«ԲՀԿ տարածքային կառույցը դիմել է ԲՀԿ քաղխորհրդին՝ քննարկելու Էլինար Վարդանյանի ԲՀԿ շարքերում մնալու նպատակահարմարության հարցը»

«Յուրաքանչյուր նստաշրջանից առաջ մենք ռոտացիոն կարգով վերանայում ենք միջազգային պատվիրակություններում մեր պատգամավորների ներկայացվածությունը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում խոսելով խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հայաստանյան պատվիրակություններից հանելու՝ ԲՀԿ խմբակցության որոշման մասին, այս մասին ասաց խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նա նկատեց, որ ինքը դուրս է եկել ֆրանկոֆոնիայի վեհաժողովից, Միքայել Մելքումյանը դուրս եկավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության պատվիրակությունից: Նրա խոսքով՝ իրենք պետք է հնարավորություն տան իրենց պատվիրակության մյուս պատգամավորներին ևս հանդես գալ միջազգային կազմակերպություններում. «Կարծում եմ՝ սա նորմալ ընթացակարգ է»:

ԲՀԿ խմբակցության ղեկավարը հերքեց, թե այսպիսով պատժում են երկու պատգամավորներին՝ հոկտեմբերի 5-ին սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը չմասնակցելու համար, բայց նաև ասաց, որ իրենք ունեն ներկուսակցական խնդիր:

Խոսելով Էլինար Վարդանյանի այն հայտարարության մասին, որ որևէ մեկն իրեն չի հրավիրել խմբակցության նիստին, որտեղ քննարկվել է իր հարցը, Ն. Զոհրաբյանն ասաց. «Դա իրականությանը չի համապատասխանում: Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը երկու օր շարունակ զանգահարել է և՛ Էլինար Վարդանյանին, և՛ Ստեփան Մարգարյանին, բայց նրանք չեն պատասխանել: Բացի դրանից՝ մեր հարգարժան գործընկերները տևական ժամանակ՝ փետրվարից սկսած, որևէ առնչություն չեն ունեցել խմբակցության աշխատանքի հետ: Իսկ Էլինար Վարդանյանը, ով կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, չի մասնակցել կուսակցության աշխատանքներին: Ըստ ԲՀԿ կանոնադրության՝ կուսակցության տարածքային կառույցը դիմել է ԲՀԿ քաղխորհրդին՝ քննարկելու Էլինար Վարդանյանի՝ կուսակցության շարքերում մնալու նպատակահարմարության հարցը»:

 

Տեսանյութեր

Լրահոս