելի ստույգ է խաղում, «չի թաքնվում» երկար ու ձիգ խոսքերի ետևում: Նա իր խաղով արտահայտում է ներկայացման իմաստը, թեման: Ես նկատել եմ, որ ներկայացումն ավելի հաջողված է լինում, երբ խաղում եմ օտար լեզվով:

Andris (10)

– Թերևս, Դուք բավականին խիզախ դերասան եք, քանի որ հաղթահարել եք լեզվի իմացության բարդույթն ու արդեն բազում տարիներ հանդես եք գալիս տվյալ ներկայացմամբ՝ տարբեր երկրներում: Բայց Ձեր խիզախություն էլ ավելի գովելի է, քանի որ ներկայացել եք հայ հանդիսատեսի առջև: Իսկ մենք մեծամասամբ դատավորի կարգավիճակով ենք գնում ներկայացումների, համերգների: Եվ շատ ժլատ ենք ծափահարությունների հարցում:

– Իրո՞ք: Ես դա չզգացի: Ավելին, ես շատ շնորհակալ եմ հայ հանդիսատեսին՝ ջերմ ընդունելության համար: Օրինակ, Ռիգայում, եթե անգամ հանդիսատեսը շատ մեծ ուշադրությամբ դիտում է ներկայացումը, վերջում բուռն ծափահարում, միևնույն է՝ շատ մեծ դժվարությամբ է ոտքի կանգնում: Ընդհանրապես չի կանգնում:

Andris (9)

– Դուք ևս Ձեր հերոսի պես երազե՞լ եք լավ կարիերա անելու մասին, բայց փոխարենը երեխաներ եք «ստեղծել»: Պատմեք Ձեր ընտանիքի մասին:

– Չէ՜, ես միայն մեկ որդի ունեմ: Կարիերայից էլ դժգոհ չեմ:

– Նույնիսկ ամուսնացած եք:

– Այո, ես ամուսնացած եմ:

– Իսկ ո՞ւր է ամուսնական մատանին:

– Մատանին դեռ Ձեր ակնարկի ցուցանիշը չէ (ծիծաղում է.- Ք.Մ.):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս