
Մոսկվայում կանգնեցրել են դեպի Երևան ուղևորվող ավտոբուսը

ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական հաստատություն ու ՌԴ Մոսկվայի Տրանսպորտի ոլորտում վերահսկողություն իրականացնող բաժնի վարչության աշխատակիցները կասեցրել են Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի աշխատանքը, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով գերատեսչության կայքին:
«Ներկայում «Վագտրանս» ՓԲԸ-ին պատկանող ավտոբուսը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք: Ընկերությանը սպառնում է մինչև 150 հազար ռուբլի տուգանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մամլո ծառայությունը բացատրում է, որ «Վագտրանսը» ներառված չէ ՌԴ տրանսպորտի նախարարության միջազգային ավտոբուսային երթուղիների ռեեստրում: Դա նշանակում է, որ ուղևորափոխադրում իրականացնողը Ռուսաստանում աշխատելու իրավունք չունի, սակայն շարունակում է անօրինական կերպով ուղևորներ տեղափոխել Մոսկվա-Երևան երթուղով:
«Փոխադրումների կազմակերպիչը» նախազգուշացնում է քաղաքացիներին, որ բոլոր ավտոբուսային ընկերությունները, որոնք առաջարկում են ուղևորություններ Երևան, աշխատում են անօրինական կերպով: Օգտվելով նման ուղևորափոխադրումներ իրականացնողների ծառայությունից՝ ուղևորները իրենց կյանքը վտանգի են ենթարկում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսը վթարի էր ենթարկվել Տուլայի մարզում, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ, ևս 47 ուղևոր ստացել է վնասվածք: