Զինվոր սիրելը դարձել է մոդա. սահմանամերձ Բաղանիսի գյուղապետ. yerkir.am
Վերջին մեկ ամսում հակառակորդի խոցման թիրախում էին Տավուշի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչները: Բացի գյուղերի ուղղությամբ սովորական դարձած կրակահերթերից, ադրբեջանական կողմը գործի էր դրել խոշոր տրամաչափի զենքեր ու հրետակոծության էր ենթարկում այն բնակավայրերը, որոնք նախկինում քիչ, թե շատ անվտանգ էին: Սահմանին առկա լարվածության, գյուղերում տարածված ստահոդ լուրերի, Էրեբունի-Երևան տոնակատարության համար նախատեսված գումարը սահմանամերձ գյուղերին հատկացնելու նախաձեռնության և այլ հարցերի վերաբերյալ yerkir.am-ը զրուցել է Տավուշի սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանի հետ:
– Ներկայումս ի՞նչ վիճակ է Բաղանիսում և հարակից սահմանային գյուղերում:
– Արդեն 4-րդ օր է` գիշերները սահմանի մեր հատվածում հանգիստ են անցնում: Կոնկրետ մեր գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան: Գյուղացիների շրջանում անհանգստությունը որոշակիորեն նվազել է, բայց անորոշությունը նույնն է:
– Օրերս լուրեր տարածվեցին, որ Տավուշի մի քանի սահմանամերձ գյուղերի համար ադրբեջանցիները հակահայկական քարոզչություն են իրականացնում, մասնավորապես` բարձրախոսներով հայերեն լեզվով առաջարկում են անցնել Ադրբեջանի տարածք: Ի՞նչ կասեք այդ մասին:
– Այո, նման բան եղել է, հատկապես` սահմանին շատ մոտ գտնվող գյուղերում: Դա նրանց հերթական սադրանքն է, այդ կերպ փորձում են գյուղացիների վրա ազդել: Մեր գյուղի սահմանին, եթե անգամ հայտարարեին էլ, չէր լսվի:
– Այսօր ոմանք թերահավատորեն են վերաբերվում 18 տարեկանում բանակ զորակոչվածներին: Սահմանամերձ գյուղերում ինչպիսի՞ն է վստահությունը զինվորների նկատմամբ:
– Արիստոտելն ասել է, որ յուրաքանչյուր ավագ սերունդ ապագան չի վստահում կրտսեր սերնդին, բայց իրականում պետք է երիտասարդ սերնդին վստահել և էստաֆետը հանձնել անկախության սերնդին: Վստահ եմ, որ անկախության սերունդն այնքան է կայացած, որ ի վիճակի է շատ հոգսեր վերցնել իր վրա: Վստահորեն կարող եմ փաստել, որ երրորդ հանրապետության ամենակայացած կառույցը մեր բանակն է, քանի որ այն անձի շուրջ չի ստեղծված, այլ՝ գաղափարի: Այսօր բանակի դերը հասարակության մեջ օր օրի բարձրանում է, և դա ողջունելի է: Բայց մի բան էլ կա: Զինվոր սիրելն այսօր դարձել է մոդա, ես չէի ցանկանա այդպես լիներ, ես չէի ցանկանա` զինվորին ձևական սիրեն, ես կուզեմ` մեր զինվորին գիտակցաբար սիրենք՝ փոքր երեխայի օրինակով: Եթե այսօր զինվորն առաջին գծում կանգնում է, իր թիկունքում մեզ՝ գյուղացիներիս է տեսնում: Այդքանը բավարար է նրա համար, որ մեր կյանքը 18 տարեկան զինվորին վստահենք:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: