Բաժիններ՝

Փախստականների հետ ահաբեկիչներին դեպի Եվրոպա ուղարկողը

Փարիզը ցնցած ահաբեկչական ալիքը Ֆրանսիայի սահմաններից շատ արագ դուրս եկավ եւ համակեց ամբողջ աշխարհը: Այն թերահավատությունը` թե իսլամական ծայրահեղականության տարազի տակ կիրառվող արշավանքները մնալու են սահմանափակված Միջին Արեւելյան երկրներում եւ նոր խալիֆայապետություն հաստատելու կոչված ահաբեկիչները չեն վերածվելու վերահսկողությունից դուրս եկող գործիքների, հիմնովին շրջվել է ներկա պահի դրությամբ:

Նոր աշխարհակարգի ձեւավորման մասին են վերլուծումների ընդհանուր ընդգծումները: Եվ այս առումով հետեւյալ պատկերը նախանշում է, թե ժամանակի առումով որոշ հանգրվանի համար ի՜նչ ուղղությամբ են ընթանում իրադարձությունները:

Ֆրանսիան եւ իր հետ արեւմտյան որոշ ուժեր արդեն նախապատրաստում են իրենց սահմանափակ գործողությունները ահաբեկիչներին հարվածելու նպատակով ընդարձակել եւ բեմականացումից անդին ճակատագրական հարված հասցնել. թվում է, որ վերահսկողությունից դուրս եկած գործիքը չեզոքացնելու միտող հարվածների մասին է խոսքը: Այսինքն, մոտավորապես այն թափը, որը ռուսական օդուժը շաբաթներից ի վեր կիրառում է կենտրոնանալով իրեն համար ռազմավարական գոտիների վրա:

Նման գործողությունների տարողունակության բարձրացման արդյունքը լինում է այն, որ արեւմուտքի կողմից պատժամիջոցների ենթարկվող Մոսկվան ու նույնինքն Արեւմուտքը (ներկա պահի դրությամբ Ֆրանսիայի առաջնորդությամբ) միեւնույն ուժգնությամբ հարվածում են ԻՊ-ի ռազմական կենտրոններին:

Տարբեր խնդիր է այն, որ ԻՊ-ի նկատմամբ ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի ռազմական քաղաքականությունը Միջին Արեւելքում, աջակցել-խոչընդոտել խաղի տեսքով, Եվրոպայում սկսել է բումերանգի հզոր ազդեցություն գործել: Առ այս պահը ԻՊ-ի ահաբեկչական ալիքից զերծ են ԱՄՆ-ը ու Իսրայելը. այս վերջինը բացակայում է նույնիսկ ԻՊ-ի բանավոր հայտարարություններում և հաղորդագրություններում:

Ահաբեկչության արտահանումը Միջին Արեւելքից առայժմ կենտրոնացել է դեպի Եվրոպա ուղղության վրա: Եվ եթե շարունակվի ԵՊ-ի գործիքի տեսությունը, ապա նշանակում է, որ այն գործիքավորողը հատկապես ծրագրեր ունի ինչպես Միջին Արեւելքի, այնպես նաեւ Եվրոպայի համար:

Շարունակենք վարկածի տրամաբանությունը եւ տեսնենք, թե այստեղ ո՞ր ուժն է, պետությունը, սահմանամերձ շրջանը, ԻՊ-ին գործնական, զինվորական եւ ֆինանսական աջակցություն տվել, որպեսզի անարգել թափանցի Իրաք եւ Սիրիա: Եվ այժմ փախստականների զանգվածային խմբաքանակներ ուղարկած Եվրոպա, առաջին հերթին մարդկային աղետ, ճգնաժամ եւ իբրեւ այդպիսին համաեվրոպական տագնապ ստեղծած:

Իրադարձությունների հետեւողները վստահաբար համոզվել էին, որ մարդկային տագնապի սահմաններում չպիտի ավարտվեր այս խաղը: Եվ եթե դեպի Իրաք ու Սիրիա, կամ այլ խոսքով՝ Միջին Արեւելյան տարածքների վրա ահաբեկչական գործիքը թափանցում էր Թուրքիայից թելադրված, ապա նույն կենտրոնը փախստականների ալիքին առընթեր ահաբեկչական ալիքը արտահանում էր դեպի Եվրոպա: Փախստականների հոսքի ներթափանցման նպատակով, միացել են «փախստական ահաբեկիչները»: Թուրքիան այս երկրորդ ճգնաժամի ստեղծման համար հերթական անգամ ստանձնեց տարանցիկի դեր եւ օժանդակեց այդ տարրի Եվրոպա արտահանմանը:

Մարդկային տագնապի թե ահաբեկչական ալիքի ստեղծած իրավիճակների մեկնաբանություններն ու վերլուծումները այնքան են քաղաքականացվել, որ միջազգային լրատվադաշտը, նույնինքն եվրոպականները ներառյալ, տագնապների ստեղծման պատասխանատվությունը չկենտրոնացրեցին Անկարայի վրա: Պատճառահետեւանքային վերլուծման որեւէ առարկայական փորձ չի կարող անտեսել Անկարայի պատասխանատվությունը մարդկությանը հարվածող այս երեւույթների ախտորոշման ընթացքում:

Մեծ քսանյակի (G20) ժողովը տեղի է ունենում Թուրքիայում: Թուրքիայի նախագահը Փարիզի պատահարները որակում է մարդկության դեմ կատարված արարքներ եւ հերթական փորձ է կատարում քրդական շարժումներն ու ԻՊ-ը համահավասարեցնելու:

Արձանագրվում է նոր աշխարհակարգի ձևավորման ընթացք։ Ահաբեկչություններ և հակաահաբեկչական ճակատներ: Այս ընդհանուր հարաբերակցությունն է բևեռացման նոր միտումը: Ահաբեկչություն հղացքի յուրահատուկ ընկալումները գուցե այնքան սուր խնդիր չեն: Ավելի մտահոգիչը ահաբեկիչների աշխարհագրական տարբեր միջավայրեր թափանցման եւ նրանց արտահանման գործին հիմնովին նպաստող պետության նկատմամբ թյուր ընկալումն է: Հարվածվող երկրների ներկայացուցիչները տագնապի դիմակայման ձևերը քննարկում են հարվածողների գլխավոր հովանավորի հետ: Եվ եթե միջազգային լրատվադաշտը տարբեր պատճառներով չի ուզում տեսնել Անկարայի ձեռագիրը, ապա հայկականը պատճառ չունի այն մատնացույց չանելու։

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս