«Ռուսաստանի և Արևմուտքի միջև համախմբում չի լինի, կլինի որոշակի դիրքերի մերձեցում». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Մինչև Փարիզի ահաբեկչությունը և ահաբեկչությունից էլ հետո միակ ընդհանուր շահը շարունակում է մնալ ահաբեկչության դեմ պայքարը: Ռուսաստանի և Արևմուտքի միջև համախմբում չի լինի, այլ կլինի որոշակի դիրքերի մերձեցում»,- այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ Սիրիայում փոփոխություն կարող է մտցնել միայն ռազմական ցամաքային օպերացիան. «Բայց դրա մասին որևէ խոսք այս պահի դրությամբ չկա: Այսօր Ֆրանսիայի նախագահի ուղերձն է լինելու ԱԺ-ին, որից հետո ամեն բան պարզ կլինի»:

Քաղաքագետն ընդգծեց՝ սկսած նախագահ Միտերանի կառավարման տարիներից Ֆրանսիան իրականացրել է մի քաղաքականություն, «որը ֆրանսիացի վերլուծաբանների կարծիքով՝ ձախողված էր». «Դա միգրանտների՝ առանց ընտրության ներմուծումն է երկիրը: Հիմա վերջին մեկ տարվա ահռելի միգրացիոն տեղաշարժում մենք տեսնում ենք, որ ոչ մի ընտրություն չի կատարվել իրական փախստականների և այն մարդկանց միջև, որոնք փախստական չեն: Սա բավականին լուրջ խնդիր է, որը պետք է լուծվի»:

Նա կարևորեց նաև իսլամիստական ծայրահեղ գաղափարներով տարվածների քանակը, որի հետ ըստ նրա՝ ֆրանսիական անվտանգության ապարատը չի կորղ հաշվի նստել և չի կարող ուղղակի վերահսկել այդ ծավալը, որովհետև մարդկային համապատասխան ռեսուրսներ չկան:

Կարդացեք նաև

Բանախոսի կարծիքով՝ թիրախ ընտրվեց Ֆրանսիան, որովհետև այն ամենաթույլ օղակն էր.«Ահռելի մահմեդական համայնք կա, և այդ համայնքում 89-95 վահաբիստական տիպի մզկիթներ կան, որտեղ քարոզում է իսլամի այն բրենդը, որը դավանում է «Իսլամական պետությունը»: Եվ այս մասսայի մեջ տարալուծվելն ու չհայտնաբերվելը բավականին հեշտ է: Իսկ երկրորդ պատճառը Փարիզի սիմվոլիկ նշանակությունն է»:

Հ. Մարտիրոսյանն ասաց, որ անգամ Հայաստանում ականատես է լինում արձագանքների, որտեղ ծայրահեղականության և իսլամի հանցավոր տեսակի դեմ կոչերը համարում են ռասիզմ. «Ուր մնաց Եվրոպայում: Խոսքի ազատությունը բավական եզակի երևույթ է դարձել Արևմուտքում, կան կլիշեներ, որոնցից եթե դուրս ես գալիս, պիտակավորվում ես ամենասարսափելի պիտակներով և անմիջապես որակազրկվում»:

 

Տեսանյութեր

Լրահոս