«Այս անգամ ցանկանում ենք բանակցել ու ստորագրել». Գունար Վիգանտը` ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի և ռուսական հնարավոր միջամտության մասին

«ԵՄ-ն «կամ-կամ»-ի իրավիճակում չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ կարճ զրույցի ընթացքում ասաց ՀՀ-ԵՄ համագործակցության նիստի մասնակցելու նպատակով ՀՀ-ում գտնվող Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանտը` անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցության ներկայիս փուլին և ՀՀ-ում սպասվելիք սահմանադրական բարեփոխումներին:

Հարցին, թե սահմանադրական հանրաքվեի հնարավոր խախտումներն ինչպե՞ս կանդրադառնան ՀՀ-ԵՄ համագործակցության վրա, նա պատասխանեց, որ չպետք է ենթադրել, որ ինչ-որ բան պետք է կեղծվի: «Մենք գիտենք, որ այս երկրում հանրաքվեն անցկացվելու է ժողովրդավարական սկզբունքների համաձայն, ելնելով Հայաստանի Ընտրական օրենսգրքի պայմաններից: Այս հանրաքվեն պետք է իրականացվի, ըստ միջազգային չափանիշների, որոնք հայտնի են: Մեր գործը չէ կանխատեսել, թե ինչպիսին կլինի հանրաքվեն, մեր գործը հետևյալն է` երբ այն տեղի կունենա, մենք կարող ենք գնահատել և կարծիք հայտնել դրա վերաբերյալ, չենք կարող նախապես ասել` կկեղծվի՞, թե՞ ոչ: Մենք ունենք Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որն իր եզրակացություններն է արել: ԵՄ-ում ունենք և նախագահական կառավարման համակարգ, և խորհրդարանական, կան նաև երկրներ, որոնք հանրապետություններ չեն, բայց ունեն լավ ժողովրդավարություններ: Մենք գիտենք, որ Ձեր մոտ նման փոփոխություններ են նախատեսվում, ունենալով երկու համակարգերը, չենք կարող ասել` որն է լավ, որն է վատ, կարևորը լավ կառավարվի»,- նման տեսակետ հայտնեց ԵՄ ներկայացուցիչը՝ շարունակելով, թե կարևոր է, որպեսզի սահմանադրական բարեփոխումները երկիրը տանեն կայունության, արդարության, ազատության, հիմնարար ազատությունների պահպանման ուղղությամբ:

Խոսելով ապագայում ՀՀ-ԵՄ կնքվելիք համաձայնագրից, Գունար Վիգանտն ասաց, որ իրեն մի քանի տարի առաջ ևս հարցնում էին, թե երբ է ստորագրվելու Ասոցացման համաձայնագիրը: Սակայն, ըստ նրա, փաստաթուղթը երեքուկես տարի բանակցեցին և չստորագրեցին:

«Բայց այս անգամ մենք ցանկանում ենք բանակցել ու ստորագրել: Միշտ էլ հաճելի չէ ստանալ հարց բանակցությունների ստորագրման մասին, քանի որ լավ չէ, երբ կան ժամանակային ճնշումներ: Մենք ցանկանում ենք ունենալու լավ և կայուն համաձայնագիր: Իմ գործընկեր Լյուկ Դիվինիեն պետք է բանակցի առևտրային և ներդրումային նախապայմանները: Դա լինելու է կարևոր համաձայնագիր, քանի որ ունենալու է շատ լայն շրջանակ և խորացված տեսք: Ես չեմ տեսնում լուրջ փոփոխություններ արտաքին, ներքին քաղաքականությունում, տնտեսական և ոլորտային համագործակցության ոլորտում: Բայց, այո, փոփոխություններ լինելու են առևտրի և ներդրումային քաղաքականության մեջ, որովհետև դա առաջնահերթ ուղղություն է, քանի որ հարգում ենք Հայաստանի որոշումը միանալ ԵՏՄ-ին»,- ասաց Վիգանտը:

Հարցին, թե այս անգամ ակնկալո՞ւմ են արդյոք ռուսական միջամտություն, նա պատասխանեց՝ ոչ: «Չենք սպասում, քանի որ մենք գիտենք, որ Հայաստանը խորհրդակցում է իր ԵՏՄ գործընկերների հետ, ինչպես Ղազախստանն է անում, որի հետ մենք բանակցել ենք համաձայնագիր: Գործընկերները պետք է հարգեն այն պարտավորությունները, որոնք ստանձնել են: Մենք «կամ կամ»-ի իրավիճակում չենք»,- ընդգծեց Վիգանտը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանում մեկնարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի տասնվեցերորդ նիստը: Նիստի համանախագահներն են. հայկական կողմից` ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, եվրոպական կողմից` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանտը:

Տեսանյութեր

Լրահոս