Ո՞ւմ դեմ է պայքարելու ռուսական ՀՕՊ-ը Հայաստանի օդային տարածքից
Այս շաբաթ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն ստորագրեց ՌԴ-ի և Հայաստանի միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ։ «Ընդունել ՌԴ կառավարության առաջարկը` ՌԴ-ի և Հայաստանի միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը կնքելու վերաբերյալ։ Կարգադրել ՌԴ պաշտպանության նախարարությանը Արտգործնախարարության մասնակցությամբ բանակցություններ վարել հայկական կողմի հետ և համաձայնության հասնելուց հետո ՌԴ-ի անունից ստորագրել նշված համաձայնագիրը»,- ասված է փաստաթղթում։
ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը պարզաբանել է, թե ինչ է ենթադրվում այդ համակարգը։ Հայկական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա ասել է. «Փաստաթուղթը ստեղծում է իրավական հիմքեր Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ համակարգի ստեղծման համար` Հայաստանի և Ռուսաստանի պետական սահմանների շրջանակում։ Դա թույլ կտա ՀՀ օդային տարածքի և պետության տարածքում գտնվող օբյեկտների պաշտպանության ընթացքում կիրառել ոչ միայն Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ՀՕՊ ուժերը և ավիացիան, այլ նաև` ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ուժերը։ Դա ՀՀ և ՌԴ անվտանգության ապահովման հավելյալ երաշխիքներ կտրամադրի»։
Մեզ հետ զրույցում Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուս ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը հիշեցրեց, որ 10 տարի առաջ ստեղծվել է ՀՕՊ համակարգ Բելառուսի հետ, 4 տարի առաջ` Հայաստանի հետ, իսկ այս տարի ՀՕՊ-ին միաժամանակ միացել է Ղազախստանը։ Նա բացահայտեց ռուսական ՀՕՊ համակարգի թիրախները Կովկասում։ «ՀՕՊ-ն իրենից ներկայացնում է մի համակարգ, որը հիմնականում ուղղված է ՆԱՏՕ-ի դեմ, այսինքն` միավորելով այս երկրների օդային համակարգերը, սկսվում է ՆԱՏՕ-ական կառույցների համատեղ վերահսկողություն։ Այսինքն` վերահսկում են այս ուժերը, վերահսկում են Թուրքիային և Վրաստանին։ Ամենահետաքրքիրը, որ Իրանը, Հայաստանն ու Ադրբեջանը ՆԱՏՕ-ական համակարգի մեջ չեն մտնում։ Ռուսաստանը մշտապես խոսում է այն մասին, որ ՆԱՏՕ-ն հանդիսանում է սպառնալիք, իսկ Դուք գիտեք, որ Կովկասյան տարածաշրջանում երկու երկիր ունեն ՆԱՏՕ-ական համակարգ, այսինքն` իրենցից իրական ՆԱՏՕ են ներկայացնում, հաշվի չենք առնում Ադրբեջանին, որն իր հերթին` ունի նման հավելյալ համակարգ, բայց հետաքրքիր է, որ ՆԱՏՕ-ն մշտական ներկայություն ունի Վրաստանում, իսկ Ադրբեջանի իրավիճակն այնքան էլ նկատելի չէ ռուսաստանյան հասարակության համար, քանի որ Ադրբեջանը վերջին երկու տարիների ընթացքում հեռանում է ՆԱՏՕ-ի համակարգից։ Բնականաբար, չի միանա ՀԱՊԿ-ին, բայց հեռանում է ՆԱՏՕ-ից։
Համակարգն արդեն ստեղծված է հինգ տարի առաջ, եթե նայեք փաստաթղթերին, այլ հարց է, որ այդ համակարգին միանում է Ղազախստանը։ Բոլոր ՀՕՊ համակարգերն աշխատում են ՀԱՊԿ-ի շրջանակում։ Եթե նախկինում ՀՕՊ-ն աշխատում էր Բելառուսի և Ռուսաստանի անվտանգության ապահովման համար, ապա այսօր այդ համակարգի մաս են կազմում ՀԱՊԿ երկրները։ Այս համակարգը հնարավորություն կտա բոլոր երկրների ռեսուրսներն օգտագործել»,- նման տեսակետ հայտնեց Անատոլի Ցիգանոկը։
Մեր ճշտող հարցին, թե Ռուսաստանի ցանկության դեպքում հայկական ռեսուրսը կօգտագործվի՞ Թուրքիայի կամ Վրաստանի դեմ, ռուս ռազմական փորձագետը պատասխանեց, որ չի կարծում, թե հայկական ուղղաթիռները կօգտագործվեն Թուրքիայի կամ Վրաստանի դեմ, քանի որ, բացի միասնական գործողություններից, չի բացառվում, որ հայկական ինքնաթիռներն առաջնորդվեն իրենց սեփական ծրագրով` անկախ ՀՕՊ-ից։
«Բայց այն, որ ՀՕՊ-ը լինելու է Թուրքիայի և Վրաստանի դեմ, այսինքն` վերահսկողություն է իրականացնելու այս երկու հիմնական ուղղություններով, դա միանշանակ է։ Այս ամենը սիրիական հակամարտության հետ չունի որևէ առնչություն, և այս համակարգը Սիրիայում չի օգտագործվի, այնտեղ այլ ստորաբաժանումներ են աշխատում»,- հստակեցրեց Անատոլի Ցիգանոկը։
ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն իր հերթին` մեզ հետ զրույցում ասաց, որ օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ՀՀ կատարած աշխատանքային այցի օրակարգում է եղել նաև միասնական ՀՕՊ համակարգի մանրամասների հարցը։ Նրա հավաստիացմամբ` միասնական ՀՕՊ համակարգն ակնհայտորեն կավելացնի Հայաստանի պաշտպանունակությունը։ Ավելին, ըստ Եվսեևի, Հայաստանը` դառնալով ՀՕՊ-ի մաս, էապես կմեծացնի իր տարածաշրջանային նշանակությունը։ «Միասնական աշխատանքն ավելի հասանելի կդարձնի նաև տեղեկատվության փոխանակումն օդային տարածքում գրանցվող ցանկացած երևույթի վերաբերյալ։ Ավելին` այս համակարգն այսօր ավելի քան երբևէ անհրաժեշտ է Հայաստանին, քանի որ վերջերս դեպք տեղի ունեցավ, երբ թուրքական ռազմական ուղղաթիռները ներխուժել էին հայաստանյան օդային տարածք և պտույտներ գործել։ Միասնական ՀՕՊ-ի դեպքում նման միջադեպերն արագ արձագանք կստանան, քանի որ Ռուսաստանը տիրապետում է նորագույն տեխնոլոգիաների և դրանով իսկ կօգնի Հայաստանին նման հարցերում»,- նկատեց Եվսեևը։ Վերջինիս խոսքով` այս ոլորտում միասնական աշխատանքը ենթադրում է նաև Հայաստանին համապատասխան տեխնոլոգիաներով ապահովելու պարտավորություն։
Ինչ վերաբերում է կասկածներին, որ ռուսական կողմը հայկական օդուժն օգտագործելու է ՆԱՏՕ-ական կառույցների դեմ պայքարելու համար, ապա, ըստ Եվսեևի, հիմքեր չկան նման պնդումներ անելու համար։ Նրա համոզմամբ` Ռուսաստանն ամրացնում է իր անվտանգության համակարգերը և ՀԱՊԿ-ի օրինակով ձևավորում իր օդային պաշտպանությունը։ «Սակայն Հայաստանը կարող է անկախ որոշումներ կայացնել, եթե նույնիսկ ռուսական կողմն ունենա նման ցանկություններ։
Կարծում եմ, որ այսօր նման մտավախությունների հիմքեր չկան։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Ռուսաստանը քայլերի է դիմելու, դրանք չեն լարվելու, Վրաստանի հետ Ռուսաստանը գործընթացի մեջ է, որը կտևի երկար, բայց առանց լարվածության օջախների, քանի որ դա այսօր ամենևին էլ ձեռնտու չէ Ռուսաստանին։
Պայմանավորված սիրիական ճգնաժամով` Ռուսաստանը պարտավոր է ամրացնել իր անվտանգության բոլոր բաղադրիչները։ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, կարծում եմ` այս հարցում Ռուսաստանը կարող է միայն օգնել Հայաստանին, և Հայաստանը հատկապես շահագրգռված է այս հարցում, քանի որ վերջերս անկանխատեսելի միջադեպ է գրանցվել, որի մասին հայաստանյան ուժերը տեղեկացել են միայն այդ իրադարձությունից հետո, իսկ այս համակարգը թույլ է տալիս տեղեկությունը պարզել տեղում»,- ասաց Եվսեևը։