ՌԴ-ն ու ԱՊՀ երկրները պայմանավորվել են ձևավորել ուժային խմբավորում արտաքին սահմանները պաշտպանելու համար
ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողովում Ռուսաստանն ու ԱՊՀ երկրները պայմանավորվել են ձևավորել ուժային խմբավորում «արտաքին սահմաններին ճգնաժամային իրավիճակի» առաջացման դեպքում: Պատճառը, ինչպես հայտնում է Reuters-ը, Աֆղանստանից եկող անհանգստացնող լուրերն են արմատական իսլամիստների ակտիվացման մասին:
Ինչպես հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև ԱՊՀ երկրների՝ Հայաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզըստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի նախագահները, Մոլդովայի ԱԳՆ ղեկավարի տեղակալը, ուկրաինացի դիվանագետը Բուրաբայ հանգստավայրում քննարկել են «անվտանգության ապահովման ու իրավակարգի հարցեր»:
Գագաթաժողովում, մասնավորապես, որոշում է կայացվել ձևավորել «ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ ու այլ գերատեսչությունների խմբավորումներ՝ ուղղված արտաքին սահմանների ճգնաժամային վիճակի կարգավորմանը (չեզոքացմանը)»:
Քաղաքական գործիչների խոսքով՝ Աֆղանստանից ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան կոալիցիայի ուժերի հեռանալուց հետո Կենտրոնական Ասիային լուրջ վտանգ կսպառնա, քանի որ այդ երկրների կառավարությունները կարող են դառնալ ուլտրաարմատական իսլամիստների հարձակման թիրախ:
Հիշեցնենք, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողովը բացվել է այսօր Ղազախստանում: