Բաժիններ՝

«Օրենքից այս դրույթը հանելը միանշանակ իջեցնելու է ՀՀ վարկանիշը»

ԱԺ պատգամավորներ Թևան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Ռուբիկ Հակոբյանն առաջարկում են օտարերկրյա ներդրողներին զրկել արտոնություններից և ուժը կորցրած ճանաչել «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ 1994 թվականի օրենքի 7-րդ հոդվածը: Ըստ այդմ՝ սահմանվում է, որ «Օտարերկրյա ներդրումները կարգավորող` ՀՀ օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը»:

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Թ.Պողոսյանը ներկայացրեց, որ այս դրույթը ոչ միայն անհավասար պայմաններ է ստեղծում տեղական և օտարերկրյա ներդրողների միջև՝ հօգուտ վերջիններիս, այլև, ըստ էության, պետությանը զրկում է իր շահերից բխող քաղաքականություն վարելու, մասնավորապես հակամենաշնորհային գործողություններ իրականացնելու հնարավորությունից: Նախորդ տասնամյակի սկզբին նման դրույթի առկայության և կիրառման պատճառով տարիներ շարունակ հնարավոր չէր «ԱրմենՏել» ՓԲԸ-ի զրկումը մենաշնորհից, ինչի արդյունքում Հայաստանում հեռահաղորդակացության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը ուշացավ մի քանի տարով:

Առաջարկվող նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ հոդվածը, ինչը հիմք կհանդիսանա ՀՀ անվտանգության ամրապնդման, տնտեսական առաջընթացի և մի շարք սոցիալական խնդիրների լուծման համար:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը հայտարարեց, որ օտարերկյա ներդրողների աջակցության մասին հատուկ դրույթ է լինելու հարկային օրենսգրքում: Նա ընդգծեց, որ արտոնությունների տրամադրումը միջազգային պրակտիկա է, օրինակ՝ ՌԴ-ում տրվում է 7 տարվա արտոնություն:

«Այս դրույթը հանելը միանշանակ իջեցնելու է ՀՀ վարկանիշը»,- ասաց Է.Տարասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս