Հացի խնդիր

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն օրերս հրապարակեց «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2015թ.» զեկույցը։ Ճիշտ է` մեզանից շատերը պաշտոնական վիճակագրության ներկայացրած պատկերը հալած յուղի տեղ չեն ընդունում և նախընտրում են դատողություններ անել աչքի տեսածով, սակայն կան ցուցանիշներ, որոնք «փայլեցնելը» վեր է անգամ ԱՎԾ-ի ուժերից։

Մենք աչքի անցկացրինք այս զեկույցի բաժիններից մեկը, որը ներկայացնում է ՀՀ տնային տնտեսությունների վիճակը։ Անկեղծ ասած, նախևառաջ հույս ունեինք զեկույցում վերջապես գտնել մի այնպիսի կարևորագույն ցուցանիշ, ինչպիսին աղքատության մակարդակն է։ Սակայն, որքան էլ զարմանալի լինի` տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում, երբ տեղեկատվության փոխանցումն ու մշակումը հարյուրավոր անգամ ավելի արագ է տեղի ունենում, քան տարիներ առաջ, Ազգային վիճակագրական ծառայությունը չի թարմացնում այս ցուցանիշը։

Աղքատության մակարդակի ամենաթարմ ցուցանիշը, որ հրապարակվել է, արտացոլում է 2013 թվականի մակարդակը։ Ըստ պաշտոնական վիճակագրության` 2013-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 32%, որից ծայրահեղ աղքատության մակարդակը` 2.7%։ Կարծում ենք` ձեզ կհետաքրքրի նաև, որ ամենաաղքատ մարզերն են Շիրակը (45.9% աղքատություն) և Կոտայքը (42.5%): Համեմատաբար բարեկեցիկ են Վայոց Ձորի մարզը, որտեղ աղքատության մակարդակը 21% է, և Արագածոտնը (22.7%)։ Երևանում աղքատ է բնակչության 25.5%-ը։ Այս ամենը նորություն չէ իհարկե. տվյալները վաղուց էին հրապարակված։ Սա ավելի շուտ հիշեցում է այն մասին, թե աղքատության մակարդակը որքան է, և այն մասին, որ 2014 թվականի և 2015-ի ընթացիկ ցուցանիշները դեռ չկան։

Սակայն Ազգային վիճակագրական ծառայությունը 2014թ. համար հրապարակել է նաև բնակչության սոցիալական վիճակին վերաբերող այլ ցուցանիշներ, որոնք նույնպես հետաքրքրություն են ներկայացնում։

Օրինակ` որքան են աճել ՀՀ բնակչության սպառողական ծախսերը վերջին 5 տարիների ընթացքում։ Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2014 թվականի տվյալներով` Հայաստանում տնային տնտեսության 1 շնչին ընկնող սպառողական ծախսերը կազմել են ամսական 40770 դրամ։ 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել է 28646 դրամ։ Այսինքն` ՀՀ միջին վիճակագրական բնակիչը 5 տարվա ընթացքում ավելացրել է ծախսերը 12124 դրամով կամ 42.3%-ով։

Թվում է` վատ չէ։ Եթե ծախսերն ավելացել են, նշանակում է` եկամուտները նույնպես ավելացել են, ու մարդիկ սկսել են ավելի լավ ապրել։ Սակայն այս պնդման ճշմարտացիությունը ստուգելու մի պարզ ձև կա` համեմատել գնաճի ցուցանիշները։
2010 թվականին, ըստ պաշտոնական վիճակագրության, սպառողական գների 12-ամսյա աճը կազմել է 9.4%։ 2011 թվականին գնաճը եղել է 4.7%, 2012-ին` 3.2%, 2013-ին` 5.6%, և 2014-ին` 4.6%։ Պարզ թվաբանության միջոցով կարելի է հաշվել, որ 2010-2014 թվականների ընթացքում սպառողական գները Հայաստանում աճել են 30.6 տոկոսով։

Այսինքն` մարդկանց ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե` եկամուտների կամ գնողունակության աճով, այլ` գնաճով։ Իրական գնողունակությունը, այս ցուցանիշները հաշվի առնելով, 5 տարիների ընթացքում աճել է 12-ից էլ քիչ տոկոսով։

Կա ևս մեկ շատ կարևոր ցուցանիշ, որը բնութագրում է ՀՀ բնակչության իրական կենսամակարդակը։ Խոսքը վերաբերում է սննդի վրա կատարված ծախսերին։ Ըստ նույն զեկույցի, 2014 թվականի տվյալներով` Հայաստանում տնային տնտեսության 1 շնչին ընկնող սննդամթերքի ծախսերը կազմել են ամսական 18879 դրամ։ Սա կազմում է ընդհանուր սպառողական ծախսերի 46.3%-ը, ինչը չափազանց տխուր ցուցանիշ է։

Bab1

Ընդհանուր ծախսերի մեջ սննդամթերքին ուղղվող ծախսերի մեծ տեսակարար կշիռն անուղղակիորեն վկայում է աղքատության մակարդակի մասին։ 46.3%-ը նշանակում է, որ Հայաստանում ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնվելուն` գոյատևելուն։ Իսկ ավելի խոցելի խմբերի մոտ (օրինակ` առաջին քվինտիլ) սննդի ծախսերը մոտենում են 55%-ին։ Այդ ցուցանիշով մենք նույն շարքում ենք Կամերունի, Քենիայի և այլ երկրների հետ։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Ֆրանսիայում սննդամթերքի վրա կատարված ծախսերը կազմում են ամսական ընդհանուր ծախսերի 17%-ը, Հարավային Կորեայում` 15%-ը, ԱՄՆ-ում` 7-8%-ը։

Ու չնայած նրան, որ ՀՀ քաղաքացիները վաստակածի առյուծի բաժինը ծախսում են սննդի վրա` նրանք թերսնվում են։ Այսպես, ըստ ՀՀ առողջապահության նախարարության գնահատման` Հայաստանում 1 անձի սպառած սննդամթերքի նվազագույն էներգետիկ արժեքը պետք է կազմի 2412.1կկալ, ըստ Համաշխարհային բանկի չափանիշների` 2232կկալ։

Իսկ քանի՞ կալորիա ենք մենք ստանում։ Ըստ ԱՎԾ-զեկույցի` 2014 թվականի տվյալներով` մեկ շնչի հաշվով օրական սպառված սննդամթերքի էներգետիկան կազմել է միջինը 2043կկալ։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վայոց Ձորի (2373 կկալ) և Արարատի (2313 կկալ) մարզերում։ Ամենացածր ցուցանիշը Գեղարքունիքում է (1898 կկալ), և որքան էլ զարմանալի լինի` մայրաքաղաքում (1928 կկալ)։

Նշենք նաև, որ ամենախոցելի խավի (առաջին քվինտիլ) մարդիկ մեկ շնչի հաշվով օրական ստացել են 1399 կկալ։ Իսկ ամենաապահովված խավի համար 1 շնչի հաշվով սպառած սննդամթերքի էներգետիկ արժեքը` 3196կկալ։

Bab

Սոցիալական վիճակին վերաբերող ցուցանիշները, իհարկե, այսքանը չեն։ Կարելի էր ներկայացնել բնակչության եկամուտների և սպառման բևեռացման մակարդակը, քաղաքային և գյուղական բնակավայրերի ակնհայտ ու խորացող տարբերությունը, և այլն։ Սակայն այսքանն էլ բավական է, որ հասկանանք` Հայաստանը սոցիալական առումով գտնվում է խիստ անմխիթար վիճակում։ Ընդ որում, սրանք պաշտոնական տվյալներ են, որոնք, որպես կանոն` միշտ մեղմ են ներկայացնում խնդիրների խորությունը։ Սակայն անգամ պաշտոնական վիճակագրությունը չի կարողանում թաքցնել, որ ՀՀ բնակչությունն ունի մի կարևորագույն խնդիր` օրվա հացի խնդիրը։

Այս պայմաններում, երբ ոմանք խոսում են տնտեսական աճի ցուցանիշի, տարբեր զեկույցներում Հայաստանի առաջընթացի մասին, մեղմ ասած, խիստ անհասկանալի է։

Կրկնենք, որ այս ամենը թարմ տվյալներ չեն, սակայն վերջերս են հրապարակվել։ Ու սա շատ լավ առիթ է, որպեսզի քաղաքական և այլ խաղերի մեջ ընկղմված ու իրականությունից կտրված շերտը մի պահ սթափվի, որովհետև օրվա հացի խնդիր լուծող մարդուն, որպես կանոն, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում։

Ու քանի որ այս օրերին քննարկման առանցքում Սահմանադրական փոփոխություններն են, լավ կլինի բոլորս գիտակցենք` պաշտոնական տվյալներով արդեն իսկ ամեն օր խախտվում է ՀՀ բնակչության 32%-ի սահմանադրական իրավունքը։ Չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, և պետությունը պետք է ապահովի մարդու ապրուստի նվազագույն պայմանները։ Ու այդ իրավունքը խախտված է լինելու նաև նոր Սահմանադրության պայմաններում (եթե այն ընդունվի)` այնտեղ նույնպես ՀՀ-ն սոցիալական պետություն է։ Որովհետև մեր խնդիրները ոչ թե` Սահմանադրության հոդվածների մեջ են, այլ` լրիվ այլ հարթությունում։

Տեսանյութեր

Լրահոս