Swatch-ը ներկայացրել է ժամացույցներ, որոնց օգնությամբ կարելի է վճարումներ կատարել
Շվեյցարական Swatch Group-ը Չինաստանում ներկայացրել է նոր էլեկտրոնային ժամացույցներ, որոնց օգնությամբ կարելի է վճարումներ կատարել:
Swatch Bellamy ժամացույցները, ի տարբերություն Apple-ի ու մյուս արտադրողների«խելացի ժամացույցների», չեն միանում սմարթֆոններին ու չունեն ինտերնետին միանալու հնարավորություն, սակայն հագեցած են միկրոչիպերով՝ անլար կապի համար, որը նման է բանկային քարտերի չիպերին:
Ժամացույցների արժեքը, որոնք կվաճառվեն Չինաստանում հաջորդ տարվա հունվարին, կկազմի 91 դոլար: Ժամացույցն այլ շուկաներում կհայտնվի ավելի ուշ:
Որպեսզի վճարային համակարգն աշխատի, Swatch-ը համագործակցելու է China UnionPay-ի և Bank of Communication պետական բանկի հետ:
Պատասխանելով հարցին, թե ինչու է շվեյցարական ընկերությունը նորույթը ներկայացնում Չինաստանում, այլ ոչ թե Շվեյցարիայում, ընկերության ղեկավար Նիկ Հայեքը նշել է, որ «իմանալով շվեյցարական բանկերը, նոր տեխնոլոգիայի ներդրման համար հարկավոր են ամիսներ, անգամ տարիներ»:
Չինաստանում 2014 թվականին բջջային վճարումների ծավալն ավելացել է 134 տոկոսով և հասել է 3,6 տրիլիոն դոլարի: