«Հայ արհեստավորներն աշխատում են իսլամական ահաբեկչական խմբավորումների իշխանության տակ գտնվող տարածքներում»
Սիրիահայ պատմաբան Գևորգ Յազճյանն ասյօրվա ասուլիսին ներկայացրեց քեսաբահայերի ու հալեպահայերի վիճակը, և ընդհանուր վիճակը Սիրիայում: Նա նշեց՝ քանի որ Քեսաբը գտնվում է Թուրքիայի սահմանին մոտ, այնտեղ ամեն րոպե վտանգ կա թուրքական կողմից, դրա համար էլ ազատագրվելուց հետո այնտեղ վերադարձել է հայության 40%-ը՝ մոտավորապես 1000 հոգի. «Երիտասարդները սրանց մեջ քիչ թիվ են կազմում, որովհետև նրանք հիմնականում ծառայում են սիրիական բանակում, և արդեն հայությունը 10 նահատակ է ունեցել սիրիական բանակի կազմում՝ Սիրիայի տարբեր շրջաններում մարտնչելիս։ Ամենամեծ թվով հայերը Հալեպում են: Այնտեղ մենք ունեինք 40-50 հազար հայ, որի կեսն է այսօր այնտեղ մնացել։ 15-17 հազար սիրիահայեր տեղափոխվել են Հայաստան։ Մոտավորապես նույնքան տեղափոխվել են Բեյրութ»:
Նա ասաց, որ Իդլիպ նահանգում ունենք երկու հայկական գյուղեր՝ Յակուբի և Քնիե, որոնց մասին ընդհանրապես չի խոսվում հայկական մամուլում. «Այնտեղ Ջաբհաթ ան Նուսրան է այսօր հաստատվել: Այդ գյուղերի բնակիչները հիմնականում արաբախոս հայեր են։ Այս երկու գյուղերը մի քանի տարի է գրավված են: Յակուբեցիների մի մասը հիմա Քեսաբում են ապրում, մինչև կազատագրվի իրենց բնակավայրը, իսկ քնիեցիները հայկականությունից բավականին կտրված են, ինչի պատճառով տարբեր տեղեր են փախչում:
Հյուսիս-արևելյան շրջանում՝ Հալեպի ու Ղամշլուի ամբողջ հատվածի սահմանային գոտում հայկական բնակավայրեր կային, որոնք 20-րդ դարի ընթացքում կամաց-կամաց տեղափոխվեցին: Այդ տեղերն այսօր գտնվում են Իսլամական պետության ձեռքում: Այնտեղ մնացել են մի քանի հայ ընտանիքներ, որոնք գլխահարկ են վճարում»:
Պատմաբանը նշեց, որ հայ արհեստավորներն օրվա ընթացքում հատում են ահաբեկչական խմբավորումների սահմանները, աշխատում ահաբեկչական կազմակերպությունների իշխանության տակ գտնվող տարածքներում. «Այսինքն՝ պատերազմը գնում է, բայց պատերազմող կողմերը երբեմն ծածուկ պայմանավորվածություն են ունենում: Ասում են՝ այնտեղ լավ էլ վճարում են, որովհետև արհեստավորների կարիք ունեն»:
Ըստ նրա՝ Սիրիայում պատերազմի հետ կապված լինում են շատ կենցաղային դժվարություններ։ «Հալեպի հայկական թաղամասերը գտնվում են պատերազմական թոհուբուհից հեռու, բայց բաշիբոզուկները երբեմն «նվերներ» են ուղարկում՝ ռումբերի տեսքով, որոնք ավերածությունների պատճառ են դառնում: Այսօրվա դրությամբ 50 սպանված քաղաքացի ունենք, դրա կրկնակի չափով վիրավոր և մոտ 10 հոգի էլ բանակում զոհվածներն են»:
Գ. Յազճյանը նկատեց՝ ռուսական օդուժի ազդեցությունը բավականին մեծ է.«Գործածվում է ճիշտ տեխնիկա։ Իսկ սիրիական բանակի ցամաքային գործողությունների արդյունավետությունը բավականին ցածր է, քանի որ այնտեղ մեծ թիվ են կազմում դասալքությունները»:
Թե ինչո՞վ կավարտվի պատերազմը Սիրիայում, նա դժվարացավ ասել.«Ծայրահեղական իսլամի գաղափարներով թունավորվածներին չգիտենք՝ ի՞նչ նոր գաղափարներ կարելի է տալ։ Արևմտյան ժողովրդավարությունն այնտեղ չի անցնի։ Այդ խմբավորումները վերացնելու համար պետք է ունենաս նոր գաղափարախոսություններ: Սա լուրջ հարց է»: