Ցանկացած հեղափոխական փորձ առանձնահատուկ է. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Ուղիղ 12 տարի աոաջ 2003 թվականի նոյեմբերի 2-ին Վրաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք պատճառ (կամ գուցե պատրվակ)՝ դարձան «վարդերի հեղափոխության» համար։ Այդ ընտրություններից առաջ Վրաստանի քաղաքացիների դժգոհությանը Վրաստանի այն ժամանակվա նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի իշխանությունից մեծ էր՝ տնտեսական ծանր վիճակ, աղքատություն, համատարած կոռուպցիա, բարձր հանցավորություն… կենտրոնական իշխանությունը չէր վերահսկում Աբխազիան եւ Հարավային Օսիան եւ շատ թույլ էր վերահսկում Աջարիան ու մի շարք այլ շրջաններ։

Ընտրություններից մի քանի ամիս աոաջ երիտասարդ քաղաքական գործիչներ Նինո Բուրջանաձեն, Զուրաբ Ժվանիան եւ Միխեիլ Սաակաշվիլին դուրս եկան Շեւարդնաձեի ղեկավարած «Վրաստանի քաղաքացիների միությունից» եւ ստեղծեցին իրենց ընդդիմադիր, արեւմտամետ կուսակցությունները։ Ընտրարշավի ժամանակ պարզ էր, որ կեղծիքները համատարած են լինելու՝ ընտրացուցակների մեջ չէին մտել ամբողջ թաղամասեր, մյուս կողմից՝ ընդգրկված էին վաղուց մահացած մարդկանց անուններ։ Ընտրությունների արդյունքներով, ըստ պաշտոնական տվյալների, Շեւարդնաձեի «Վրաստանի քաղաքացիների միությունը» եւ Աջարիայի ղեկավար Աբաշիձեի գլխավորած «Դեմոկրատական վերածննդի միությունը» հավաքել էին առավելագույն ձայներ։

Սակայն ընդդիմադիր կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները եւ բոլոր միջազգային դիտորդները հայտարարեցին, որ չեն ընդունում այդ արդյունքները, որից հետո սկսվեցին բողոքի երկարատեւ ցույցեր ոչ միայն Թբիլիսիում, այլեւ Վրաստանի մի շարք այլ բազարներում։ Այդ ընթացքում ցույցերի կազմակերպիչները ստանում էին Արեւմուտքի, նախեւաոաջ Միացյալ Նահանգների ակնհայտ բարոյական եւ նյութական աջակցությունը։ Ընտրություններից 20 օր անց՝ նոր գումարման խորհրդարանի աոաջին նիստի ժամանակ, Սաակաշվիլին եւ նրա կողմնակիցները ճեղքեցին ոստիկանության պատնեշը, վարդերը ձեռքին ներխուժեցին խորհրդարան, եւ այդ պահին ելույթ ունեցող Շեւարդնաձեն ստիպված էր իր թիկնապահների հետ լքել դահլիճը։

Վրաստանի նախագահը հայտարարեց արտակարգ դրություն եւ հրամայեց բանակին ու ոստիկանական զորքերին գալ իր նստավայրի մոտ։ Սակայն վերջիններս հրաժարվեցին կատարել հրամանը։ Հաջորդ օրը Թբիլիսի ժամանեց Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովը, եւ հեղափոխականների հետ բանակցությունների արդյունքում Շեւարդնաձեն հրաժարական տվեց։

Սրանք չոր փաստեր են, մնացածն արդեն իմ սուբյեկտիվ գնահատականն է։ Հաջորդ տարի՝ 2004 թվականի հունվարի 4– ին, իշխանության եկած Սաակաշվիլիի ամենամեծ հաջողությունն այն էր, որ նրա կուսակցությունը 2012 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում պարտվեց եւ խաղաղ հեոացավ իշխանությունից։ Թեեւ Սաակաշվիլիի ղեկավարած 12 տարիների ընթացքում Վրաստանը տնտեսության, ժողովրդավարության եւ խոսքի ազատության առումով, իմ կարծիքով, աոանձնակի տպավորիչ հաջողությունների չհասավ, բայց այս մի նվաճումն իր նշանակությամբ «ծածկում է» բոլոր մնացած խնդիրները։ Սաակաշվիլիին հաջողվել է հաղթահարել կոռուպցիան պետական ստորին մակարդակներում, վերականգնել կենտրոնական իշխանությունը Աջարիայում եւ Վրաստանի մյուս շրջաններում՝ բացառությամբ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի»։

Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս