Ապահով Հայաստան՝ Նամիբիայի կողքին
Հեռուստացույց վերջին տարիներին հազվադեպ եմ նայում։ Սակայն կիրակի օրն այնպես ստացվեց, որ ականջի ծայրով լսեցի ՀՀ ոստիկանության «Հերթապահ մաս» հաղորդաշարը։ Պատահում է, չէ՞, որ ինչ-որ գործով եք զբաղված, ու «ձեռքի հետ» իմիջիայլոց լսում եք հեռուստացույցից եկող ձայնը։
Հենց այդպես` ականջի ծայրով լսելով, հասկացա, որ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելել է Ոստիկանության զորքերի թիվ այսինչ տեղամաս։ Նախադասությունները` ոստիկանների, նրանց հմտությունների, նոր շենքային պայմանների և այլնի մասին սահում-անցնում էին, մինչև հանկարծ ուղեղիս մեջ մեխվեց մի արտահայտություն` «ապահով Հայաստան»։ Հաղորդավարի ձայնն ինչ-որ բան էր ասում «ապահով Հայաստանի» մասին։
Ձևակերպումն այնպես հետաքրքրեց, որ օգտվելով թվային հեռուստաընկերության ընձեռած հնարավորություններից` մի քիչ ետ պտտեցի ռեպորտաժը և համակ ուշադրությամբ սկսեցի հետևել տեքստին։ Իսկ տեքստի վերջաբանում խոսվում էր այն մասին, որ ներքին զորքերի մի շարք ծառայողներ արժանացել են խրախուսանքների։ Ու հետոգ ավելի լավ է բառացի մեջբերեմ հաղորդավարի տեքստը. «Շնորհավորելով նրանց` Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ նաև Ոստիկանության և Ոստիկանության զորքերի պրոֆեսիոնալ աշխատանքով է իրականություն դարձել ապահով Հայաստան ունենալու` Հանրապետության նախագահի կարգախոսը, և դա արդեն բոլորի կողմից ընդունված իրողություն է։ Օրերս հեղինակավոր «Գելափ» միջազգային սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքում Հայաստանն աշխարհում 9-րդ երկիրն է ճանաչվել հենց անվտանգության և ապահովության ցուցանիշով»։
Մի խոսքով, «Հերթապահ մասը», հղում անելով ոստիկանապետին, ավետեց, որ 2013 թվականի նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի կարգախոսը` «Ապահով Հայաստանը», արդեն իրականություն է դարձել։ Այսինքն, մենք ապրում ենք ապահով Հայաստանում։ Ու շատ խորհրդանշական էր, որ հենց այդ տեքստից հետո ռեպորտաժը շարունակվեց «Երազ իմ երկիր» երգով` ոստիկանների կատարմամբ։ Դե, իհարկե, եթե արդեն ապրում ենք մեր երազած ապահով Հայաստանում, ինչո՞ւ չերգել այդ առիթով։
Սա, իրոք, նորություն էր։ Մինչ այս ոչ ոք, անգամ ամենակարկառուն ՀՀԿ-ականները չէին ասել, որ արդեն հասել ենք ապահով Հայաստան։ Իսկ իրո՞ք հասել ենք։
Մինչ այս հարցին պատասխանելը պետք է նախ հստակեցնել` ի՞նչ է նշանակում` ապահով Հայաստան։ Հասկանալի է` ոստիկանապետն ապահովություն ասելով` նկատի ուներ առաջին հերթին` հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը։ Այս առումով նա անկասկած ճիշտ է, և առանց գելափների էլ գիտենք, որ Հայաստանն ամենաանվտանգ երկրներից մեկն է` չնայած սահմանային լարվածությանը։
Սակայն, ամբողջ հարցն այն է, որ Սերժ Սարգսյանն «ապահով Հայաստան» ասելիս` նկատի ուներ ոչ միայն վերը նշվածը։
Ովքեր ցանկանում են մանրամասն վերհիշել «ապահով Հայաստանի» մեկնաբանությունները, կարող են այցելել 2013թ. նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կայք և կարդալ նախընտրական ծրագիրը։ Իսկ ովքեր ժամանակ չունեն` համառոտ հիշեցնենք. «Ապահով Հայաստան», բացի սահմանների և ներքին անտանգության ապահովությունից, նշանակում էր նաև` արդար Հայաստան, ազատ Հայաստան, ապահովված ընտանիքներ (որոնք ունեն աշխատանք և արժանապատիվ վաստակ), սոցիալապես պաշտպանված ընտանիքներ, համաչափ զարգացում երկրի ամբողջ տարածքում, ապահովված գյուղ, և այլն։ Կարճ ասած` ապահով Հայաստան` առաջինը նշանակում էր` բարեկեցիկ Հայաստան։
Այս ամենն իրականությո՞ւն է։ Ասենք` ապահովված և սոցիալապես պաշտպանված ընտանիքների պահով։
«Մենք վերանայել ենք մեր մոտեցումն աղքատության հաղթահարման խնդրի նկատմամբ. սոսկ նպաստներով և սոցվճարներով այս խնդիրը չի լուծվի, մենք պետք է վերացնենք աղքատությունը ծնող պատճառները։ Յուրաքանչյուր ընտանիք պետք է կարողանա աշխատանքով ապահովել իր բարվոք կենցաղը, իսկ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքը պետք է զգա պետության իրական աջակցությունն ու օգնությունը»,- նշված է նախընտրական ծրագրում։
Ընդամենը հիշեցնենք, որ Հայաստանում աղքատության մակարդակը 32% է։ Որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը մոտ 55 հազար դրամ է, սակայն ՀՀ բնակիչների 1 շնչին ընկնող ծախսերն ամսական կազմում են միջինը 41 հազար դրամ։ Կամ, երբ կանխատեսվում է տնտեսական աճ, սակայն աշխատավարձերի և թոշակների բարձրացում բյուջեում չի նախատեսվում։ Համաչա՞փ է զարգանում մեր տնտեսությունը. բացեք ու աչքի անցկացրեք Երևանի ու մարզերի ցուցանիշները` առևտրի, ծառայությունների և մյուս առումներով, ու կհամոզվեք, որ ամեն ինչ ավելի է կենտրոնանում Երևանում։ Ապահովվա՞ծ է գյուղացին։ Դե իհարկեգ եթե, իհարկե, չհաշվենք, որ նրանց մեծ մասը «ճռռում է» վարկերի տակ։
«Ամեն կերպ խթանելու ենք բարձր ավելացված արժեք ապահովող ճյուղերի` խաղողագործության և պտղաբուծության զարգացումը». Նախընտրական ծրագրից այս մեջբերումը բավականին հետաքրքիր է դիտվում` հատկապես խաղողի մթերման հետ կապված ամենաթարմ պատմության ֆոնին։
Ու վերջապես` արդյոք մարդիկ արտագաղթո՞ւմ են ապահով երկրից։ Հիշեցնենք, որ վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանից մեկնողների և ՀՀ ժամանողների բացասական սալդոն գերազանցում է 100 հազարը։
Մի խոսքով, որքան էլ ցավալի լինի, Հայաստանն այսօր ապահով չէ` այն տեսանկյունից, որի մասին խոսք էր գնում։
Վերևում նշվում էր «Գելափի» ինչ-որ հարցման մասին։ Ինչպես նշեցինք` մեր քաղաքացիներն առանց «Գելափի» էլ գիտեն, որ Երևանում ու ընդհանրապես Հայաստանում անվտանգ է, որ գիշերվա ցանկացած ժամի կարելի է առանց վախենալու շրջել քաղաքում, որ չկան փողոցներ ու թաղամասեր (ինչպես, ասենք, ԱՄՆ-ում), որտեղ անգամ ոստիկաններն են խուսափում մտնել։ Սակայն նույն կերպ` մեր քաղաքացիները, առանց միջազգային զեկույցների, գիտեն նաև, որ Հայաստանում կյանքը բարեկեցիկ չէ։ Ու չնայած դրան` այդ մասին փաստում են նաև միջազգային կառույցները։ Օրինակ` օրերս բրիտանական Legatum Institute-ի կողմից հրապարակված 2015թ. բարեկեցության վարկանիշի (prosperity index) համաձայն` Հայաստանն իր բարեկեցության մակարդակով 93-րդն է` 142 երկրների շարքում։
Ցանկում մեզ նախորդում են Էլ Սալվադորը, Տաջիկստանը և Մոլդավան, իսկ մեզնից անմիջապես հետո Նամիբիան է, Լաոսը և Ալժիրը։ «Ապահով» հարևանություն է, այնպես չէ՞։ Ռուսաստանը, ի դեպ, այս վարկանիշում 58-րդն է, Թուրքիան` 78-րդը, Ադրբեջանը` 71-րդը, Վրաստանը` 80-րդը։ Տարածաշրջանում բարեկեցությամբ գերազանցում ենք միայն Իրանին, որ զբաղեցրել է 106-րդ տեղը։
Կարծում ենք` ձեզ կհետաքրքրի, թե ինչ չափանիշների հիման վրա է գնահատվում երկրի բարեկեցությունը։ Վերցվում են 8 հիմնական չափանիշներ, որոնք առանձին-առանձին գնահատվում են։ Գործարարությամբ զբաղվելու հնարավորության առումով 69-րդն են։ Անվտանգության առումով (այն, ինչ նկատի ունի ոստիկանապետը), նույնպես վատ տեղում չենք` 55-րդը։ Կրթության մակարդակով ավելի բարձր ենք` 55-րդը։ Սակայն մնացած առումներով վիճակը բավականին տխուր է։ Կառավարման ցուցիչով` 92-րդ տեղում ենք, անձնական ազատության ցուցիչով` 119-րդ, սոցիալական կապիտալի ցուցիչով` 124-րդ, տնտեսության ցուցիչով` 126-րդ։
Ահա այսպես են մեզ գնահատել։ Միգուցե սուբյեկտիվ գնահատական է։ Սակայն այն իրականությանն ավելի մոտ է, քան Հայաստանը` ապահովությանը։