Առողջ ապրելակերպ` բակային խաղերի միջոցով
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր պատվոգրեր է հանձնել «Street Workout»-ի (բակային սպորտ) Հայաստանի առաջնության հաղթողներին: Մրցաշարը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ աջակցությամբ, որին մասնակցել են մարզիկներ Երևանից, Արցախից և հանրապետության տարբեր մարզերից: Հաղթող է ճանաչվել Էդուարդ Նիկողոսյանը Երևանից: Նախարարը ողջունելով երիտասարդ մարզիկներին, շնորհավորել է նրանց հաջողված առաջնություն և արդյունավետ մրցաշար անցկացնելու համար և նշել.
«Կրթության և գիտության նախարարությունը պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնության, որը կարող է նպաստել զանգվածային սպորտի տարածմանը և ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը: Այս ծրագիրը Հայաստանում նորություն է, բայց ես նկատում եմ, որ այն մի քանի տարվա ընթացքում հասցրել է գրավել երիտասարդների ուշադրությունը: Մեր նպատակը բակային խաղերի միջոցով պատանիների ու երիտասարդների մեջ առողջ ապրելակերպ սերմանելն է, որպեսզի նրանք կոփեն իրենց մարմինը և արդյունավետ կազմակերպեն իրենց ազատ ժամանակը: Ինձ համար հաճելի է տեսնել, որ գնալով ավելի շատ երիտասարդներ, նույնիսկ աղջիկներ են զբաղվում այդ մարզաձևով: Քանի որ Street Workout-ը էքստեմալ սպորտաձև է, միակ խնդիրն ու պահանջը, որ ես ձեր առջև դնում եմ՝ անվտանգության նորմերի խստագույնս պահպանումն է»: Նախարարը նաև կարևորել է, որ հետագայում ՀՀ ԿԳՆ-ի ու «Street Workout»-ի ֆեդերացիայի միջև համագործակցությունը դառնա պարբերական և ավելի լուրջ հիմքերի վրա կդրվի: Երիտասարդ մարզիկները շնորհակալություն են հայտնել նախարարին համագործակցության և սպորտաձևի նկատմամբ ուշադրության համար և որպես խորհրդանշական նվեր՝ Ա. Աշոտյանին հանձնել իր անունը կրող Street Workout-ի մարզաշապիկ: