
«Երիտասա՛րդ, ես ժամանակին համաձայնություն եմ տվել, որ ձեզ ուղարկեն ԱՄՀ սովորելու». Հրանտ Բագրատյանը՝ Ներսես Երիցյանին

Այսօր ԱԺ նիստում ՀՀ ԿԲ 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթում դժգոհեց, որ ԿԲ հաշվետվությունը ներկայացնում է դրա փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի փոխարեն:
Նա անդրադարձավ երկու խնդրի, որ Ն.Երիցյանը խեղաթյուրել է: Նախ՝ Երիցյանը փորձում էր սովորեցնել, թե Բագրատյանի առաջարկած դրամի զանգվածի ավելացումը կբերի ինֆլյացիայի. «Հին ու նոր տնտեսագիտություն եք սովորեցնում: Երիտասա՛րդ, ես ժամանակին համաձայնություն եմ տվել, որ ձեզ ուղարկեն ԱՄՀ սովորելու, ձեզ էլ, Վաչե Գաբրիելյանին էլ, ընտրել ենք՝ ուղարկել ենք Բոստոն: Հասկանո՞ւմ եք, մի հատ հաշիվ տվեք Ձեզ՝ ինչ եք խոսում ընդհանրապես: Ոչ ոք չի ասում՝ գնա դրամ տպի: Բա կարելի՞ է, ասում է, դրամի զանգվածի հետ խաղալ: Բա դու ինչի՞ ես խաղում, բա դու ինչո՞ւ անցյալ տարի դրամի վրա դրեցիր 24% հարկ: Ինչո՞ւ բռնեցիր բանկերի վրա դրեցիր 30 մլրդ դրամ կանոնադրական կապիտալը: Բանկը 10 մլն է ուզում վարկավորի, թող 1 մլն կանոնադրական կապիտալ ունենա, թող Շամշադինում ֆիլիալ ունենա»:
Ըստ Բագրատյանի՝ բանկերի կանոնադրական կապիտալի ավելացումը նպատակ ունի կենտրոնացնել կապիտալը, որպեսզի վերահսկումը հեշտանա: Հ. Բագրատյանը նշեց, որ եթե չկա ՀՆԱ-ի մինչև 40-50% ՓՄՁ, ապա տնտեսությունը չի զարգանում, բոլորը մոնոպոլիա է, և այս պետությունը հեռանկար չունի:
«Դրամի զանգվածը կարելի է թուլացնել, դա ձեր գործառույթն է, դուք դա չեք էլ ուզում մտածել, գիտե՞ք ինչի՞, որովհետև ոչ թե չգիտեք, այլ ձեր հետույքը տաք բազկաթոռ է գտել, դուք չեք էլ ուզում մի հատ ձեզ իրար տաք, չարչարվեք»,- ասաց Հ.Բագրատյանը՝ նշելով, որ բանկերը մի կոպեկ փող չեն տալիս բյուջեին, չկա բիզնես, որ վնասաբեր չլինի:
Նախկին վարչապետի խոսքով՝ պետական պարտքը պետք է մեծացնել ներքին պարտքի հաշվին, այդ դեպքում շահույթը կգնա տնտեսություն:
«Մենք դեռ շատ բան պիտի սովորեցնենք, մինչև կյանքներիս վերջն էլ պետք է սովորեցենք, էդպես էլ չսովորեցիք: Մենք ասում ենք մինչև 7% գնաճը նորմալ է, մի քիչ գնաճ պետք է, որ տնտեսության կառուցվածքը փոխվի»,- ասաց Հ. Բագրատյանը՝ օրինակ բերելով, որ լողավազանում մի դույլ կեղտոտ ջուր լցվելու դեպքում պետք է մաքուր ջուր ավելացնել, որ քչանա կեղտը այդ լողավազանում:
Նա մեջբերեց Երիցյանի խոսքը, թե բանկային ոլորտը 1.9 մլրդ դոլարի ներդրում է արել 5 տարում վարկերի ձևով, և հայտարարեց, որ տնտեսության 5 տարվա ՀՆԱ-ն 55 մլրդ է, ու դրա միայն 4%-ն են վարկ տվել. «Եթե նորմալ տնտեսություն լիներ 5% աճով, վարկերը պետք է 12 մլրդ լինեին: Սովորաբար 10% ՀՆԱ չափ եթե ներդնում ես, 3% աճ ես ունենում ու դրա 70% բանկերն են տալիս: Հիմա ասում է, թե բա տեսեք բանկերն ինչ են արել: Աչքիդ թայն են հանել: ԿԲ-ն էլ վերցրել է կոշիկն, ընկել է դրամի հետևից, ասում է՝ դրամ ունես՝ շտրաֆ, տույժ: Մեկը խանութում դրամի փոխարեն ցենտով հաց ծախի, կգնաք, կբռեք: Է, եթե շատ ես մտածում դրամի մասին, դա էլ ենք առաջարկել՝ վերացրեք դոլարով վարկավորումը, այ դա կլինի պետություն: Չեմ հասկանում ինչո՞ւ եք բերել էս հաշվետվությունը»:
Հ. Բագրատյանը նշեց, որ 2007 թ-ին տնտեսությունը փակել ենք 11 մլրդ 700 մլն դոլարով, անցած տարի՝ 10 մլրդ 500 մլն դոլար, իսկ 2008-ից 2014 թիվը ՀՀ է եկել 14 մլրդ դոլար փող. «Բա պետության մեջ 14 մլրդ փող մտնի ու տնտեսությունը 11 մլրդից դառնա 10.5 մլրդ ու էս հիմնարկը ունենա խոսելու տե՞ղ: Սրանք պաշտոնական թվեր են: Ես ամաչում եմ, որ էս հիմնարկը կա՝ մի 30-40 հատ պադավատի ավտոներով, քարտուղարուհիներով: Խաղ եք անո՞ւմ էս պետության հետ: Ո՞նց կարող է էս պետությունը առաջ գնալ ու մի օր չպարտվի, թեկուզ պատերազմում»: