
Պուտինը մտավախություն ունի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ԱՊՀ երկրները պետք է համաձայնեցված արձագանքեն ահաբեկիչների՝ Աֆղանստանից Կենտրոնաասիական տարածաշրջան ներխուժելու փորձերին:
Պուտինն այս մասին հայտարարել է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողովում, որն այսօր բացվել է Ղազախստանում, տեղեկացնում է LifeNews-ը:
«Իրավիճակը իսկապես մոտ է ճգնաժամայինին: Ահաբեկիչները ավելի մեծ ազդեցություն են ձեռք բերում ու չեն թաքցնում հետագա էքսպանսիայի պլանները: Ահաբեկիչների նպատակներից մեկը Կենտրոնաասիական տարածաշրջան ներխուժելն է: Կարևոր է պատրաստ լինել համաձայնեցնել արձագանքը նման սցենարի դեպքում»,- ընդգծել է ՌԴ նախագահը:
Դրա հետ միասին, Պուտինն ընդգծել է, որ ԴԱԻՇ-ի շարքերում կռվում են Ռուսաստանից ու ԱՊՀ-ից հազարավոր զինյալներ: Նրա խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ նրանք վերադառնան տուն ու կիրառեն Սիրիայում ձեռք բերած փորձը:
«Ցանկանում եմ ընդգծել մեր համագործակցության շրջանակում միջազգային ահաբեկչությանը հակազդելու համագործակցության արդիականությունը: Տարբեր գնահատականների համաձայն՝ ԴԱԻՇ-ի կողմից արդեն կռվում է 5-7 հազար մարդ Ռուսաստանից ու ԱՊՀ տարբեր երկրներից: Կարևոր է ուշադիր հետևել ԱՊՀ արտաքին սահմանների մոտ տիրող վիճակին: Ես չեմ կարող չհամաձայնել Ուզբեկստանի նախագահի հետ, ով անհանգստությամբ է խոսում Աֆղանստանում ձևավորվող իրավիճակի մասին»,- ասել է Պուտինը: