Բաժիններ՝

«Էլ ի՞նչ կարելի է սպասել մի պետության ղեկավարից, ով հերոսացնում է մոլագար մարդասպաններին»

Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին.

Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի` Անթալիայում Հայաստանի դեմ հնչեցրած մեղադրանքները։

Շավարշ Քոչարյան. Զավեշտալի և անբարոյական է, որ Ադրբեջանի նախագահը, հայտնվելով Թուրքիայում` Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո, փորձում է մեղադրանքներ ներկայացնել Հայաստանին։ Դա անհաջող փորձ է՝ շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի և տարբեր ահաբեկչական ցանցերի միջև ավանդաբար գոյություն ունեցող անմիջական կապերից։

Բազմաթիվ փաստերից բերենք մի քանիսը.

– Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայում Ադրբեջանը ներգրավել էր հայտնի ահաբեկիչ Շամիլ Բասաևի գլխավորությամբ հարյուրավոր գրոհայինների, ինչպես նաև Աֆղանստանից շուրջ երեք հազար վարձկաններ, այդ թվում՝ ևս մեկ հայտնի ահաբեկիչ Խաթաբի գլխավորությամբ։

– Միջազգային զեկույցներում արձանագրված փաստ է, որ 1995թ.-ից Բաքվում ակտիվորեն գործել է Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման ներկայացուցչությունը։

– 1998թ. Նայրոբիում ամերիկյան դեսպանության պայթեցումից հետո ամերիկյան հատուկ ծառայություններն արձանագրել են Բեն Լադենի վաթսուն հեռախոսազանգ դեպի Բաքու։

– ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ իր 2002թ. նոյեմբերի 25-ի հայտարարությունում ընդգծել է Ալ-Քաիդայի հետ կապեր ունեցող կազմակերպությունների առկայությունը Ադրբեջանում։

– ԱՄՆ Կոնգրեսի և պետքարտուղարության զեկույցներում նշվել է, որ Ադրբեջանը ծառայում է որպես միջազգային ահաբեկչական խմբավորումների մատակարարման և տարանցիկ հենակետ։

– Ադրբեջանի հարյուրավոր քաղաքացիներ ակտիվորեն ներգրավված են Սիրիայում և Իրաքում ահաբեկչական գործողություններ իրականացնող խմբավորումներում, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական ցանցում, որն իր վրա է վերցրել Փարիզում իրականացված զարհուրելի ահաբեկչությունների պատասխանատվությունը։

Էլ ի՞նչ կարելի է սպասել մի պետության ղեկավարից, ով հերոսացնում է մոլագար մարդասպաններին և մի ամբողջ ժողովուրդ իր երկրի թիվ մեկ թշնամին է համարում։a

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս