Սպայական իմ առաջին քայլերը
Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի համապատասխան դասընթացն ավարտելուց հետո ես եւ իմ համակուրսեցի Ձյունիկ Ավեյանը ծառայության անցանք ՀՕՊ զորքերում:
Սրտի թրթիռով էի սպասում այն օրվան, երբ որպես սպա ոտք կդնեմ զորամաս եւ իրականացած կհամարեմ իմ վաղեմի երազանքը: Մտերիմներիցս ոմանք խորհուրդ էին տալիս՝ քանի դեռ ուշ չէ հրաժարվել ծառայությունից` ասելով, որ այն աղջկա գործ չէ: Սակայն ես մտածում էի, որ հենց իմ գործն է, այն էլ՝ սիրած, երազած: Համարձակ ու ինքնավստահ ծառայության անցա: Կարեւորը ծառայության առաջին օրն էր: Իսկ այդ օրը հրաշալի սկսվեց: Հրամանատարական կազմը մեզ շատ ջերմ ընդունեց: Այդ պահին ես աշխարհի ամենաերջանիկ մարդն էի:
Մեր մուտքը զորամաս զուգադիպեց զորավարժությունների հետ. զորամաս էինք գալիս շատ շուտ եւ գնում կեսգիշերին: Ինչպես ասում են՝ միանգամից, առանց նախերգանքի մտանք զինվորական կյանք: Ամեն ինչ ինձ համար հետաքրքիր էր, ուսուցողական: Բոլորի հետ հավասար էինք, բայց, այնուամենայնիվ, «թույլ սեռի» ներկայացուցիչներս մշտապես գտնվում էինք հրամկազմի ուշադրության կենտրոնում: Ցուցումներով ու խորհուրդներով մեր հրամանատարները հանձինս զորամասի հրամանատար, գնդապետ Մ. Սահակյանի, հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Գ. Նազարեթյանի, հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Գ. Զեյնալյանի, փոխգնդապետ Խ. Թորոսյանի փորձում էին մեզ օր առաջ ներգրավել զորամասի առօրյայի, զինվորական կյանքի մեջ: Մեկ այլ բան է տեսական գիտելիքը, որը մենք ստացել ենք ինստիտուտում, այլ բան` այն գործնականում կիրառելը, որը պահանջում է զգոնություն, ուշադրություն, կենտրոնացում: Ջանում ենք չտարբերվել տղաներից, մեր նպատակը երկրի օդային սահմանները թշնամուց անսասան պահելն է:
Վերջերս նորանշանակ սպաներս կատարելագործման տասնօրյա ուսումնական դասընթացների մասնակցեցինք ՀՕՊ-ի զորամասերից մեկում: Աղջիկները կարող էին դասերից հետո տուն գնալ, բայց ես նախընտրեցի մնալ ու սովորել: Դասընթացները հետաքրքիր էին, հագեցած էր ամեն ժամը: Դասընթացների ավարտին մեզանից ոմանք, այդ թվում եւ ես, պարգեւատրվեցինք շնորհակալագրերով: Շտապում էի շուտ տուն հասնել եւ ուրախացնել ծնողներիս: Չհամբերեցի՝ ճանապարհից զանգահարեցի մայրիկիս եւ ասացի, որ շնորհակալագիր եմ ստացել:
Երբ զորամաս վերադարձա, հաջողություններիս համար անձնակազմի առաջ ինձ շնորհավորեց մեր զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Գ. Նազարեթյանը:
Այդ օրը իմ կյանքի երջանիկ օրերից մեկն էր:
Ես՝ որպես հայոց բանակի սպա, ինձ պարտավորված եմ զգում իմ հրամանատարների եւ ազգի առջեւ: Վստահ եմ, որ սրբորեն կկատարեմ իր առջեւ դրված բոլոր առաջադրանքները եւ բարձր կպահեմ հայ սպայի պատիվն ու կոչումը:
Նելլի ԳԱԼՍՏՅԱՆ
Աղբյուրը՝ hayzinvor.am: