ID քարտ ունեցողների ցուցակն ունենալու համար առանձին ծրագիր է պետք

Այսօր ԱԺ-ում շարունակվում է ՀՀ Ընտրական օրենսգրքի և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխությունների քննարկումը: Պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարեց, որ կարելի է ամեն ընտրատեղամասում առանձին ցուցակներ տրամադրել այն անձանց անուններով, ովքեր ունեն միայն նույնականացման քարտեր, որպեսզի դիտորդները կարողանան այդ ցուցակով տեղում դիտարկել:

«Դա ինչ-որ չափով կնպաստի վստահության ամրացմանը»,- ասաց Թ.Պողոսյանը:

Նա չհամաձայնեց օրինագծերի համահեղինակ Հովհաննես Սահակյանի երեկ արտահայտած այն տեսակետի հետ, թե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո միայն 15-20 օր է մնում ու սարքեր տեղադրել չեն հասցնի: Ըստ Թ.Պողոսյանի՝ օրենքը, եթե վաղն էլ ընդունվի, ապա պատասխանատուներն արդեն կիմանան ու կարող են սկսել աշխատել այդ ուղղությամբ:

Հ.Սահակյանը նշեց, որ առանձին ցուցակների հարցը քննարկվել է, և առանձին ID քարտ ունեցողների ցուցակն ունենալու համար առանձին ծրագիր է պետք: Նա տեղեկացրեց, որ խոսել է ոստիկանության պաշտոնյանների հետ, և առանձին ծրագիրը կարող է որոշակի բարդություն առաջացնել: Հ.Սահակյանը նշեց, որ նորից կհավաքվեն ու կքննարկեն խնդիրը, գուցե ցուցակներում նշվի, որ տվյալ անձը քվեարկել է նույնականացման քարտով:

«Կարճ ժամկետում արմատական փոփոխությունների գնալը կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ»,- ասաց Հ.Սահակյանը՝ հավելելով, որ օրենքը պետք է նաև տպագրվի տեղեկագրում, որ սկսի գործել:

Թ.Պողոսյանի կարծիքով՝ եթե ոստիկանությունն ունի ID քարտերով քաղաքացիների հաշվառումը, ապա կարելի է նաև ցուցակներն ունենալ. «Կարող են գիշերներն էլ աշխատել ու հասցնեն»: Իսկ և՛ անձնագիր, և՛ նույնականացման քարտ ունեցողներից, Թ.Պողոսյանի կարծիքով, պետք է պահանջել, որ հանրաքվեի գան անձնագրով:

«Ամենաշահագրգիռ քաղաքական ուժը մենք ենք, որովհետև մինչ օրս սահմանադրական փոփոխությունների գործընթացը կառուցել ենք հանդուրժող ու թափանցիկ մթնոլորտում»,- նկատեց Հ.Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս