«Այս կիսատ-պռատ անկախության պայմաններում, բոլոր տեսակի հապճեպություններից «սոլյանկայի» հոտ է գալիս, արդեն զզվելի է». Հրանտ Վարդանյան
Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը կողմ քվեարկեց նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը, իսկ արդեն հոկտեմբերի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դեկտեմբերի 6-ը հաստատվեց՝ որպես հանրաքվեի օր:
Մինչ հանրաքվեի սահմանված ժամկետը՝ դեկտեմբերի 6-ը, 168.am-ը պարբերաբար կներկայացնի մեզանում հայտնի արվեստագետների և մտավորական գործիչների խոհերն այն մասին, թե ինչքանո՞վ էին նպատակահարմար սահմանադրական բարեփոխումների և հանրաքվեի անցկացումը, կամ ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ մենք արդեն նոր սահմանադրական կարգից:
Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է ռեժիսոր Հրանտ Վարդանյանի հետ, ով առաջիկա քաղաքական-հասարակական այս կարևոր իրադարձության մասին ասաց.
«Մենք (անկախ) պետություն ենք, և կարծում եմ՝ այսօր սեփական շահերից բխող Սահմանադրություն է պետք ունենալ` իր ուրույն գաղափարախոսությամբ: Հաշվի առնելով թե՛ Արևմուտքի, և թե՛ Արևելքի փորձը, մեզ՝ հայերիս, հարկավոր է հատուկ մի Սահմանադրություն, ուր հաշվի կառնվեն բոլորիս իրավունքները, շահերն ու պարտականությունները: Սակայն ես չեմ տեսնում, որ նոր ու հին Սահմանադրության տարբերությանն «այո» կամ «ոչ» ասողները գաղափարախոսություն ունենան:
Մի կողմն ասում է, որ պետք է տապալել հանրաքվեի անցկացումը, մյուս կողմն ուզում է ամեն կերպ բռնվել իր ունեցածից և պահել այն: Միակ գաղափարապես ուղղվածություն ունեցող առաջարկը, իմ կարծիքով՝ մինչև այսօր ներկայացվել է միայն Պարույր Հայրիկյանի կողմից, որի վրա, սակայն, չեն սևեռվում մեր իրավաբաններն ու իրավագետները, չեն դարձնում այն քննարկման առարկա, անգամ, եթե դա ապագայի անելիք է: Կարծում եմ՝ մենք դեռ չունենք այն, ինչն իսկապես մեզ պետք է, ավելին՝ մենք շատ ենք շեղվել դրանից: Այսօր մենք հայտնվել ենք օտար երկրներից թելադրված, երբեմն՝ օտարի շահերին առավել ծառայող մի իրավիճակում: Մի բան էլ՝ այս կիսատ-պռատ անկախության պայմաններում, բոլոր տեսակի հապճեպություններից «սոլյանկայի» հոտ է գալիս, արդեն զզվելի է: Կարոտ մնացինք Ազգովի անելիքին…
Այսօր չկա ո՛չ միասնական կառավարում, ո՛չ միասնական ընդդիմության: Ես դեմ եմ այսօրվա ստեղծված, կիսատ-պռատ իրականությանը, որի հիմքը դրվեց հենց այսպես էլ կիսատ-պռատ ապասովետականացումից»,- մեզ հետ զրույցում ասաց Հրանտ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Մայր օրենքը՝ Սահմանադրությունը, ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի հանրաքվեով, ինչը հաջորդել է 1991թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմանը: 1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունել է Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որի 12-րդ կետով նախատեսված էր Սահմանադրության, պետական մարմինների գործունեության, Հանրապետության նոր օրենսդրության մշակումը:
Սահմանադրությունն ընդունվում և փոփոխվում է հանրաքվեով, որն առաջարկում է հանրապետության նախագահը` Ազգային ժողովի առաջարկով կամ համաձայնությամբ։ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «հանրաքվեի դրված նախագիծն ընդունված է համարվում, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը»:
Սահմանադրությունը բարեփոխելու առաջին անհրաժեշտությունն առաջացել է 2001թ., երբ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ: Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դրվեց 2003 թ., որը, սակայն, տապալվեց: Երկու տարի անց՝ 2005թ. նոյեմբերի 27-ին, հանրաքվեի դրվեց բարեփոխումների փոփոխված նախագիծը:
2005թ. կատարված փոփոխությունները վերաբերում էին հանրապետության կառավարման կարգին, իշխանությունների բաժանմանը: Ի տարբերություն 1995թ. Սահմանադրությանը՝ նշանակալիորեն կրճատվեցին նախագահի լիազորությունները, ընդլայնվեց Ազգային ժողովի դերը: Նոր փոփոխություններով նախագահը կարող էր վարչապետ նշանակել միայն Ազգային ժողովի խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա։ Վերացավ նաև նախագահի բացառիկ՝ Ազգային ժողովն արձակելու հնարավորությունը՝ սահմանելով կոնկրետ դեպքեր: Փոփոխություններ եղան դատական համակարգի կազմակերպման ոլորտում։
Ըստ նոր հայեցակարգի՝ Հայաստանի Հանրապետությունը նախագահականից անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի: Հայեցակարգի համաձայն՝ հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից:
Վարչապետը պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջև: