
Մահացել է Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի վիրավորներից մեկը. զոհերի թիվը հասել է 8-ի

Ինչպես հայտնում է Interfax-ը, հղում կատարելով արտակարգ ծառայություններում աղբյուրին, Տուլայում Մոսկվա-Երևան ավտոբուսի զոհերի թիվը հասել է 8-ի:
«Տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում: Այդկերպ, վթարը խլել է 8 մարդու կյանք»,- ասել է գործակալության աղբյուրը:
Եվս 42 մարդ վիրավորվել է վթարի հետևանքով:
Ինչպես գիտենք, այսօր գիշերը դաշնային «Դոն» ավտոմայրուղու 221-րդ կիլոմետրին կողաշրջվել է Մոսկվայից Երևան ուղևորվող Hyundai ուղևորատար ավտոբուսը:
Ինչպես հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության Տուլայի մարզի վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Յարցևը, գործը հարուցվել է «Երթևեկության կանոնների խախտում ու տրանսպորտային միջոցի շահագործում, որը անզգուշաբար դարձել է 2 ու ավելի անձանց մահվան պատճառ» հոդվածով:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսում գտնվել է Հայաստանի 63 քաղաքացի:
Հիշեցնենք, որ ուղևորատար Hyundai մեքենան կողաշրջվել է Ուզլովայա քաղաքի «Դոն» մայրուղում: Ավտոբուսը պատկանել է հայկական կազմակերպության:
Ռուսաստանի ԱԻՆ-ի Տուլայի մարզի գլխավոր վարչությունում բացվել է «թեժ գիծ»՝ 8(4872)21-16-09 հեռախոսահամարով: