Բաժիններ՝

Ուսանողները՝ կարևոր գործընկեր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ԵՊՀ-ում ընթացող «Երիտասարդական մասնակցությունը ուսանողական ինքնակառավարման գործընթացում» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցների հետ:

Ողջունելով օտարերկյա և տեղացի ուսանողներին՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է ուսանողական կառույցների կարևորությունը հատկապես բուհական որոշումների կայացման գործընթացում. «Ինքս՝ իբրև ուսանողական կառույցների ճանապարհն անցած մարդ, շատ լավ հասկանում եմ ուսանողական միությունների խնդիրներն ու ակտիվ ուսանողների՝ բուհերը ներսից բարեփոխելու ցանկությունը:

Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումներում մեծ տեղ է հատկացված ուսանողական համայքներին. մեզ համար կարևոր է, որպեսզի նրանք ունենան հստակ լծակներ՝ որոշումների վրա ազդելու:

Մեզ մոտ իրավական պահանջ է՝ ուսանողները պետք է ներկայացված լինեն բուհերի կառավարման խորհուրդներում, ինչպես նաև ուսանողական խորհուրդները ստանում են ֆինանսավորում բուհերի բյուջեներից: Կրթության և գիտության նախարարությունը ուսանողներին համարում է կարևոր գործընկեր»,- իր խոսքում նշել է նախարարը և հավելել, որ ուսանողական կառույցների գլխավոր խնդիրը ինքնակազմակերպվելն ու կրթության որակի գլխավոր պահանջատեր դառնալն է:

Վստահություն հայտնելով, որ ուսանողական ինքնակառավարումը այլընտրանք չունի՝ Ա. Աշոտյանը կարևորել է, որ ուսանողները հավասարապես նախանձախնդիր լինեն ոչ միայն իրավունքների, այլ նաև պարտականությունների իրականացման հարցում:

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են տարբեր խնդիրների՝ գիտության ոլորտում ուսանողների ներգրավման հնարավորություններից մինչև հայկական սփյուռքի ներուժի օգտագործումը:

Պատասխանելով երիտասարդներից մեկի այն հարցին, թե ինչպես կարելի է ստեղծել միջազգային ուսանողական կազմակերպություն, Ա. Աշոտյանը նշել է, որ նախևառաջ պետք է գտնել ընդհանուր նպատակներ, որոնց շուրջ տարբեր երկրների ուսանողներ կցանկանային միավորվել. « Անպայման պետք է գտնել այն կետերը, որոնք միավորում են Ձեզ: Միջազգային ուսանողական կառույցը նաև կարող է ի ցույց դնել ուսանողների տարբերակված մոտեցումները, բայց ամենակարևորը նպատակների հստակեցումն է:

Իհարկե, միջազգային ուսանողական կազմակերպության հիմնադրման համար նաև միջոցներ են անհրաժեշտ, բայց ես կարծում եմ, որ նպատակներ ունենալու դեպքում, դրանք կարելի է գտնել»: ՀՀ ԿԳ նախարարը խոստացել է միջազգային որևէ նախագծի շրջանակում աջակցել ուսանողական միջազգային կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությանը, եթե հանդիպմանը ներկա ուսանողները կարողանան ընդհանուր առանցքի շուրջ համախմբել առնվազն մեկ տասնյակ երկրների ուսանողական կառույցներ:

Հանդիպման ընթացքում հարցեր են հնչել նաև Բոլոնիայի գործընթացի, Հայաստանում օտարալեզու բուհական ծրագրերի, ներկա և նախկին ուսանողական կառույցների տարբերությունների և բազմաթիվ այլ խնդիրների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս