Վեճ բառերի մասին. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի այսօրվա խմբագրականում Արամ Աբրահամյանը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների թեմայի նշանակությունն, իմ կարծիքով, փոքր-ինչ ուռճացված է: Քաղաքական շրջանակներում եւ համացանցում մարդիկ իրար դեմ քարոզչական սրեր են ճոճում, առօրյա կյանքում, սակայն, սովորական մարդկանց մտահոգությունները հեռու են այդ թեմայից: Մեծամասնությունը դժգոհ է իր վիճակից եւ ցանկանում է, որ գան «բարի իշխանություններ», որոնք այդ վիճակից իրենց կհանեն, բարձր աշխատավարձ կտան եւ կվերադարձնեն օտարության մեջ գտնվող իրենց հարազատներին: Մի կարեւոր հանգամանք էլ՝ նրանք ասպարեզում եղած գործիչներին չեն տեսնում «բարի իշխանների» դերում եւ բազմաթիվ բողոքները շարադրելուց հետո հարց են տալիս՝ «բա որ այսինչը գա, յանի լա՞վ կլինի»:

Այդ ֆոնի վրա ընթանում է բավականին վերացական բանավեճ այն մասին, թե ում է ներկա կամ ապագա Սահմանադրությունը հնարավորություն տալիս նստել այս կամ այն աթոռին, կամ ում քաղաքական մենաշնորհն է պահպանվելու թղթի վրա գրված տեքստի միջոցով: Բանավեճը վերացական է այն պարզ պատճառով, որ Հայաստանում իրադարձությունները զարգանում են, մեղմ ասած, ոչ այնպես, ինչպես գրված է այս կամ այն տեքստում: Մինչեւ 1997 թվականի աշունը ոչ ոք չէր կասկածում ՀՀՇ-ի քաղաքական մենաշնորհին: Բայց այն վերացավ եւ փոխվեց այլ մենաշնորհներով ոչ թե այն պատճառով, որ Սահմանադրությունն էր այդ հնարավորությունը տալիս, այլ որովհետեւ այն ժամանակվա վարչապետը, պաշտպանության նախարարը ու ՆԳ եւ ԱԱ նախարարը որոշեցին պաշտոնանկ անել նախագահին: Սահմանադրությունը խիստ նախագահական էր (ոմանք ասում էին նույնիսկ՝ «բռնապետական»), այն լիակատար հնարավորություն էր տալիս նախագահին պաշտոնանկ անել իր դեմ ըմբոստացածներին: Բայց գրվածը մի բան է, իրականը՝ բոլորովին այլ: Իրականն այն էր, որ նախագահը չէր կարող առանց իրավիճակի ծայրահեղ սրման ազատվել այդ պաշտոնյաներից»:

Տեսանյութեր

Լրահոս