«ՀՀ-ն ու ԵՄ-ն ուղիղ բանակցություններ պետք է վարեն` անկախ ԱլԳ-ից». Լինաս Կոժալա
«ՀՀ-ն ու ԵՄ-ն ուղիղ բանակցություններ պետք է վարեն` անկախ ԱլԳ-ից»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (Վիլնյուս) Քաղաքական վերլուծության և ուսումնասիրության բաժնի ներկայացուցիչ, հեղինակավոր եվրոպացի վերլուծաբան Լինաս Կոժալան, անդրադառնալով «Արևելյան գործընկերություն» ծրագրի ապագային:
Նա նշեց, որ ամենակարևոր հարցն այս ծրագրում ԵՄ անդամ երկրների միջև կոնսենսուսն է այս ծրագրի նպատակների շուրջ, քանի որ երբ կան հստակ նպատակներ, հնարավոր է ֆիքսել այն մեթոդները և եղանակները, որոնց միջոցով կարելի հասնել այդ նպատակներին, երբ չկան հստակ նպատակներ կամ դրանք մի քանիսն են ու անորոշ, ապա մեթոդների մասին խոսելը բարդ է:
«Կարծում եմ, որ ԵՄ անդամ երկրները դեռ պետք է կոնսենսուս ձևավորեն այս ծրագրի ապագայի վերաբերյալ: Երբ մենք ունենք հավաքական նպատակ, նույնիսկ շատ փոքր, ինչպիսին վիզաների ազատականացումն է Ուկրաինայի և Վրաստանի հետ, հեշտ է իրականցնելը: Այս երկրները հստակ գիտեն, որ շատ մոտ են այդ նպատակի իրականացմանը, նրանք պետք է աշխատանք իրականացնեն ու ունենան դա, սա կարճաժամկետ նպատակ է, օրինակ` Հայաստանը բաց կթողնի այս նպատակը: ԵՄ-ն չի կարող շատ բան առաջարկել, քանի որ չունի որոշում, բայց Հայաստանը ևս չգիտի`ինչ անել իր ուզածին հասնելու համար: Առաջին հերթին պետք են ուղիղ բանակցություններ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև գուցե ոչ այնքան «Արևելյան գործընկերություն» ծրագրի նպատակների ու օրակարգի շրջանակում, որքան «Արևելյան գործընկերության նպատակները Հայաստանում» ձևակերպման շրջանակում:
Համագործակցության այս տարբերակը կտարբերվի մեծապես Մոլդավայից, Վրաստանից և Ուկրաինայից: Մեզ այս պահին կարճաժամկետ նպատակները ևս կօգնեն, առանց դրա անհնար է ԱլԳ-ի մասին խոսել, որպես իրական քաղաքականության, քանի որ ներկայիս պայմաններում եթե բոլոր երկրները չունեն Ասոցացման համաձայնագրեր, «Արևելյան գործընկերությունը» չի աշխատի»,- նման տեսակետ հայտնեց Կոժալան:
Նրա խոսքով, քանի որ ԵՏՄ-ն մի շարք հարցերում անհամատեղելի է ԵՄ փաստաթղթավորման և կարգավորումների հետ, Հայաստանը ԵՄ-ի հետ չի կարող բարձր մակարդակի հարաբերություններ ունենալ: «Նոր համաձայնագիրը, վստահաբար, փոքրամասշտաբ նպատակներ կներառի, համագործակցության համաձայնագրեր որոշ ոլորտներում: Ես չեմ կարծում, որ ընդարձակ համաձայնագիր կարող է լինել Հայաստանի հետ մոտ ապագայում, քանի որ կա Ռուսաստանի ռազմավարական ազդեցությունը և ՀՀ ԵՏՄ անդամակցությունը»,- ասաց նա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: