Ինչու քննիչը Վահան Մարտիրոսյանից չի վերցնել ճամփորդական անձնագիրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեն Վահան Մարտիրոսյանից երկրից չհեռանալու մասին ստորագրություն է վերցրել, սակայն նրա անձնագիրը չի պահել քննչականում՝ պատճառաբանելով, թե անձնագիր վերցնելը ենթադրում է նրան զրկել իր մի շարք իրավունքներից, քանի որ իրավասու մարմնի կողմից դեռեւս չի հաստատվել անձնագրի փոխարեն անձը հաստատող այլ փաստաթղթի տրամադրման կարգը։ Ըստ ամենայնի, քննչական կոմիտեում հին ու բարի ժամանակներ են, երբ ՀՀ-ում գործում էր ընդամենը մեկ անձնագիր՝ ե՛ւ ճամփորդական, ե՛ւ ներքին գործածության համար։ Եվ, ահա, այս առիթով ՀՀ ոստիկանության ՀԿԼՎ պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ «2012 թվականի հունիսի 1-ից ՀՀ-ում ներդրվեց նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգ, որի նպատակներից մեկը նաեւ այն է, որ Հանրապետությունից դուրս գալու սահմանափակում կիրառված լինելու դեպքում անձը հավաստող փաստաթուղթ ունենալու իրավունքն ապահովելու նպատակով քաղաքացուն տրամադրվի նույնականացման քարտ։

«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքով կասկածյալի կամ մեղադրյալի նույնականացման քարտը վերցնելու վերաբերյալ դրույթ նախատեսված չէ։ Այսինքն՝ այն համարվելով ՀՀ քաղաքացու ինքնությունը եւ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ՝ նախատեսված է միայն ՀՀ տարածքում օգտագործելու համար, լիարժեք ստեղծում է բոլոր հնարավորություններ՝ ՀՀ տարածքում ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իրավունքները իրացնելու համար այն դեպքերում, երբ պահանջվում է անձը հավաստող փաստաթուղթ»։

Այսինքն՝ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննիչ Գարիկ Ստեփանյանը հանգիստ կարող էր Վահան Մարտիրոսյանից վերցնել ճամփորդական անձնագիրը, որպեսզի երկրից դուրս չգար, իսկ երկրի ներսում Վահանը կարող էր գործարքներ անել նույնականացման քարտով։ Եթե անգամ չուներ, կարելի էր պարտադրել նրան՝ նորը ստանալ։ Սակայն չի արվել, քանի որ վախեցել է Վահան Մարտիրոսյանի ակտիվությունից։ Դա էլ թերեւս թերթ չկարդալու եւ լրատվամիջոցներին չհետեւելու ավանդույթի արդյունքն է։ Եվ հիմա ունենք ազգային խայտառակություն, որը չենք կարողանալու ջնջել անգամ օրենսդրական ամենաիդեալական փոփոխությամբ, որն առաջարկել է կոմիտեն»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս