Գերմանիայում Volkswagen-ի կենտրոնակայանում խուզարկություն է անցկացվել
Գերմանացի դատախազները խուզարկություն են կատարել Վոլֆսբուրգում Volkswagen կոնցեռնի կենտրոնակայանում գործի հետաքննության շրջանակում, որը կապված է դիզելային ավտոմեքենաների արտանետումների հետ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Volkswagen-ի ղեկավար Մայքլ Հորնը պետք է ելույթ ունենա ամերիկյան Կոնգրեսի առաջ: Նախօրեին նա խոստովանել է, որ անցած տարեսկզբին գիտեր 4-մխոցանի դիզելային շարժիչներով ավտոմեքենաների հետ կապված խնդիրների մասին: Սակայն, ըստ նրա, ինքը մեքենաների ծրագրային ապահովման մանիպուլյացիաների մասին իմացել է միայն վերջին մի քանի շաբաթում:
Այս մասին ասվում է նրա հայտարարության տեքստում, որը նա պետք է անի ամերիկացի օրենսդիրների առաջ: Գերմանացի դատախազները սկսել էին իրենց հետաքննությունn անցած շաբաթ այն բանից հետո, երբ ստացել էին մոտ մեկ տասնյակ բողոք քաղաքացիներից ու մեկը՝ հենց կոնցեռնից:
Volkswagen-ի ներկայացուցիչներն ասում են, որ փորձում են պարզել, թե ով է մեղավոր ենթադրյալ մանիպուլյացիաներում ու թե ինչպես են դրանք անցկացվել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի կեսին Volkswagen-ին բռնեցրել էին ԱՄՆ-ում դիզելային ավտոմեքենաների արտանետումների չափերը կեղծելու մեջ:
Պարզվել է, որ ինչպես Volkswagen-ի ավտոմեքենաների, այնպես էլ կոնցեռնի մուս ստորաբաժանումների մեքենաների վրա, ինչպիսիք են, օրինակ՝ Audi-ն, Skoda-ն, Seat-ը կամ Porsche-ն, տեղադրվել են սարքեր, որոնք ստուգման ժամանակ նվազեցրած են ցույց տվել մթնոլորտն աղտոտող գազերի արտանետման իրական ծավալները:
Գերմանական ավտոարտադրողի ղեկավարությունն ավելի ուշ խոստովանել է, որ գաղտնի ծրագրով, որը թույլ է տալիս շրջանցել էկոլոգիական նորմերը, կարող է հագեցած լինել շուրջ 11 մլն դիզելային շարժիչով ավտոմեքենա:
Սկանդալի ֆոնին ավտոարտադրողի գլխավոր տնօրեն Մարտին Վինտերկորնը հրաժարական էր ներկայացրել: