«ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը ՀՀ անվտանգության հետ է խաղում»
Օրերս Փարիզում գրանցվեց ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության հերթական տապալումը։ Նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ԵԽ ԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ժամանակ ընդունվեց և ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգ մտցվեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերտառությամբ հակահայկական զեկույցը։ Զեկույցն ամբողջովին կազմված է ադրբեջանամետ ձևակերպումներից։
Խնդրահարույց են հատկապես պարբերություններն այն մասին, որ վեհաժողովը, մտահոգված լինելով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակով, դատապարտում է 2014-ից սկսած ԼՂ-ի և ՀՀ-ի կողմից իբրև թե Ադրբեջանի օկուպացված տարածքներում ռազմական գործողությունների իրականացումը։ Զեկույցում տառացիորեն գրված է. «Ադրբեջանական տարածքները դեռ օկուպացված են ՀՀ զինված ուժերի կողմից, և ԼՂ-ն գտնվում է անջատողական ուժերի ղեկավարության ներքո»։ Ուոլթերի կազմած փաստաթղթի ամփոփիչ հատվածում կոչ կա` ուղղված ՀՀ իշխանություններին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին. «Դուրս բերել ՀՀ զինված ուժերը և այլ ապօրինի ուժեր ԼՂ-ի և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներից»։
Ի դեպ, քաղաքական հանձնաժողովի նիստի ընթացքում ադրբեջանական պատվիրակությանը հաջողվել է զեկույցում ընդգրկել ավելի մտահոգիչ ձևակերպումներ նաև այն մասին, որ ՀՀ-ն ՌԴ-ին պետք է հավաստիացնի, որ ՀՀ-ին վաճառված ռուսական զինատեսակները չեն հայտնվի ԼՂ զինված ուժերի ձեռքին։ Վերջին քննարկումների ժամանակ էլ ավելացվել է ՀՀ և ԼՂՀ իշխանություններին ուղղված` դիվերսանտներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին բաց թողնելու մասին կոչը։ Ուոլթերին հաջողվել է նաև «խստորեն դատապարտել» պատվիրակությանը` զեկույցի պատրաստման աշխատանքներում չհամագործակցելու մեջ։ Այս հարցում քննադատությունների հիմնական թիրախ է դարձել ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ով, ըստ կարծիքների, կարող էր զեկույցի դեմն առնել դեռևս ամիսներ առաջ, երբ Ուոլթերն այն դրեց շրջանառության մեջ։
Ու թեև զեկույցը չունի որևէ իրավական պարտադիր կատարման ուժ, ոչինչ չի փոխելու, և, ինչպես վստահեցնում են քաղաքական գործիչները, «փոշոտվելու» է ԵԽ ԽՎ դարակներում, միայն հեղինակազրկելով այդ կառույցի դերն ու նշանակությունը, մի շարք հարցեր է բարձրացնում ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության մասնագիտական` հատկապես դիվանագիտական, ունակությունների վերաբերյալ։ Այս ձևակերպումների առնչությամբ արդեն իրենց մտահոգություններն են հայտնել ԼՂ հակամարտությամբ զբաղվող փորձագետներն ու ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Նա երեկ գրառում է կատարել Twitter-ի իր էջում։ «ԵԽ ԽՎ-ն ու մյուս միջազգային կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մինչ ԼՂՀ վերաբերյալ բանաձևեր կամ զեկույցներ հրապարակելը»,- գրել է նա` օգտագործելով #Karabakh. #Nkpeace հեշթեգերը։
Մեզ հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ այդ հակահայկական զեկույցի ներառումը ԵԽ ԽՎ հունվարյան նիստի օրակարգ` չի համարում ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության տապալում։ Ավելին` նա կարծում է, որ հայկական պատվիրակությունն արել է հնարավորը, որպեսզի այն չընդունվի։ Ըստ նրա, խնդիրը ոչ թե հայկական պատվիրակության ոչ արդյունավետ աշխատանքի կամ թերացումների մեջ է, այլ` որ ադրբեջանական կոռումպացված կառավարման համակարգը ներթափանցել է ԵԽ ԽՎ քաղաքական հանձնաժողով ևս, և այստեղ հայկական պատվիրակությունը որքան էլ որ ջանքեր ներդնի, որքան էլ որ ճկունություն ցուցաբերի, չի կարող որևէ բան փոխել, քանի որ պատգամավորների մեծ մասը, ըստ երևույթին, կաշառվել է։ Սա, նրա որակմամբ, արդեն ոչ թե Հայաստանի, Արցախի կամ նույնիսկ Ադրբեջանի, այլ եվրոպական կառույցների խնդիրն է։
«Մենք տեսնում ենք, որ հեղինակավոր եվրոպական կառույցները կամաց-կամաց լոբբիստական աշխատանքի հետևանքով, կաշառակերության միջոցով, խավիարային դիվանագիտությամբ, դառնում են խավիարաթաթախ կազմակերպություններ, ինչը լավ չէ ժողովրդավարական ինստիտուտների, հետևաբար` նաև ժողովրդավարության համար»,- նկատեց Բաբայանը։ Հարցին, թե չի՞ կարծում, որ կաշառակերության դեմ հայկական պատվիրակությունը կարող է պայքարել ճկունությամբ, դիվանագիտական խողովակներով և գործիքներով, պատասխանեց, որ պետք է շարունակել պայքարել, քանի որ նույնիսկ սա վերջնական որոշում չէ, պարզապես զեկույցն ընդգրկվել է ԵԽ ԽՎ նստաշրջանի օրակարգ։ ԼՂՀ նախագահի խոսնակը հույս ունի, որ, այնուամենայնիվ, ԵԽ ԽՎ-ն չի ընդունի այդ զեկույցը, քանի որ զեկույցը թերի է, զեկույցը պատրաստողը չի այցելել Արցախ, որովհետև չի փոխել և զեկույցի վերնագիրը, և բովանդակությունը, հետևաբար` նման պայմաններում կազմված զեկույցը չի կարող լինել համապարփակ։ Բացի դրանից, ըստ Դ. Բաբայանի, հույս կա, որ ԵԽ ԽՎ-ն կունենա իմունային համակարգ, որպեսզի պայքարի կոռումպացված միտումների դեմ։
«Ընդհանրապես լոբբիզմի ինստիտուտն ինքնին ժողովրդավարությանը բնորոշ գծերից է, բայց լոբբիզմն ու կոռուպցիան տարբեր երևույթներ են։ Լոբբիզմը պետք է ստեղծի հավասար հնարավորություններ բոլոր շահագրգիռ մարմինների, կողմերի համար` իրենց տեսակետն այս կամ այն ատյանում ներկայացնելու հարցում։ Սակայն այն, ինչ տեղի է ունեցել ԵԽ ԽՎ-ում, կոռուպցիա է, որևէ այլ կերպ հնարավոր չէ տեղի ունեցածը մեկնաբանել։ Ուստի հույս ունենք, որ ԵԽ ԽՎ-ն իր մեջ ուժ կգտնի, որպեսզի պայքարի այսպիսի երևույթների դեմ, որովհետև, եթե այդ ուժը չգտնի, արդեն իսկ մեծ հարված կլինի ժողովրդավարությանը»,- նման մտահոգություն հայտնեց Դ. Բաբայանը։
Նա խոսեց մեկ այլ կարևոր հանգամանքի մասին ևս։ Ըստ նրա` եթե նույնիսկ ընդհանուր առմամբ զեկույցը բացասական է կամ հակահայկական, դրանում ներառված են որոշ ձևակերպումներ, որոնք ցույց են տալիս, որ նույնիսկ այսպիսի կաշառակերության ներթափանցման ներքո, այնուամենայնիվ, Եվրոպան չի տեսնում ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, որովհետև այդ զեկույցում նշված է, որ Արցախը պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ։
Մեզ հետ զրույցում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը նշեց, որ Ադրբեջանի «խավիարային» դիվանագիտության լուծումը «խավիարային» պատասխանն է ՀՀ-ի կողմից։ Ըստ նրա` տվյալ զեկույցի նման ընթացքն անակնկալ չէր, քանի որ, երբ նշանակվեց զեկուցաբերը` Ուոլթերը, որոշվեց զեկույցի վերնագիրը, պարզ դարձավ, թե այն ինչ ընթացք է ունենալու։ Նա այն կարծիքին է, որ դիվանագիտական գործիքները կարող են դիմակայել խավիարային դիվանագիտությանը, բայց պետք է ճիշտ ձևով օգտագործել այդ դիվանագիտությունը։
Մեզ հետ զրույցում ԵԽ ԽՎ նախկին անդամ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմն ինքնին ասում է, թե ինչպիսի արդյունքներ պետք է սպասել պատվիրակության աշխատանքից։ Իրականում, ըստ նրա, ոչինչ պետք չէ սպասել, բացի անկարողությունից։ Ավելին` Ս. Սաֆարյանը կարծում է, որ նավթադոլարների և խավիարային դիվանագիտության վրա մեղքը գցելը պարզապես այս խայտառակության համար պատասխանատվությունից փախուստ է և պատասխանատվությունը սքողելու ձև։ Նրա հավաստմամբ` ԵԽ ԽՎ-ն շատ բարդ մարմին է, որտեղ բազմատեսակ` կոռումպացված, նորմալ երկրներից կոռումպացված պատգամավորներ կան, սակայն նույնիսկ այս իրավիճակում պետք է և հնարավոր է աշխատել, այնինչ, ըստ նրա` ՀՀ պատվիրակությունը, բացի մեղադրելուց, քննադատելուց` ոչինչ չփորձեց անել։
«Ինձ համար ցավալի է ԼՂՀ որդեգրած դիրքորոշումը, որը, ըստ էության, նախապայման դրեց` փոխել զեկույցի վերնագիրը, որից հետո միայն պատրաստակամություն կունենար աշխատելու։ Որքան էլ կիսեմ նրանց մոտեցումը, որ պետք էր վերնագրի փոփոխություն, այնուամենայնիվ, կարելի էր քննադատել, կարելի էր այդ զեկույցը վատաբանել, երբ նրանք փորձեին հրավիրել, անառարկելի փաստեր ներկայացնել Դիլհամ Ասկերովի, Շահբազ Գուլիևի, Հասան Հասանովի դատավարությունների վերաբերյալ, ապացուցեին, որ այդ մարդիկ դիվերսանտներ են, և չի կարող նրանց ազատ արձակելու պահանջ դրվել։ Մենք նրան առիթ տվեցինք չգալու, չեմ կարծում, որ անգլիացի պատգամավորը երազում էր Ղարաբաղ գալ, մենք նրան նվեր մատուցեցինք, և նա փաստարկ ունեցավ, որ ԼՂ-ն ապակառուցողական է եղել։ Եվրոպայում նրա բացատրություններն ավելի համոզիչ էին ընկալվելու, քան ԼՂՀ մոտեցումները միանշանակորեն, ինչն էլ տեղի ունեցավ»,- նկատեց Սաֆարյանը։
Վերջինս, ունենալով խորհրդարանական դիվանագիտության ոչ կարճաժամկետ փորձառություն, ասաց, որ շատ ավելի վատ պայմաններում է աշխատել և կարողացել լուրջ նախաձեռնություններ կանխել, փոխել զեկույցների տրամաբանություն։ «2011թ. Եվրանեսթի ԽՎ Էներգետիկ անվտանգության հանձնաժողովը, որի համանախագահներից մեկն ադրբեջանցի էր, զեկույց պատրաստեց` ներառելով դրանում նաև Հայաստանի Ատոմակայանի փակման պահանջ։ Զեկույցը վերաբերում էր ԱլԳ տարածքում էներգետիկ անվտանգության խնդիրներին, որի Հայաստան բաժնում պահանջ էր դրվել` նկատի ունենալով Ֆուկուսիմայի վթարը։ Զեկույցը պետք է քննարկվեր և ընդունվեր Բաքվում, որին ես մասնակցեցի, և այն 180 աստիճանով շրջվեց, ավելին, Բաքվում ընդունվեց փաստաթուղթ, որտեղ ողջունվում էր ՀՀ Ատոմակայանի անվտանգ շահագործումը, Վեհաժողովը ողջունում էր ՀՀ Ատոմակայանի անվտանգ շահագործման միջոցառումները, և, ավելին, դատապարտում էր էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի փակ սահմանների քաղաքականությունը, որը խնդիրներ էր ստեղծում էներգետիկ դաշտում։
Այսինքն` Բաքվում ինձ հաջողվել է ընդունել տալ զեկույց այս բովանդակությամբ, ինչի՞ մասին են իրենք պատմում, ի՞նչ հեքիաթ են պատմում։ Նրանք պարզապես փորձում են իրենց ղեկավարության առջև ալիբիներ ստեղծել, բայց, իրականում, խորհրդարանական դիվանագիտության պատմության մեջ կան նման նախադեպեր, և Սերժ Սարգսյանն այդ մասին պետք է որ իմանա։
Հետևաբար` նրանք խաբում են ոչ միայն հասարակությանը, այլև` իրենց ղեկավարությանը, որ իրենց «չծեծեն», քանի որ «Ալիևը բոլորին գնել է»։ Այնինչ Ալիևը բոլորին չի գնել, նրա հարաբերություններն աշխարհի հետ բարդագույնն են, այս շրջանում կանգնել-ասել, որ Ալիևի գումարն աշխատել է եվրոպական կառույցներում, կներեք, մեծագույն անամոթություն է»,- ասաց Սաֆարյանը։ Նրա կարծիքով` պատվիրակության խնդիրը գիտելիքի, պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է։ Վերլուծաբանի որակմամբ` նրանք սովոր են «խանական» ամբիոնների, իսկ ԵԽ ԽՎ-ն այդ տեղը չէ։
«Մեր պատվիրակությունը միայն ինքնաթիռ է նստում, իջնում, գնում հյուրանոց, մասնակցում այն նիստերին, որոնցում իր խնդիրներին վերաբերող հարց է քննարկվելու, և վերջ։ Նայեք ԵԽ ԽՎ նիստերն ուղիղ հեռարձակմամբ, արդյոք այլ երկրների քննարկումների ժամանակ նստա՞ծ են, հա՞րց են բարձրացնում, կներեք, գաղտնիք չէ, իրենք են հայտարարել, որ Ադրբեջանին վերաբերող հարցերում իրենք չեն մասնակցել, իսկ Հայաստանին վերաբերող հարցերում` նրանք։ Ինչո՞ւ։ Ալիևը գնում է, մեր պատվիրակությունից որևէ մեկը հարց չի տալիս Ալիևին, ինչո՞ւ, ի՞նչ պայմանավորվածություններ ունեն, ի՞նչ գործարքների մեջ են, Ալիևը նրանց է՞լ է խավիար տվել, որ հարց չեն տալիս` պատերազմական, ռազմական արկածախնդրության շեմին։ Ասում են, թե զեկույցը քաղաքական իրավական հետևանքներ չի ունենալու։ Ո՞վ ասաց։
Նրանք կիլոմետրերով հեռու են քաղաքականությունից և չգիտեն, թե ինչը որտեղ ինչ հետևանք է ունենում։
Արդյո՞ք այդ զեկույցի հետևանքը չէր, որ Տավուշում ադրբեջանական արկածախնդրությունն ուժեղացավ և ավելի անկաշկանդ դարձավ։ Հիմա դա հետևա՞նք է, թե՞ ոչ։ Եթե հայտարարում են, որ ԵԽ ԽՎ-ում ընդունված զեկույցները հետևանք չունեն, ինչո՞ւ են գնում ԵԽ ԽՎ։ Ինչո՞ւ են գնում աշխատելու մի կառույցում, որից մեր երկիրը հետևանք չի սպասում։ Այս աստիճանի ապուշացնել դիմացինին` անպատկերացնելի է»,- նշեց Սաֆարյանը։ Սակայն Սաֆարյանը նույնիսկ չի պատկերացնում, թե պատվիրակության կազմն ինչ պատգամավորներով կարելի է փոխարինել։
«Իհարկե, պետք է փոխվի կազմը, իհարկե, Հերմինե Նաղդալյանն այնտեղ անելիք չունի, իհարկե, եթե, Աստված մի արասցե, այս բանաձևն ընդունվի, պետք է ինքնակամ հրաժարական տա Նաղդալյանը։ Սա արդեն նշանակում է` խաղ անել ՀՀ անվտանգության հետ։ Այս իրավիճակում չի կարելի հանդուրժել ու ասել, որ մի բանաձև ավել-պակաս կարող է լինել։ Սակայն մեկ այլ հարց ևս առաջանում է` եթե Ադրբեջանը կարողանում է գնել պատգամավորներին, ապա ինչո՞ւ չի կարողանում գնել իր դեմ զեկույցները։ Այդ ինչպե՞ս է պատահում, որ Ադրբեջանը չի կարողանում գնել այդ բանաձևերը։ Այդ ինչքա՞ն վատ են իրենց պահել, այդ որքա՞ն վատ համբավ ունեն, որ իրենց առարկությունները հաշվի չեն առնում։ Սա արդյո՞ք մտածելու առիթ չպետք է տա Սերժ Սարգսյանին»,- նման մտահոգություն հայտնեց Ստեփան Սաֆարյանը։
ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«168 ԺԱՄ»