Բաժիններ՝

«Վարչախումբը գլոբալ պարտվել է»

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում երեկ մեկնարկեցին 2016 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: 4460-էջանոց փաստաթուղթն իշխանության ներկայացուցիչներն անվանում են «իրատեսական» ու «սոցիալական», իսկ ընդդիմադիրները՝ «պարտվողական» և «ամոթալի»: Եկամուտները ծրագրվել են 1 տրլն 183.0 մլրդ դրամ, ծախսերը` 1 տրլն 373.74 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 190.74 մլրդ դրամ: 2016 թ. համար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 2.2%, գնաճը՝ 4%՞1.5%:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի բնորոշմամբ՝ հաջորդ տարվա բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, դա է վկայում այն, որ բյուջեի ծախսերի շուրջ կեսը կազմում են առողջապահության, կրթության և սոցիալական ծախսերը: «Հարկաբյուջետային զարգացումները ողջ տարածաշրջանում վկայում են մի բանի մասին՝ գլոբալ կառուցվածքային փոփոխությունների և աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տնտեսական աճի ու հանրային բարեկեցության բոլոր ասպեկտներում անմիջական բարելավումներ խոստանալն ամբոխահաճո, սակայն ոչ ազնիվ մոտեցում է»,- հայտարարեց Հ.Աբրահամյանը:

Ըստ նրա՝ բազմաթիվ միջազգային կառույցների կողմից ներկայիս զարգացումները գնահատվում են ավելի ծանր, քան 2008թ. ճգնաժամը: Վարչապետը նշեց, որ հանրային բարեկեցության միակ ճանապարհը ներդրումների խթանման միջոցով աշխատատեղերի ստեղծումն է, հարկ է խթանել արտադրողին և ստեղծել աճի նախադրյալներ: «Ինչպես և նախկինում, մենք խնդիրներին նայում ենք ոչ թե` այսօրեական շահի, այլ տնտեսական զարգացման հեռանկարի տեսակետից, և հնարավորի սահմաններում ձգտել ենք երկարաժամկետ օգուտները գերադասել անմիջական եկամտի գայթակղությունից»,- ասաց Հ.Աբրահամյանը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը կրկնեց պաշտոնյաների համար ավանդական դարձած միտքը՝ «2016 թ. տնտեսական աճն ավելի համեստ կլինի` պայմանավորված հիմնականում արտաքին զարգացումներով»:

Կարդացեք նաև

«Չորրորդ տարին է` 4-րդ բյուջեն ենք քննարկում, անընդհատ այս արտահայտությունը կա՝ աճի նման տեմպերը պայմանավորված են համաշխարհային տնտեսության վատացմամբ»,- դժգոհեց պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու նշեց, որ փորձը ցույց է տալիս, որ 7%-ից սկսած միգրացիան վատանում է, այսինքն՝ ՀՀ-ին օդի նման անհրաժեշտ է 7% աճ: Ընդ որում՝ 7% աճ խոստացել էր ՀՀԿ-ն 2012 թ. ընտրությունների ժամանակ: Ըստ նրա՝ արտագաղթի ներկայիս տեմպերն աղետ են, և նույնիսկ պատերազմի տարիներին նման թվեր չեն եղել, և այս պայմաններում ուղղակի անհրաժեշտ է աճ, որպեսզի հակառակ պատկերն ունենանք, ու աշխատողները չձգտեն արտերկիր գնալ:

Պատգամավորի խոսքով՝ աշխարհը մյուս տարի սպասում է 3.8% աճ, որը չտեսնված ցուցանիշ է: «Ինչի՞ հիման վրա ենք մենք ասում, որ թիվը կիջնի: Հո պասիվ չե՞նք նայելու: Աճացրեք տնտեսությունը»,- պահանջեց Հ. Բագրատյանը՝ մատնացույց անելով, որ էժան փողը «թափած» է աշխարհում և կարելի է 1-2%-ով պարտք վերցնել: Նրա կարծիքով՝ պետք է գնալ ժողովրդական ներդրումների ճանապարհով, ավելացնել ինքնազբաղվածների թիվը, մինչդեռ ՀՀ-ում 10 հոգի է ներդրում անում. «Իշխող վարչախումբը գլոբալ պարտվել է: Փիլիսոփայական մեծ պրոբլեմի առաջ ենք: Չեք կարող օլիգարխներին բերեք, ասեք՝ էսքան ներդրում արեք»:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում փորձեց արդարացնել ՀՀԿ-ի խոստացած 7% աճի բացակայությունը՝ մատնանշելով ժամանակագրությունը, թե խոստումները երբ են տրվել, և նշեց աշխարհում շատ արագ փոփոխվող տնտեսական իրողությունները: Մոնոպոլիստներից ներդրումներ պահանջելու մասին հարցին նախարարը դիվանագիտական պատասխան տվեց. «Հրանտ Բագրատյանը խելոք մտքեր է արտահայտում, դրա հետ չի կարելի չհամաձայնել: Հրանտ Բագրատյանն ասում է՝ պետք է ներդրումային վիճակը բարելավել, որպեսզի ավելի շատ ներդրումներ լինեն, որը տնտեսական աճի ցուցիչների վրա կանդրադառնա: Այդ առումով բազմաթիվ կոմպոնենտներ կան, որոնք անդրադառնում են ցուցիչների վրա, նախ պետք է հասկանալ` որո՞նք են դրանք, և կառավարության օգնությամբ ջանքեր գործադրենք»:

Ինչպե՞ս և որտեղի՞ց գտնել ներդրումներ: Այս խնդրի շուրջ «168 Ժամը» մի քանի հարց ուղղեց Հրանտ Բագրատյանին:

– Պարոն Բագրատյան, Պավել Սաֆարյանը համաձայնեց Ձեզ հետ, որ ներդրումներն են տնտեսության իրական աճի հիմքը: Ներդրումներ որտեղի՞ց գտնեն:

– Նախքան ներդրում գտնելը պարզում են՝ ո՞վ է ներդրում անողը: Ներդրումների դաշտն ավելի մոնոպոլիզացված է, քան թե արտադրությունը: Իշխանությունը շատ ուշի ուշով հետևում է, որպեսզի ներդրում անեն միայն խոշորները, խոսեն խոշորների հետ, ասեն՝ այսինչ օլիգարխն այստեղ ներդրեց, և այլն: Չնայած նրանց համար էլ դաշտ չկա, վկայությունը եկեղեցաշինությունն է: Նրանք էլ չգիտեն` ինչ անեն, ինչ ծրագիր կարող է լինել, եկեղեցի են շինում:

Ներդրումը դուք եք և ես: Գոյություն ունի ինքնազբաղվածություն, գոյություն ունեն ներդրումային փաստաթղթեր, որ պետք է մասսայական, ժողովրդական տարածվեն, այդ թվում՝ սփյուռքում: Այս բոլորը չի արվում, որովհետև ներդրումը կոնվենցիոնալ է՝ խոսենք մի օլիգարխի հետ և ասենք, որ ինքը ինչ-որ մի գործարան է կառուցում: Ու բոլորի հույսն այն է, որ այդ գործարանը կկառուցեն, մենք էլ կգնանք այնտեղ կաշխատենք: Բայց գործարաններն էլ, եթե կառուցվում են, երկրորդ օրը փակվում են ու չեն աշխատում:

– Ինչո՞ւ չեն աշխատում:

– Որովհետև չի ընտրված մոդելը, ներկայիս բիզնես միջավայրում գործարան պետք է կառուցվի ու փակվի: Եթե դու բիզնես միջավայրի որոշումը կենտրոնացնում ես 10 հոգու մեջ, այդ 10 հոգին գլխի չի ընկնում, թե ինչն է ճիշտ: Ներդրումն ինքը չի պարունակում մասսայական մասնակցություն, իսկ մասսայական մասնակցությունն առաջացնում է նաև մասսայական պահանջարկ ներդրում արված գործարանի ապագա արտադրանքի նկատմամբ: Սա հասարակ գաղափարախոսություն է: Իմ ասածի փիլիսոփայությունը դա է: Իսկ առկա իրավիճակը տապալում է նշանակում: Ներդրումների բացակայությունը ոչ թե փողի բացակայության հետևանք է, այլ սա նշանակում է` տարվող քաղաքականության, մտածելակերպի տապալում:

– Հասարակությունը գերադասում է իր գումարները բարձի տակ պահել, որ ավելի ապահով է, քան թե ներդնել որևէ տեղ:

– Այո: Բացի դա, ներդրումը ո՞րն է: Օրինակ՝ ի՞նչ է գյուղացու ներդրումը: Քանի որ ինքը վարձու աշխատող չունի, ինքը կարող է այդ տարի եկամուտ չունենալ, մի բան կառուցել և մյուս տարի ունենալ եկամուտ: Ի՞նչ է նշանակում՝ ներդրում: Ներդրում նշանակում է՝ որոշել, թե ինչ նոր ծառայություն և արտադրանք պետք կլինի հաջորդ տարի: Եվ երբ դա վերագրում ենք մի օլիգարխի, իրենց կառուցած 10 գործարանից 8-ը հետո փակվում է: Գնում են, կարմիր ժապավենը կտրում, հետո պարզվում է, որ փակվել է: Ես կարող եմ ադամանդի նման 3 գործարան ցույց տալ, որ հանրապետության նախագահները տարբեր տարիների փակել են: Ես ուզում էի իրենց ասել, որ սա տապալում է: Չափազանց կենտրոնացված, ոչ մրցունակ, հավասար մրցակցությունն արհամարհած, տնտեսական անարդյունավետ քաղաքականություն է վարվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս