«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը՝ սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին

ԿԱՐԾԻՔ
սահմանադրական փոփոխությունների նախատեսվող հանրաքվեի՝ միջազգային ստանդարտներին անհամապատասխանության վերաբերյալ

2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշում է կայացրել ՀՀ սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին և ստեղծել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Մասնագիտական հանձնաժողովը մշակել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Դրանք ներկայացվել են նաև Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով), որն էլ 2014 թ. սեպտեմբերին ներկայացրել իր կարծիքը ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, իսկ 2015 թ. օգոստոսին և սեպտեմբերին՝ նախնական կարծիքը ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծի առանձին գլուխների վերաբերյալ: ՀՀ սահմանադրական փոփոխությունների տեքստի վերջնական և ավարտուն տարբերակը հրապարակվել է 2015 թ. օգոստոսի 21-ին՝ ներկայացվելով ՀՀ ազգային ժողով: Նախագիծը ներկայումս խորհրդարանական քննարկման փուլում է, իսկ հանրաքվեն, ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի սկզբին:

ՀՀ սահմանադրությունում առաջարկվող փոփոխություններն ընդգրկում են հարցերի լայն շրջանակ, և բացի 1-ից և 2-րդ հոդվածներից մյուս բոլոր հոդվածներում կլինեն փոփոխություններ, ինչը հիմք է տալիս փոփոխությունների առաջարկն ավելի շուտ որակել որպես նոր սահմանադրություն, քան փոփոխություն: Եվ որ ամենակարևորն է, առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է փոխել երկրի կառավարման համակարգը՝ կիսանախագահականից անցնել կառավարման խորհրդարանական համակարգի, ամրապնդել և կայուն դարձնել մեծամասնության իշխանությունը խորհրդարանում, արմատապես փոխել զսպումների և հակակշիռների մեխանիզմը, վերացնել պետության որոշ խիստ կարևոր պատարտականություններ և թուլացնել պետության դերը մարդու մի շարք իրավունքների պաշտպանության հարցում:

Չնայած երկրի կառավարման համակարգը փոխելու քաղաքական որևէ նախադրյալների կամ հանրային պահանջի բացակայությանը, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության բազմաթիվ խմբերի ու իրավունքի ոլորտի փորձագետների կտրուկ անհամաձայնությանը՝ իշխանությունների կողմից արագացված և ագրեսիվ կերպով առաջ է մղվում հանրաքվեի անցկացումը: Այդ ամենը, բնականաբար, հիմք են տալիս համոզվելու, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են գործող նախագահի՝ իշխանությանը մնալու ցանկությունը բավարարելու նպատակով՝ հաշվի առնելով, որ 2018թ.-ին լրանումն է նրա 2-րդ պաշտոնավարման ժամկետը, և նույն անձը չի կարող երրորդ անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում: Սահմանադրական փոփոխությունները նրան հնարավորություն կտան շարունակել առաջնորդի իր դերակատարությունը ՀՀ ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի պաշտոնում, ինչպես նաև ապահովել իր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մենաշնորհային իշխանությունը:

Լուրջ մտահոգություններ կան, որ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները գործել են շահերի բախման իրավիճակում, քանի որ ինն անդամներից վեցն անմիջականորեն կախված են նախագահ Սերժ Սարգսյանից: Ավելի կոնկրետ՝ հանձնաժողովի անդամներից երկուսը ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կողմից ղեկավարվող՝ իշխող ՀՀԿ անդամներ են (մեկը նաև ընգրկված է ՀՀԿ խորհրդում և ՀՀԿ գործադիր մարմնում): Երկուսը ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցներ են և պաշտոնավարում են նախագահ Ս. Սարգսյանի անմիջական վերահսկողության ներքո: Հանձնաժողովի մեկ այլ անդամ ղեկավար պաշտոն է զբաղեցնում Երևանի պետական համալսարանում, որի կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն է: Հանձնաժողովի անդամներից է նաև ՀՀ գլխավոր դատախազը, որն իր պաշտոնում ընտրվել է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի առաջադրմամբ ԱԺ-ի կողմից, որտեղ խորհրդարանական մեծամասնություն է կազմում ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը՝ ՀՀԿ-ն: Ուստի, միանգամայն բնական է, որ տվյալ հանձնաժողովի կողմից առաջարկվող բարեփոխումներն ավելի շուտ նախագծված են ծառայելու գործող նախագահի, քան ժողովրդի ու հասարակության շահերին:

Չնայած, որ շարունակվում են քննարկումները ՀՀ սահմանադրական փոփոխությունների տարբեր ասպեկտների և, մասնավորապես, մարդու իրավունքների և ժողովրդավարության տեսանկյունից դրանց հետևանքների վերաբերյալ՝ մենք կարծում ենք, որ առաջարկվող հանրաքվեն բացարձակապես անընդունելի է հետևյալ հիմնավորումներով՝

  • Առաջին, այն թելադրված չէ որևէ օբյեկտիվ անհրաժեշտությամբ, օրինակ՝ քաղաքական ճգնաժամով կամ հանրային պահանջով, որ կարողանար արդարացնել կառավարման համակարգի նման շուտափույթ փոփոխությունը: Եթե չկան օբյեկտիվ նախադրյալներ, նման հակասական փոփոխության շուրջ պետք էր առնվազն ծավալել համապարփակ ու երկարատև խորհրդակցություն քաղաքական ու քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցությամբ՝ հանգելու ընդհանուր կոնսենսուսի և հիմնավոր փաստարկման, ինչը տեղի չի ունեցել: Փոփոխությունների ամբողջական տեքստի հրապարակումից հետո Հայաստանի հասարակությանը փաստացիորեն ընդամենը 2 ամիս է հատկացված պետության մայր օրենքի փաստաթղթի վերաբերյալ արձագանք ներկայացնելու համար:
  • Երկրորդ, սահմանադրական հանրաքվեն վիճակված է անցկացնել վստահության բացակայության պայմաններում, երբ առնչվող հարցումների արդյունքում՝ կանանց ընդամենը 13%-ը, իսկ տղամարդկանց 12%-ն է հավատում ընտրությունների ազնվությանը, իսկ քաղաքացիների մոտ 81%-ը նշել է, որ «բոլորովին չի վստահում» և «ավելի շուտ չի վստահում» սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Մինչդեռ իրական ժողովրդավարական երկրում պետության հիմնադիր փաստաթուղթը կարող է արմատական փոփոխությունների ենթարկվել միայն իշխանությունների ու նրանց նախաձեռնությունների նկատմամբ բարձր վստահություն ունենալու պարագայում: Եթե չկա վստահություն, հարցականի տակ է դրվում ցանկացած գործընթացի և ցանկացած արդյունքի լեգիտիմությունը:

Ի հավելումն իրավիճակի վերաբերյալ վերոնշյալի ՝ նախատեսվող հանրաքվեն չի համապատասխանում նաև հանրաքվեի միջազգային չափանիշներին, ինչը սահմանված է Վենետիկի հանձնաժողովի Հանրաքվեների անցկացման լավ /պրակտիկայի վերաբերյալ կանոնագրքով (անգլ.` Code of Good Practice on Referendums)՝ ելնելով ստորև նկարագրված պատճառներից.

Համընդհանուր ընտրական իրավունքի ապահովման ձախողում

Համընդհանուր ընտրական իրավունքը ներկայումս չի ապահովվում և երաշխավորված չէ նաև նախատեսվող հանրաքվեի ժամանակ: Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ ներկայումս բնակվում են երկրից դուրս՝ ուսում ստանալու, ժամանակավոր աշխատանքի կամ այլ նպատակներով: Օրենքը նրանց հնարավորություն չի տալիս իրենց ներկա բնակության վայրերում քվեարկելու, չնայած այն «մեծահոգաբար» նման մեխանիզմ ապահովում է երկրի դիվանագիտական կորպուսի և հայաստանյան ընկերությունների արտասահմանյան ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքների համար: Այսպիսով, պետության հիմնադիր փաստաթղթում արմատական փոփոխությունները նախատեսվում է անցկացնել առանց դրա քաղաքացիների մի ստվար զանգածի պատշաճ մասնակցության և ձայնի:

Թեպետ Վենետիկի հանձնաժողովի՝ հանրաքվեի անցկացման ուղենիշներում սույն չափանիշը համարվում է ընդամենը «ցանկալի», այն վճռորոշ է դառնում էապես նոր սահմանադրության ընդունման պարագայում, իսկ դրա ապահովման ձախողումը կարող է ճակատագրական լինել պետության համար՝ ժողովրդավարության տեսանկյունից:

Ընտրողների ռեգիստրի արժանահավատության ապահովման ձախողում

Ընտրողների ռեգիստրը պարբերաբար և մշտապես չի թարմացվում՝ կանոնագրքի ուղենիշների համաձայն: Այն, որպես կանոն, հրապարակվում է ընտրությունից ընտրություն և, ընդհանուր առմամբ, արժանահավատ չէ: Մասնավորապես, վերջին համապետական ընտրությունները բացահայտել են բազմաթիվ անհամապատասխանություններ, որոնք հարցականի տակ են դնում ընտրությունների լեգիտիմությունն ու արդյունքները: Օրինակ՝ 2013թ. նախագահական ընտրություններում ընտրողների ցուցակներում տարօրինակորեն բացակայում էին ավելի քան 49,000 անձանց ծննդյան տարեթվերը, 6,300 անձինք չունեին հաշվառման հասցե, ավելի քան 10,700 հասցեներում գրանցված էր10-ից ավելի բնակիչ, որոնցից 52-ում՝ ավելի քան 50, իսկ 17-ում՝ 100-700 բնակիչ: Ավելի քան 220 համայնքներում գրանցված էր մասնակցության չափից դուրս բարձր մակարդակ՝ 80, 90, անգամ 100 %-ից ավել:

Տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից հետագա ճշգրտումները բացահայտել են, որ առնվազն 10 համայնքում, որտեղ 90%-ից ավելի մասնակցություն է գրանցված եղել, մասնակիցների թվերն անհարկի ուռճացվել են:

Վերոնշյալ փաստերը, ինչպես նաև ընտրացուցակների անհամապատասխանության մասին քաղաքացիների մի շարք հաշվետվություններում տեղ գտած տեղեկատվությունը պատշաճ չի քննվել և ՀՀ ոստիկանության կողմից չի ուղղվել՝ չնայած բազմաթիվ խոստումներին և ցուցադրական ջանքերին: Նման պրակտիկան կասկածի տակ է դնում ՀՀ իշխանությունների ցանկությունը իսկապես շտկելու ընտրացուցակների հետ կապված անհամապատասխանությունը:

Հավասար ընտրական իրավունքների ապահովման ձախողում

Հավասար ընտրական իրավունքները խախտվել են վերջերս կայացած գրեթե բոլոր ընտրություններում, և որևէ մտադրություն չի նկատվում փոխելու բացահայտված խախտումների պրակտիկան: Ընտրացուցակների վերոնշյալ անճշտություններով և բացակա ընտրողների մեծ քանակով պայմանավորված՝ առկա են բազմակի քվեարկության լայն հնարավորություններ և փաստացի պրակտիկա, մասնավորապես՝ արտերկրում բնակվող անձանց փոխարեն քվեարկությունը: Բազմիցս ապացուցվել է, որ վերահսկողության կոսմետիկ մեխանիզմը, ինչպիսին անձնագրերում դրոշմակնիքներ դնելն է, անօգուտ է, քանի որ օգտագործված թանաքը արագ ցնդում է կամ հեշտությամբ մաքրվում: Դրոշմակնիքներ դնելը անիմաստ է դարձել նաև նույնականացման քարտերի ներմուծմամբ, որոնք չունեն հասցեի վերաբերյալ գրառում և հնարավորություն չեն տալիս դրոշմակնիքներ դնել:

Բազմակի քվեարկությունը կանխելուն միտված քաղաքացիների վերահսկողությունն արդյունավետ չէ, քանի որ տվյալների ճշգրտելու և/կամ ապացույցի ձեռքբերման նպատակով լուսանկարելու համար ստորագրված ընտրացուցակները խստորեն «պաշտպանվում» են դիտորդների աչքից: Իսկ լրացուցիչ անձնագրերի բաժանմանը, նույն անձնագրով բազմակի քվեարկությանը կամ այլ անձանց փոխարեն քվեարկությանը վերաբերող փաստերը պատշաճ կերպով չեն հետապնդվում իրավապահ մարմինների կողմից՝ դրանով իսկ ապացուցելով այն փաստը, որ բազմակի քվեարկույունը կազմակերպված և հովանավորվող պրակտիկա է Հայաստանում:

Հավասար հնարավորությունների ապահովման ձախողում

Լրատվամիջոցների հասանելիության հավասար հնարավորություն չի ապահովվում, և օրենսդրությամբ ամրագրված սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ արտահայտվողների քարոզչության լուսաբանման հավասար հնարավորություն չի ստեղծվում: Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողները ընդդիմադիր կուսակցություններն են ու քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպություններն ու խմբերը, որոնց համար ավանդաբար սահմանափակված է հիմնական լրատվամիջոցների, ներառյալ հանրային հեռուստատեսության ու ազգային մասնավոր հեռարձակողների մատչելիությունը, քանի որ օրենքը խիստ պահանջ չի դնում, որ նրանք ևս ներգրավված լինեն հարցերի քննարկումներում: Ելնելով այն հանգամանքից, որ առաջատար հեռուստաընկերությունները գտնվում են կառավարամետ վերնախավի ընդհանուր վերահսկողության տակ և Հայաստանի բնակչության շուրջ 80%-ի համար տեղեկատվության հիմնական աղբյուր շարունակում է մնալ հեռուստատեսությունը,   սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ այլընտրանքային մոտեցումների ու փաստարկների հանրությանը հասու լինելու և նրա կարծիքի վրա ազդելու հնարավորությունը վրա չնչին է: Ըստ էության, տրամադրվող հանրային ֆինանսավորման ու հաղորդակցության ռեսուրսները հիմնականում ուղղվում են «Այո» կարծիքի քարոզչությանը՝ արտահայտելով իշխանությունների դիրքորոշումը:

ՀՀ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսների ոչ միայն սահմանափակում են ԶԼՄ-ների մատչելիությունը, այլև խոչընդոտում միավորման, հավաքների և արտահայտման ազատությունները: Մասնավորապես, իշխանությունները ճնշում են գործադրել մասնավոր հյուրանոցային բիզնեսի վրա, որ խափանեն «Ոչ»-ի քարոզչության մեկնարկն ու կուսակցությունների ու ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիայի ստեղծումը:

Տեղական իշխանություններն ու բիզնեսը մի շարք խոչընդոտներ են ստեղծել 2015 թ. սեպտեմբերի 24-ին Գյումրիում ընդդիմադիրների հավաքի կազմակերպման համար (օրինակ՝ ահաբեկել են Երևանից Գյումրի մասնակիցներ տեղափոխող ավտոբուսի վարորդներին, անջատել են էլեկտրականությունը), ինչն ակնհայտորեն հրահրված է տեղական իշխանությունների կողմից, ինչը նոր և անծանոթ պրակտիկա չէ: 2015 թ. հոկտեմբերի 2-ի համար պլանավորված երթը թույլատրվել է Երևանի քաղաքապետի կողմից՝ այն սահմանափակմամբ, որ այն ընթանա միայն մայթերով: Ակտիվիստներին բերման են ենթարկել ոստիկնական բաժանմունք՝ փողոցներում «Ոչ»-ի գրաֆիտիներ անելու համար, մինչդեռ նույն մարմինների կողմից այլ բովանդակությամբ տեքստերի գրաֆիտի և նկարներ անելը խրախուսվում է:

Ընտրողների՝ կարծիք ձևավորելու ազատության ապահովնան ձախողում

Քանի որ Հայաստանում իշխում է կիսակոնսոլիդացված ավտորիտար վարչակարգ, որի ղեկավարը նախագահ Ս.Սարգսյանն է, վերջինիս՝ սահմանադրական փոփոխությունների հիմնական ջատագով լինելու հանգամանքը ազդում է այդ հարցում իշխանությունների չեզոքության վրա: Ընտրությունների և հանրաքվեների ժամանակ վաղուց արդեն ավանդույթ դարձած և անպատժելիության պայմաններում գործող վարչական ռեսուրսի չարաշահման ու հեռարձակող լրատվամիջոցների վերոհիշյալ միակողմանի լուսաբանման պայմաններում ոտնահարվում է ընտրողների՝ անկախ կարծիք ձևավորելու ազատությունը: Սահմանադրական փոփոխությունների նախագծին կից չկա Վենետիկի հանձնաժողովի ուղենիշների համաձայն մշակված որևէ բացատրական զեկույց՝ հավասարապես տարածելու նաև տվյալ փաստաթղթի վերաբերյալ ընդդիմադիր տեսակետներ:

Եվ ամենակարևորը. նախագահ Ս.Սարգսյանը 2015 թ. փետրվարին անձամբ մեկնարկեց հարձակումներով և ահաբեկմամբ ուղեկցվող մի արշավ սահմանադրական փոփոխությունների նկատմամբ ընդդիմադիր կեցվածք որդեգրած երկրորդ ամենամեծ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ, որն արդյունքում լքեց կուսակցության և խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնն ու հեռացավ քաղաքականությունից: Այդ արշավը ծառայեց որպես նախազգուշացում ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, այնպես էլ այլ կուսակցությունների անդամների համար, հուշելով որ սահմանադրական փոփոխությունների նկատմամբ ակտիվ ընդդիմադիր դիրքորոշումը կարող է վտանգել նրանց տնտեսական ու անձնական բարեկեցությունը: Մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սահմանադրական փոփոխությունների նկատմամբ դիրքորոշման ներկայիս արմատական փոփոխությունն ակնհայտորեն փաստում է, որ նախագահ Ս. Սարգսյանի նախաձեռնած ահաբեկման ակտը պսակվել է հաջողությամբ:

Ընտրողների՝ ազատ կամարտահայտման և կեղծիքի դեմ պայքարի ապահովման ձախողում

Շատ դեպքերում ընտրողների ազատ կամարտահայտումը չի ապահովվում քվեարկության բուն ընթացակարգերով: Սովորական երևույթ են վարչական ռեսուրսի անպատիժ օգտագործումը, ընտրակաշառքը, ընտրատեղամասի ներսում ու դրանից դուրս կուտակումներն ու անկարգությունները, քվեարկության գործընթացի ղեկավարումը չլիազորված ու հաճախ «կրիմինալ» անձանց կողմից, ընտանիքով քվեարկությունները քվեախցում, բաց քվեարկությունները, «օգնության կարիք ունեցող» ընտրողների չափազանց մեծ թիվը, որոնք պատշաճ ընթացք չեն ստանում համապատասխան մարմինների կողմից: Ընտրական «կարուսելը», ապօրինի հասցեներով քվեարկությունները, քվեատուփերի լցոնումները ոչ միայն դիտարկվել, այլև փաստվել են ստացված և օգտագործված քվեաթերթիկների ու ընտրողների ստորագրությունների քանակի միջև անհամապատասխանություններով:

Վարչական, դատական և իրավապահ մարմիններին ուղղված դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների բազմաթիվ բողոքներ անտեսվում են և ընտրախախտողներն ու ընտրակեղծարարները գործում են համատարած անպատժելիության մթնոլորտում: Չկա որևէ դեպք, երբ իշխող կուսակցության հետ առնչություն ունեցող օրինախախտները պատժված լինեն ապօրինությունների համար:

Մարդու իրավունքների նկատմամբ ընդհանուր հարգանքի բացակայություն

Երկրում չի դրսևորվում պատշաճ հարգանք մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ: Ըստ «Ֆրիդոմ Հաուսի»-ի՝ ժողովրդավարության ցուցանիշը Հայաստանում 5.36 է: Հավաքների ազատությունը բացահայտորեն խախտվում է, երբ քաղաքական խոցելի խնդիրներ են շոշափվում: Երկրի ներսում տեղաշարժման ազատությունը խոչընդոտվում է քաղաքական մեծ հանրահավաքների ընթացքում՝ կասեցնելու մայրաքաղաքում ցուցարարների թվի մեծացումը: Հանրահավաքների ակտիվ մասնակիցները հաճախակի ենթարկվում են ծեծի և հետապնդվում ոստիկանության կողմից: Բազմաթիվ դեպքերում նրանց դեմ գործերը քննվում են վարչական դատարանում և երկարատև դատավարության վերջում քաղաքացիները պատասխանատվության են ենթարկվում՝ «ոստիկանության օրինական պահանջին» չենթարկվելու համար տույժ վճարելու պահանջով: Ոչ մի ոստիկան չի պատժվում ապօրինի գործողությունների համար, չնայած որոշ վճիռներով ճանաչել են քաղաքացիների իրավունքների ոտնահարումներ: Ոչ մի պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել կեղծված ընտրությունների դեմ Երևանում 2008 թ. մարտի 1-2-ին անցկացվող խաղաղ ցույցի ժամանակ զինուժի ապօրինի կիրառմամբ բռնությունների զոհ դարձած 10 քաղաքացիների սպանության համար:

Նման անպատժելիությունն առաջացնում է անվստահություն և կասկած, թե նույն սցենարը կարող է կրկնվել ցանկացած ժամանակ, հատկապես հաշվի առնելով, որ զինված ուժերի օգտագործումը ներքին քաղաքական հարաբերություններում, ըստ էության, օրինականացվել է 2012 թ. մարտի 21-ին ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով, ինչը փաստացիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության նորմերին:

Հանրաքվելի մասին օրենքի կայունության բացակայություն

Սահմանադրության փոփոխության հանրաքվեն ծրագրված է անցկացնել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի հիմնարար ասպեկտների (այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների և ընդդիմախոսների համար հանրային հեռարձակող լրատվամիջոցներից օգտվելու վերաբերյալ դրույթներ) փոփոխություններից կարճ ժամանակ անց: ՀՀ ազգային ժողովը 2015 թ. հունիսի 10-ին ներկայացրել է «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները (ուժի մեջ են մտել 2015 թ. հուլիսի 18-ին), որով լայնացվել է հանրաքվեի մասնակիցների շրջանակը, մանրամասնվել է քարոզչության կազմակերպիչների շրջանակը, կանոններ են սահմանվել հանրաքվեի կողմնակիցների և ընդդիմախոսների քարոզչության մասնակցության համար: Բացի այդ՝ օրենքում արված փոփոխությունները վերացրել են հանրաքվեի քարոզչության վրա դրված ժամանակային սահմանափակումները՝ մեծացնելով ցանկացած ժամանակ քարոզչություն կազմակերպելու հնարավորությունը:

Հանրաքվեի մասին օրենքի նման անկայունությունը ստեղծել է անհավասար հնարավորություններ սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների և հակառակորդների համար, քանի որ նախագահ Ս. Սարգսյանը և իր թիմը, ըստ էության, իրենց քարոզչությունը սկսել են 2013 թ. սեպտեմբերից, մինչդեռ այլ խմբերին նոր է ընձեռվել քվեարկելու և քարոզչություն կազմակերպելու հնարավորություն:

Անկողմնակալ մարմնի կողմից հանրաքվեի կազմակերպման ապահովման ձախողում

Սահմանադրական հանրաքվեն կազմակերպող պետական մարմինը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, որի անկողմնակալությունը կասկածահարույց է: Նույն ղեկավարություն ունեցող և հիմնականում նույն անդամներից բաղկացած սույն մարմինը ներգրավված է եղել 2012 թ. ՀՀ ազգային ժողովի և 2013թ. նախագահական սկանդալային ընտրություններում, որոնց վերաբերյալ խախտումները նկարագրված են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցներում: Չնայած դրան, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից ոչ մեկը երբեք պատասխանատվության չի ենթարկվել կամ պաշտոնապես քննադատության չի արժանացել ընտրությունների որակի համար: Ըստ ընտրական օրենսգրքի՝ հանձնաժողովի բոլոր անդամները նշանակվել են նախագահ Ս. Սարգսյանի կողմից՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ, և նրանց լիազորությունները կարող են դադարեցվե ՀՀ նախագահի պահանջով Վարչական դատարանի կողմից, որի բոլոր դատավորները ևս նշանակվել են ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կողմից և ենթակա են  պաշտոնիցազատման նրա կողմից:

Ակնհայտ է, որ ներկա կիսաավտորիտար վարչակարգի պայմաններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զգալիորեն կախված է ՀՀ նախագահից և, հաշվի առնելով վերջինիս կոնկրետ շահը խնդրո առարկա սահմանադրական հանրաքվեում, չի կարող մնալ անկողմնակալ:

Հանրաքվեի դիտորդության արդյունավետ ապահովման ձախողում

Դիտորդներն օժտված են խիստ սահմանափակ լիազորությամբ ընտրությունների ժամանակ խախտումներ բացահայտելիս: Չնայած դիտորդության համար օրենքով ամրագրված ընդհանուր ազատությանը, նրանց թույլ չի տրվում դիտարկել և փաստեր հավաքել հայաստանյան ընտրությունների կեղծման գլխավոր գործիքի՝ ընտրացուցակների վերաբերյալ: Ստորագրված ընտրացուցակներում ստորագրությունները ճշտելու կամ լուսանկարներ անելու ջանքերը՝ ապացուցելու համար, որ բազմակի ընտրություն է կատարվել, դատապարտված են ձախողման, քանի որ տեղամասային ընտրական հանձնաժողովները խիստ զգոն են «պաշտպանելու» ստորագրված ընտրացուցակները դիտորդներից և դիտորդների կողմից նշված խախտումները չեն գրանցվում:

Փաստական ապացույցի հավաքման խոչընդոտները սահմանափակում են դիտորդների հնարավորությունները խախտումների դեմ բողոքելու վարչական, դատական և իրավապահ մարմիններում: Բացի դրանից, ընտրությունները/հանրաքվեն դիտարկող կազմակերպությունների արդարադատության մատչելիության ապահովումը հետևողականորեն խախտվում է՝ հիմնավորելով, թե հասարակական կազմակերպությունները պատշաճ հայցվոր չեն և չեն կարող իրենց դիտորդների անունից դիմում ներկայացնել, հետևաբար նաև պաշտպանել նրանց իրավունքները:

Բողոքարկման արդյունավետ համակարգի ապահովման ձախողում

Ընտրությունների բողոքարկման համակարգը, որը գործում է նաև հանրաքվեների համար, արդյունավետ չէ: Տեղական հասարակական կազմակերպությունների բողոքներն ուղղված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ և կենտրոնական ընտրական հանձնաժողով քննության չեն առնվում ձևական սխալների պատճառներով: ՀՀ նախագահական ու ՏԻՄ ընտրություններին դիտորդների կամ այլոց իրավունքների խախտման և քվեարկության ընթացակարգը խախտելու փաստերով շուրջ 100 բողոքից ոչ մեկը 2013թ.-ից առ այսօր պատշաճ ուշադրության չի արժանացել: Դատարանները նույնպես մերժում են այդ բողոքնների ոչ պատշաճ քննության դեմ բերված համապատասխան հայցերը:

Բացի նշված մարմինների կողմից ակնկալվող սահմանափակումներից, նախատեսվող հանրաքվեի ժամանակ սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների և ընդդիմադիրների համար բողոքարկելու և արդարադատության մատչելիության հարցերով հավասար հնարավորություններ չեն ընձեռվի նաև ՀՀ սահմանադրական դատարանի մակարդակով՝ պայմանավորված զուտ այն հանգամանքով, որ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ղեկավարն է և ինտենսիվորեն ներգրավված է առաջարկվող փոփոխությունների քարոզչության մեջ՝ անձամբ Հայաստանի մարզեր այցելելով և հանդիպումներ անցկացնելով տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Ուստի, հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերի լուծման համար պատասխանատու բարձրագույն և միակ դատական մարմինը, որի ղեկավարը սահմանադրական փոփոխությունների հեղինակներից և ամենաակտիվ քարոզիչներից մեկն է, ակնհայտորեն չի կարող ապահովել դատավարության կողմերի նկատմամբ անկողմնակալ վերաբերմունք և վեճերի պատշաճ լուծում:

Հատկանշական է, որ վերը թվարկած հիմնախնդիրներից շատերը այս կամ այն կերպ արտացոլվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դիտորդության զեկույցներում՝ հանձնարարելով փոփոխություն կատարել Հայաստանի ընտրական օրենսդրության մեջ: Ենթադրաբար, այդ հանձնարարականները կարող էին դրական փոփոխություն մտցնել ընտրական գործընթացներում, այնուամենայնիվ Հայաստանի իշխանությունները 2013թ.-ից առ այսօր դրանց չեն անդրադարձել: Քանի որ նախատեսվող հանրաքվեն հիմնականում անցկացվելու է ՀՀ ընտրական օրենսգրքով, ակնհայտ է, որ արմատացած վատ պրակտիկան կկրկնվի և և հանրաքվեն չի անցկացվի ավելի բարձր մակարդակով, քան վերջին սկանդալային խորհրդարանական ու նախագահական ընտրությունները:

Մենք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում, այսինքն՝ պետության հիմնադիր և հիմնական իրավական ակտում փոփոխություններ կարելի է կատարել միայն այն դեպքում, երբ վերոնշյալ հիմնախնդիրները լուծում ստանան, և լավ պրակտիկայի համապատասխան չափանիշները բավարարվեն ու ժողովուրդը վստահի հանրաքվեի գործընթացի ազնվությանն ու դրա արդյունքների լեգիտիմությանը:

Ինչպես բազմաթիվ անգամներ քննարկվել է իշխանությունների հետ, քաղաքացիների վստահությունը շահելու նվազագույն, բայց առավել անհրաժեշտ քայլը կարող է լինել ստորագրված ընտրացուցակների հրապարակումը՝ այնպես, որ յուրաքանչյուր ոք ի վիճակի լինի ստուգել ներկայումս երկրից բացակայող իր ծանոթ անձանց մասնակցությունը և վստահի արդյունքների ազնվությանը: Սակայն, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իրավական ոլորտի փորձագետների այս առաջարկությունը՝ հիմնավորելու իրենց իսկ ազնվությունը արժանացել է իշխանությունների համառ և թշնամական ընդդիմությանը՝ խորացնելով մտահոգությունները և իրականում ապացուցելով, որ ընտրացուցակներն իսկապես իշխանությունների համար ծառայում են որպես ընտրությունների արդյունքները կեղծելու ամենակարևոր գործիք:

Միջազգային կազմակերպությունները, որոնց առաքելությունը Հայաստանում և տարածաշրջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների խթանումն է, չպետք է հանդուրժեն նկարագրված իրավիճակում սահմանադրական հանրաքվեի անցկացումը՝ անկախ առաջարկվող տեքստի բովանդակությունից: Իր հերթին, «փոփոխությունների» տեքստը չպետք է համապատասխան կառույցների և փորձագետների կողմից գնահատվի որպես զուտ գրվածք՝ կտրված քաղաքական իրողությունից ու վերը հիշատակված վնասարար ավանդույթներից, և չպետք է անտեսվի ակնկալվող ակնհայտ հետընթացը՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության չափանիշներով: Այս կազմակերպությունները և, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովը, պետք է զգուշավոր լինեն՝ ոգեշնչված արտահայտություններ անելով աննշան բարելավումների և իշխանությունների հետ արդյունավետ համագործակցության վերաբերյալ կամ ողջունելով հանրային քննարկումների ու քաղաքական աջակցության իմիտացիան: Ընդունելով և ճանաչելով այսպիսի գործընթացը, այս միջազգային կազմակերպությունները վտանգում են իրենց պրոֆեսիոնալ հեղինակությունն ու անկողմնակալությունը և անշուշտ կիսելու են Հայաստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության վիճակի վատթարացման պատասխանատվությունը՝ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնող նախագահ Սերժ Սարգսյանի և իր թիմակիցներին հետ:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության և Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) անդամ է և ունի ավելի քան 10 տարվա փորձ՝ դիտարկելու ընտրական գործընթացները Հայաստանում:

Տեսանյութեր

Լրահոս