«Հայաստանի ու Եվրոպական միության համար իրական հեռանկար է բացվել»

Հարցազրույց Եվրախորհրդարանի փոխնախագահ, Եվրանեսթ ԽՎ փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկու հետ

– Ուկրաինական պատերազմի բռնկումից հետո ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագիրը գուցե արդարացիորեն անցավ թեթև, ավելի զգուշավոր ռեժիմի, և եվրոպացի փորձագետների վերլուծությունների համաձայն՝ ծրագիրը բարեկամ պետությունների գոտի ձևավորելու` ԵՄ երազանքը վերածեց մղձավանջի։ Այսինքն` կայունության փոխարեն` տարածաշրջանը դարձավ էլ ավելի անկայուն։ Նույն փորձագետների պնդմամբ, ԵՄ-ի բացթողումների հետևանքով, որոնք կարծես ամբողջությամբ գիտակցված չեն` Ուկրաինայում ամբողջությամբ չի հանգուցալուծվել խնդիրը, Հայաստանը ԵՏՄ անդամ է, Բելառուսը և Ադրբեջանը հակված չեն ԵՄ-ի հետ հարաբերությունների մերձեցման, իսկ մնացած երկրները շարունակում են իրենց ասոցիացման ուղին։ Այս պայմաններում ի՞նչ ապագա եք տեսնում «Արևելյան գործընկերություն» ծրագրի համար։

– Ես բացարձակապես այլ կարծիք ունեմ։ Ես լիահույս եմ, որ ծրագիրը հաջող ընթացք կունենա։ Ակնհայտորեն, մենք ունեցել ենք և ունենք խնդիրներ, սակայն դրանք բնական էին, քանի որ ԵՄ-ն գործ ուներ 6 տարբեր երկրի հետ, որոնք առաջնորդվում էին իրենց շահերով ու խնդիրներով։ Մենք ունեինք խնդիրներ Ադրբեջանի և Բելառուսի հետ, Ադրբեջանի կայացրած որոշումը մեզ չի գոհացնում, բայց Բելառուսում մենք արդեն փոփոխություններ ենք տեսնում, և ես կարծում եմ, որ այդ երկրում մի քանի օր առաջ կայացած ընտրությունները ցույց են տալիս, որ Մինսկը կվերադառնա մեր` եվրոպական համայնք։

Կարծում եմ, որ Բաքուն ևս ապագայում կփոխի իր որոշումը։ Հայաստանի հետ Եվրոպական միությունը կարողացավ հաղթահարել երկու տարի առաջ ձևավորված ճգնաժամը, նոր համաձայնագիր կնքելու հիմքերը դնելով։ Եթե անկեղծ խոսենք, ապա այս երկրներն այլընտրանք չունեն, քանի որ նրանք պարզապես հնարավորություն չունեն աշխարհում ավելի ամուր դիրքեր ունենալ, քան մեր հետ համագործակցությունն է։ Ես մերժում եմ այդ բացասական սցենարները և վստահ եմ, որ զարգացումները դրական հունով են ընթանալու։

– Ձեր կարծիքով` ի՞նչ խնդիրներ պետք է լուծի ԵՄ-ն` այս ծրագիրն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։

– Իրականում հարցն այն է, որ ԵՄ-ն այս պահին, բացի այդ ծրագրում առկա խնդիրներից, լրջագույն խնդիրներ ունի` ինչպես ներգաղթյալների ճգնաժամն է, Հունաստանը, ՌԴ-Արևմուտք հարաբերությունների ճգնաժամը, ԵՄ-ում տարաձայնություններն այս ամենի շուրջ և այլ տնտեսական խնդիրները, որոնք դժվարացնում են ԵՄ ընդլայնման մասին մտածելու գործընթացը, ինչն անդրադառնում է նաև ԱԼԳ-ի վրա, քանի որ ԵՄ-ն չի կարողանում ԱլԳ ծրագրով առաջ գնացած երկրներին տրամադրել ԵՄ անդամակցության հեռանկար։ Սակայն մենք հասկանում ենք, որ դա կարևոր է, և դա պետք է լինի ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով։ Մյուս կողմից` այսքան խնդիրների շարքում ԱլԳ-ն առաջնահերթություն չէ ԵՄ-ի համար, պարզապես ԵՄ-ն բաց է համագործակցության համար. եթե այս երկրները ցանկանում են, որ ԵՄ-ն կհամագործակցի նրանց հետ։ Այդ ամենի վառ օրինակը Հայաստանն է։ Հայաստանը ԵՏՄ անդամակցությունից հետո ցանկացավ ունենալ հարաբերությունների նոր մակարդակ ԵՄ-ի հետ, նոր համաձայնագիր` Ասոցացման համաձայնագրի փոխարեն, կունենա դա, այսինքն` մենք բաց ենք։

– Օրերս ԵՄ-ն Եվրոպական հանձնաժողովին Հայաստանի հետ բանակցելու մանդատ տվեց ու, ըստ տեղեկությունների` այդ բանակցությունները կմեկնարկեն տարեվերջին։ Ըստ Ձեզ` կա՞ն երաշխիքներ, որ Հայաստանը կստորագրի այդ փաստաթուղթը, հաշվի առնելով անցյալի փորձը։

– Սովորաբար նման երաշխիքներ գտնելը դժվար է։ Սակայն, կարծում եմ, որ կողմերը փակել են այդ էջը և հստակ գիտեն, թե ինչպիսի ապագա են ցանկանում։ Նոր համաձայնագիրը չի հակասելու Հայաստանի եվրասիական պարտավորություններին, բայցև փորձելու է պահպանել Հայաստանի հետ արդեն իսկ ձեռքբերվածը, բանակցությունների ընթացքում այդ ամենը վերջնական տեսք կստանա։ Հայաստանը և Եվրոպական միությունը նոր էջ են ձևավորում, ես երջանիկ եմ, որ Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները Երևանում ստորագրեցին համաձայնագիր, քննարկեցին առևտրային հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցեր։ Սա այն պահն է, երբ ճգնաժամից հետո իրական հեռանկար եմ տեսնում և վստահ եմ, որ երկու կողմն էլ տեսնում է այդ հնարավորությունը։

– Ձեր գնահատմամբ` որքա՞ն ժամանակ կպահանջի նոր համաձայնագրի մշակումը։

– Կարծում եմ` ոչ երկար, քանի որ Հայաստանն ու Եվրոպական միությունը երկար բանակցություններ են վարել Ասոցացման համաձայնագրի համար։

– Նոր համաձայնագիրը, վստահաբար, չի ունենա Ասոցացման համաձայնագրի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու հատվածը, նոր համաձայնագրից այս տեսանկյունից ի՞նչ կարելի է ակնկալել։

– Ես մշտապես կրկնել եմ, որ առևտրաշրջանառությունը և հարաբերությունների տնտեսական բաղադրիչը կարևոր է հատկապես Հայաստանի և Եվրոպական միության միջև, քանի որ Հայաստանի առևտրաշրջանառության մեծ մասը Եվրոպական միության հետ է։ Կարծում եմ` տնտեսության այն հատվածներում, որոնք չեն հակասում ԵՏՄ-ին, Հայաստանն ու ԵՄ-ն կունենան համագործակցություն։

Տեսանյութեր

Լրահոս