«Ռուսաստանը կայսրության հոգեվարքի մեջ է». Արա Պապյան
«Օդանավի ընկնելուց օրեր առաջ ես ասել էի, որ տեռորիստական գործողություններ կկատարվեն Ռուաաստանի դեմ: Եթե ընդունենք, որ դա տեռորիստական ակտ էր, ինչը շատ հավանական է, դա իր դառը հետևանքները կարող է ունենալ. և՛ Ռուսաստանի համար կարող են դրանք շարունակվել, և՛ Հայաստանի համար, քանի որ մենք աշխարհի կողմից ընկալվում ենք՝ որպես Ռուսաստանի ածանցյալ»,- այսօրվա ասուլիսին խոսելով Airbus 321 օդանավի կործանման մասին՝ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Բանախոսն ընդգծեց, որ, երբ Ռուսաստանի հետ մտերմանում ենք, չգիտես ինչու, միայն դրա լավ կողմերն ենք ուզում անընդհատ ցույց տալ՝ չհասկանալով, որ հսկայական բացասական բաներ կան այդ ամբողջի մեջ՝ սկսած տնտեսականից, վերջացրած անվտանգության հարցով:
Նա նշեց, որ Սիրիայում արդեն տեղեկություններ կան, թե ռուսները սկսել են ցամաքային գործողություններ. «Եթե սա խորանա, տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ Աֆղանստանում: Ռուսաստանին նաև ներքաշում են այդ ամբողջ գործընթացի մեջ: Արևմուտքը շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանը ելք չունի։ Այսինքն՝ Ռուսաստանի ընտրությունը վատի և ավելի վատի միջև է: Վատն այն է, որ ինքը ներքաշվում է, ավելի վատ կլիներ, որ ընդհանրապես չմասնակցեր, որովհետև այն հավակնություններն ու ամբիցիաները, որն ունի Պուտինը՝ Ռուսաստանը որպես համաշխարհային ուժ, դա կչքանար, եթե Սիրիան կորցնեին: Ռուսաստանի հիմնական խնդիրն այն է, ինչ ունենում են շատ կայսրություններ՝ Ռուսաստանը կայսրության հոգեվարքի մեջ է»:
Բանախոսի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է հասկանա, որ ինքն այլևս կայսրություն չէ. «Լավագույն դեպքում՝ կարող է լինել ռեգիոնալ ուժ, բայց ուզում է Սովետի դերը ստանձնել, ինչը չի կարող։ Ռուսաստանը հիմա կարող է կարճաժամկետ հաջողություններ ունենալ, բայց վերջնական հաղթանակի հասնել Սիրիայում՝ չի կարող»: