Հայաստանը դուրս է մղվում ԵՏՄ-ի 170 միլիոնանոց շուկայից. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ավելի քան երկու տարի առաջ` 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո հայտարարեց, որ Հայաստանը դառնալու է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ: Իսկ այս տարվա հունվարի 2-ից Հայաստանը պաշտոնապես ընդգրկվեց այդ միության կազմում:

Մինչեւ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Հայաստանը գնում էր բոլորովին այլ, կարելի է ասել՝ հակառակ ուղղությամբ` դեպի Եվրամիության հետ ասոցացման, եւ ակնարկ անգամ չկար, որ մենք կարող է եւ դառնանք ԵՏՄ անդամ: Բայց Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո մինչ այդ ԵՄ-ի հետ ասոցացումը գովերգող մեր չինովնիկները մեկեն դարձան ԵՏՄ-ի երկրպագուներ:

Վերջիններս որպես ԵՏՄ-ին անդամակցելու հիմնավորում բերում էին ամենագլխավոր փաստարկը` մեր առաջ բացվում է 170 միլիոնանոց շուկա, ու հեսա տեսեք ինչ ենք անելու` ոնց ենք մի շնչով գրավելու այդ շուկան: ԵՏՄ-ին անդամակցելուց անցել է 9 ամիս եւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մեր երկրի արտաքին առեւտրի վերաբերյալ պաշտոնական ցուցանիշները, որոնցից պարզ երեւում է, թե ինչպես ենք «գրավել» ԵՏՄ շուկան:

Ըստ ԱՎԾ-ի հրապարակումների՝ այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 158.5 միլիոն դոլարի ապրանք այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 219.5 միլիոն դոլարի ապրանք: Նվազումը կազմել է 61 միլիոն դոլար կամ 27.8 տոկոս: Այլ կերպ ասած, ԵՏՄ անդամ ՌԴ-ի շուկայի «գրավման» ծավալը նվազել է մոտ մեկ երրորդով:

ԵՏՄ մեկ այլ անդամի` Բելառուսի պարագայում պատկերը հետեւյալն է` այս տարվա առաջին 9 ամիսներին Բելառուս ենք արտահանել 4.1 միլիոն դոլարի ապրանք այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 6.5 միլիոն դոլար էր: Հայաստանից դեպի Բելառուս արտահանման ծավալը նվազել է մոտ 37 տոկոսով: ԵՏՄ անդամ Ղազախստան արտահանումները Հայաստանից նվազել են 20 տոկոսով: Եթե անցած տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Ղազախստան էինք արտահանել 5 միլիոն դոլարի ապրանք, ապա այս տարի` 4 միլիոն դոլարի:

Բայց սրանք ֆիզիկական ծավալներն են եւ ամբողջությամբ չէ, որ արտահայտում են իրական վիճակը: Ավելի ամբողջական պատկեր ստանալու համար պետք է դիտարկել այլ ցուցանիշներ եւս: Եթե անցած տարվա առաջին 9 ամիսներին դեպի Ռուսաստան արտահանումը մեր ընդհանուր արտահանման մեջ մոտ 20 տոկոս էր կազմում, ապա այս տարի 14.5 տոկոսն է միայն: Նվազել են նաեւ դեպի Բելառուս եւ Ղազախստան արտահանումների մասնաբաժինները ընդհանուրի մեջ: Բայց սա էլ դեռ ամբողջը չէ:

Ամենահետաքրքիր ցուցանիշը վերաբերում է ԵՏՄ-ից Հայաստան իրականացվող ներմուծումների ծավալներին, որից անհայտ է դառնում, որ ոչ թե Հայաստանն է գրավել ԵՏՄ-ի 170 միլիոնանոց շուկան, այլ ճիշտ հակառակը: Այսպես. անցած տարվա առաջին 9 ամիսներին Ռուսաստանից Հայաստանից ներմուծվել էր 795 միլիոն դոլարի ապրանք, իսկ այս տարի` 712,7 միլիոն դոլարի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս