ԱՄՆ-ը գիտեր Ասադին ռազմական օգնություն ցուցաբերելու Ռուսաստանի պլանների մասին. Օբամա
ԱՄՆ-ը գիտեր այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցուցաբերել ռազմական օգնություն, այդ իսկ պատճառով ԴԱԻՇ-ի դեմ ռուսական ռազմական ավիացիայի օպերացիան Վաշինգտոնի համար անսպասելի չէր, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան CBS հեռուստաընկերության «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում:
«Մենք ունենք բավական լավ հետախուզություն: Մենք հսկողություն ենք իրականացնում: Մենք գիտեինք, որ Պուտինը պատրաստվում է ռազմական աջակցություն ցուցաբերել, որի կարիքն ունի Ասադը, քանի որ ռուսները անհանգստանում էին ռեժիմի հնարավոր կոլապսի առնչությամբ»,- ասել է Բարաք Օբաման՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք իմացել է Ռուսատանի հնարավոր գործողությունների մասին Նյու Յորքում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես կարծում է Օբաման, ռուսական ռազմավարությունը Սիրիայում հաջողություն չի ունենա ու այն փաստը, որ ՌԴ-ն որոշել է տարածաշրջան ուղարկել ռազմական ավիացիա, դրա ինդիկատորն է:
Օբամայի կարծիքով՝ ԴԱԻՇ-ի դեմ հաղթանակ չի գրանցվի այնքան ժամանակ, քանի Բաշար Ասադը զբաղեցնում է իր պաշտոնը:
«Քանի դեռ Ասադն իշխանության ղեկին է, շատ դժվար է ժողովրդին ստիպել կենտրոնանալ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա»,- հայտարարել է ամերիկացի նախագահը:
Դրա հետ միասին, Օբաման ընդունել է սիրիական ընդդիմությանը մարզելու ու նախապատրաստելու ամերիկյան ծրագրի տապալումը:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել աջակցել չափավոր ընդդիմությանը, որը պայքարում է Ասադի դեմ, սակայն չի պատրաստվում ռազմական օպերացիա վարել Սիրիայում: