«Սա միայն ու միայն Ֆրանսիային նետված ձեռնոց չէ». Ստյոպա Սաֆարյան
«Այն, որ Եվրոպայում խնդիրներ ծագելու էին հատկապես Մերձավոր Արևելքից (մասնավորապես՝ Սիրիայից) փախստականների ալիքի կոնտեքստում, առանձնապես բարդ չէր պատկերացնել: Հատկապես, երբ Եվրոպան երկատված էր այդ ալիքի ընդունելու և չընդունելու հարցում: Ֆրանսիայի դիրքորոշումը գիտենք՝ ինչպիսին էր: Նույնիսկ այն պահից հետո, երբ Գերմանիան և Սկանդինավյան շատ երկրներ սկսեցին ընդունել փախստականներին, Ֆրանսիան նշաններ ցույց տվեց՝ իր սահմաններն ինչ-որ չափով փախստականների առջև փակելու առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Ահաբեկչության պատճառներից մեկն էլ, նրա կարծիքով՝ այն էր, որ «Իսլամական պետություն» խմբավորումը Սիրիայում հայտնվել էր շրջափակման մեջ. «Մի կողմից՝ քրդական զինյալներն էին, մյուս կողմից՝ Ասադի զորքերն էին, մյուս կողմից՝ ռուսական զորքերն էին, այն մյուս կողմից էլ՝ Միացյալ Նահանգների կոալիցիայի աջակցությունը վայելող խմբավորումներն էին: ԻՊ-ը հայտնվել էր շատ բարդ կացության մեջ և, իր կենսագործունեության տարածքից զրկվելու արդյունքում, բնականաբար, պետք է նոր տարածքներ փնտրեր, հատկապես, երբ ինքը գլոբալ ցանց է, հասցրել է այս տարիների ընթացքում արմատներ գցել և աջակիցներ ունենալ եվրոպական երկրներում: Պատահական չէր, որ տարիներ առաջ սկսեցին հնչել ահազանգեր այն մասին, որ եվրոպական բազմաթիվ երկրներից ներգրավվածություն կա ԻՊ-ի մեջ: Հետևաբար՝ ահաբեկչության պատճառներից մեկը եղել է Ֆրանսիայի ներգրավվածությունը սիրիական պատերազմում՝ ԱՄՆ-ի կողմից գլխավորվող կոալիցիայի շրջանակներում: ԻՊ-ին ոչինչ չէր մնում, քան ավելի խոցելի տարածքներում իրականացնել գործողություններ, որոնք, մեղմ ասած, տպավորիչ կլինեն: Իհարկե, ողբերգություն է տեղի ունեցել, բայց խնդրին եթե նայենք ԻՊ-ի հետևորդի տեսանկյունից, բավականին տպավորիչ, էֆեկտիվ, մեծ ցավ պատճառած քայլ է»:
Անդրադառնալով այն կարծիքներին, թե ինչո՞ւ այսպես ցավագին ընդունվեց Փարիզի ահաբեկչությունը, եթե այլ տեղերում էլ էին նման բաներն եղել, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ սա միայն ու միայն Ֆրանսիային նետված ձեռնոց չէ. «ԻՊ ահաբեկիչների սիմվոլիկ թիրախն էր քրիստոնեական աշխարհի այն հատվածը, որը պատերազմ է հայտարարել ԻՊ-ին, և, հետևաբար, անմասն մնալ այս ամենից, անտեսել դրա կարևորությունը և ասել, թե սա համարժեք էր մնացած այլ ողբերգություններին կամ ահաբեկչական ակտերին, սխալ է»:
Բանախոսը նշեց, որ իրեն ապշեցրել է ֆրանսիական Հատուկ ծառայությունների անպատրաստ լինելն այս ամենին. «Ի վերջո, երեք տարբեր վայրերում տեռորիստական ակտ է կազմակերպվել, և, թերևս, հետևանքները ցույց են տալիս, որ Ֆրանսիան իր անվտանգության համակարգի հետ կապված լուրջ խնդիրներ ունի»: