Ամենահիշարժան փաստաթուղթը ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի կողմից

ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայտարարությունը ԱԺ-ում.

«Օրեր առաջ ԵԽԽՎ աշնանային հերթական նստաշրջանը ավարտեց իր աշխատանքները: Հերթական մեկ շաբաթ, երբ Հայաստանի պատվիրակությունը ներկայացավ Եվրոպային իր հետևողական աշխատանքով, կառուցողական առաջարկություններով, դիտողություններով, փաստաթղթերով, իր ելույթներով և հանձնաժողովներում ակտիվ աշխատանքով:

Մեր հերթական կոչերը՝ ուղղված ԵԽԽՎ գործիքները ծառայեցնելու 49 անդամ պետություններում ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության տարածման և, ինչը շատ կարևոր է, այլատյածության, բռնությունների, ատելության տարածման բացառման ԵԽԽՎ բարձր առաքելության կատարմանը: Մեզ ուղղված հերթական սին և անհիմն մեղադրանքներ հարևան պետության ներկայացուցիչների կողմից, մեր պատվիրակության կողմից հերթական սուր և բովանդակային հակադարձ: Իբրև Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության աներկբա գոյության ապացույց՝ ադրբեջանական ծափահարություններ հայաստանյան ընդդիմության ելույթին: Հերթական լարված աշխատանքային շաբաթ հանձնաժողովներում և հերթական փաստաթղթեր, որոնց մենք միանում ենք ի շահ մեր պետության:

Սակայն այս ամենին չէ, որ ցանկանում եմ հրավիրել ձեր ուշադրությունը: Այս շաբաթ թերևս ամենահիշարժան փաստաթուղթն եղավ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի կողմից ընդունված հայտարարությունը, որը կցանկանայի ներկայացել մեր հանրությանը:

Եվ այսպես.
«Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունում է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների առաջընթացը, որն իրականացվել է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ: Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝ արդյունքում ստացվել է միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ փաստաթուղթ:

Հանձնաժողովը նաեւ ողջունում է այն փաստը, որ սահմանադրական փոփոխություններն ընդունվելու են հանրաքվեով: Այն կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին՝ մասնակցելու հանրաքվեին եւ դրա մասը կազմող խորհրդակցություններին:

Հանձնաժողովը նշում է, որ առաջարկվող բարեփոխումներում որոշ հարցեր քաղաքականապես վիճելի են, եւ դրանց շուրջ հայաստանյան հասարակության մեջ թեժ քննարկումներ են տեղի ունենում: Քաղաքական համակարգի ընտրության հարցը Հայաստանի քաղաքացիների գործն է, եւ միայն նրանք են որոշում ընդունելու առաջիկա հանրաքվեի ժամանակ, ուստի հանձնաժողովը կոչ է անում քաղաքական բոլոր շահագրգիռ կողմերին՝ ապահովել, որպեսզի հանրաքվեն անցկացվի ժողովրդավարական ամենաբարձր չափանիշների համաձայն»:

Սա ևս մեկ անգամ փաստում է, որ սահմանադրական բարեփոխումների ուղին տրամաբանորեն հիմնավորված է և տանում է դեպի բարձր ժողովրդավարության հաստատում»:

 

Տեսանյութեր

Լրահոս