«Մենք խնդիր ենք ունենալու միջազգային իրավունքի նորմերի հետ». Արտակ Զեյնալյան

«Սահմանադրական դատարանի մասին օրենքը, որի համաձայն՝ պետք է գործի Սահմանադրական դատարանը, բարձրացված է սահմանադրական օրենքի մակարդակի, ինչը նշանակում է, որ այդ օրենքին պետք է համապատասխանեն մնացած բոլոր օրենքները»,- այսօրվա քննարկմանն ասաց «Իրավունքի գերակայություն» հ/կ նախագահ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Նա նշեց, որ Սահմանադրության նոր նախագծում ներմուծված է օրենքների նախնական վերահսկողության ինստիտուտը. «Մինչև օրենքի տակ ստորագրելն օրենքը կարող է ենթարկվել սահմանադրական վերահսկողության, և եթե չհամապատասխանի Սահմանադրությանը, ապա այն չի դրվի քվեարկության: Այդպիսի լիազորություն տրված է նախագահին՝ մինչև ստորագրելն ուղարկել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական վերահսկողություն իրականացնելու համար: Այսպիսի հնարավորություն է տրված քաղաքացիների կողմից առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունների դեպքում և հետագա սահմանադրական փոփոխությունների պարագայում: Այսինքն՝ եթե Սահմանադրության փոփոխությունների նախագիծ պատրաստվի այս նոր նախագծի ընդունումից հետո, ապա այն մինչև Սահմանադրական դատարանի կողմից փորձաքննություն չանցնի, չի կարող դրվել հանրաքվեի: Այսինքն՝ Սահմանադրության նոր նախագծում եղած դրույթները չպետք է հակասեն գործող Սահմանադրությանը, ինչպես նաև՝ քաղաքացիների կողմից նախաձեռնված օրենքները»:

Դատավորի կարգավիճակի հետ կապված՝ իրավաբանը տեսնում է որոշակի խնդիրներ. «Դատավորը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, եթե թույլ է տվել խախտում։ Գործող Սահմանադրության մեջ նման բան չկա, և իրավունքի միջազգային նորմերն ասում են, որ դատավորը ենթարկվում է պատասխանատվության բացառապես օրենքով չթույլատրված արարք կատարելու համար, և, եթե դատական համակարգում ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ, ու վերադաս դատարանն այն ուղղել է, ապա սխալ գոյություն չունի: Դատարանն ուղղել է այդ սխալը, և դատավորը դրա համար կարգապահական պատասխանատվության չպետք է ենթարկվի, և դա չպետք է լինի դատական ակտը վերանայելու առիթ և հիմք: Այն, ինչ այսօր կա Դատական օրենսգրքով, Սահմանադրության նախագծից կարողանում ենք ախտորոշել, որ հակասում է Սահմանադրությանը: Դրանք մեր կողմից վիճարկվել են Սահմանադրական դատարանում և չեն լուծվել: Այս մասով մենք խնդիր ենք ունենալու միջազգային իրավունքի նորմերի հետ»:

Իրավապաշտպանը մի փոփոխություն էլ առանձնացրեց. «Եթե գործող Սահմանադրության համաձայն՝ Սահմանադրական դատարանի 9 անդամներից 5-ին նշանակում է ԱԺ-ն, ապա նախագծի պարագայում՝ Կառավարությանը ևս տրված է հնարավորություն՝ նշանակել 9 անդամներից 3-ին: Սահմանադրական դատարանի նախագահը կարող է նշանակվել 6 տարի ժամկետով. սա ժողովրդավարական առաջընթաց է, որ նա ցմահ չէ, այլ փոփոխվում է»:

 

Տեսանյութեր

Լրահոս