Բաժիններ՝

Եմենում ռմբակոծվել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցը

Եմենի Սաադա քաղաքում երեքշաբթի գիշերն ավիահարվածների է ենթարկվել «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցը: Ռմբակոծության հետևանքով մի քանի մարդ վնասվածք է ստացել, շինությունը ավերվել է:

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան՝ գեներալ Ահմեդ Ասիրի ղեկավարությամբ, հերքել է տեղեկությունը, թե իրենց ինքնաթիռներն են ավիահարվածներ հասցրել հիվանդանոցին, հայտնում է Reuters-ը:

Սաադը գտնվում է ապստամբ հուսիթների վերահսկողության ներքո: Ավիահարվածները հասցվել են այն ժամանակ, երբ հիվանդանոցում գտնվել են աշխատակիցներն ու հիվանդները:

ՄԱԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ համաձայն ստացված տեղեկության, ռմբակոծության հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է, հիվանդանոցը՝ ավերվել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է կոալիցիայի հասցրած ավիահարվածները ու կոչ է արել արագ հետաքննություն անցկացնել:

Սա մեկ ամսում արդեն երկրորդ դեպքն է, երբ ռմբակոծվում է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցը: Հոկտեմբերի սկզբին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ էին հասցրել Աֆղանստանի Կունդուզ քաղաքի հոսպիտալին, ինչի հետևանքով զոհվել էր 30 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս